Ղուկաս 14։1-35

  • Ջրգողությամբ տառապող մարդը բուժվում է Շաբաթ օրը (1-6)

  • Հյուր կանչվելիս համեստ եղիր (7-11)

  • Հրավիրիր նրանց, ովքեր չեն կարող փոխհատուցել (12-14)

  • Պատրվակ բերող հյուրերի մասին առակը (15-24)

  • Ինչ գնով են դառնում Հիսուսի աշակերտ (25-33)

  • Համը կորցրած աղը (34, 35)

14  Մի Շաբաթ օր Հիսուսը ճաշի գնաց փարիսեցիների առաջնորդներից մեկի տուն: Ներկաները ուշադիր հետևում էին նրան:  Այնտեղ մի մարդ կար, որը ջրգողությամբ էր տառապում:*  Հիսուսը Օրենքի գիտակներին և փարիսեցիներին հարցրեց. «Ճիշտ կլինի՞ Շաբաթ օրով բուժում անել, թե՞ ոչ»:+  Բայց նրանք լուռ մնացին: Հիսուսը դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ճանապարհ դրեց:  Ապա հարցրեց նրանց. «Եթե որևէ մեկիդ որդին կամ ցուլը Շաբաթ օրը ջրհորն ընկնի,+ մի՞թե անմիջապես դուրս չեք հանի նրան»:+  Եվ նրանք չկարողացան պատասխան տալ:  Դրանից հետո, նկատելով, որ հրավիրվածները ամենապատվավոր տեղերն են ընտրում,+ Հիսուսն ասաց նրանց.*  «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը:+ Գուցե քեզնից ավելի պատվարժան մեկն էլ հրավիրված լինի:  Այդ ժամանակ հրավիրողը կգա ու քեզ կասի. «Տեղդ այս մարդուն զիջիր»: Եվ դու ամոթով վեր կկենաս ու կգնաս ամենավերջին տեղը կնստես: 10  Այլ երբ քեզ հրավիրում են, գնա ու նստիր ամենացածր տեղը, այդ դեպքում հրավիրողը կգա ու քեզ կասի. «Բարեկա՛մս, եկ ավելի լավ տեղ նստիր»: Եվ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ:+ 11  Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+ 12  Հետո դիմելով իրեն հրավիրողին՝ Հիսուսն ասաց. «Երբ ճաշի կամ ընթրիքի սեղան ես գցում, մի՛ կանչիր ընկերներիդ, եղբայրներիդ, ազգականներիդ կամ հարուստ հարևաններիդ, որովհետև գուցե նրանք էլ քեզ հրավիրեն, և այդպիսով քո արածը կփոխհատուցվի: 13  Այլ երբ ճաշկերույթ ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, կաղերին, կույրերին և ուրիշ հաշմանդամների,+ 14  և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք քեզ փոխհատուցելու ոչինչ չունեն: Աստված էլ կվարձատրի քեզ արդարների հարության ժամանակ»:+ 15  Դա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երանի՜ նրան, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»: 16  Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց+ ու շատերին հրավիրեց: 17  Երբ արդեն ընթրիքը սկսելու ժամն էր, նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, ամեն ինչ պատրաստ է»: 18  Սակայն բոլորն էլ սկսեցին պատրվակ բերել ու հրաժարվել:+ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ տեսնեմ: Կներես, չեմ կարող գալ»: 19  Մյուսն ասաց. «Ես հինգ զույգ լծկան անասուն եմ գնել, գնում եմ աշխատեցնեմ, որ տեսնեմ՝ ոնցն են: Կներես, չեմ կարող գալ»:+ 20  Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել, դրա համար չեմ կարող գալ»: 21  Ծառան եկավ ու նրանց ասածները հաղորդեց տիրոջը: Տանտերը բարկացավ ու ծառային ասաց. «Հենց հիմա գնա քաղաքի գլխավոր փողոցներն ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, կույրերին, կաղերին և մյուս հաշմանդամներին»: 22  Որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, արեցի, բայց դեռ տեղ կա»: 23  Տերն էլ ասաց ծառային. «Քաղաքից դուրս արի և ճանապարհներին ում որ տեսնես, համոզիր ու բեր այստեղ: Թող գան, որ տունս լցվի:+ 24  Ասում եմ ձեզ. այն առաջին հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»:+ 25  Հետո երբ Հիսուսը ճանապարհ ընկավ, նրա հետ մարդկանց մեծաթիվ խմբեր էին գնում: Նա շրջվեց ու ասաց նրանց. 26  «Ինձ մոտ եկողներից նա, ով չի սիրում ինձ առավել, քան իր հորն ու մորը,* կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին և իր իսկ կյանքը,+ նա չի կարող իմ աշակերտը լինել:+ 27  Ով չի ուզում տանել իր տանջանքի սյունը* և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել:+ 28  Չէ՞ որ եթե ձեզանից որևէ մեկը ցանկանա աշտարակ կառուցել, նախ կնստի ու կհաշվի ծախսը, որ տեսնի՝ բավականաչափ միջոցներ ունի՞ ավարտին հասցնելու համար: 29  Այլապես հիմքը կգցի, բայց գուցե չկարողանա մինչև վերջ կառուցել, և բոլոր տեսնողները կսկսեն ծաղրել նրան 30  ու կասեն. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»: 31  Կամ ո՞ր մի թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմի գնալիս նախ չի նստի և իր խորհրդատուների հետ ծանրութեթև անի, թե իր 10 000-անոց զորքով կկարողանա՞ հակառակորդի 20 000-անոց զորքի դեմ դուրս գալ: 32  Եթե տեսնի, որ չի կարող, քանի դեռ հակառակորդը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղության բանակցություններ կսկսի: 33  Այսպիսով հաստատ իմացեք. ով պատրաստ չէ հրաժարվել իր ողջ ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել:+ 34  Ինչ խոսք, աղը լավ բան է: Բայց եթե կորցնի իր համը, այլևս հնարավոր չի լինի վերականգնել այն:+ 35  Այդպիսի աղը ոչ մի բանի պիտանի չէ, անգամ պիտանի չէ հողին կամ գոմաղբին խառնելու համար:* Ուստի մարդիկ այն դուրս կթափեն: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «այտուց ուներ»: Հեղուկի ավելցուկային կուտակում մարդու մարմնում:
Բռց.՝ «օրինակ բերեց նրանց համար»:
Բռց.՝ «ով չի ատում իր հորն ու մորը»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Այսինքն՝ որպես պարարտանյութ: