Ղուկաս 15։1-32

  • Կորած ոչխարի օրինակը (1-7)

  • Կորած արծաթադրամի օրինակը (8-10)

  • Կորած որդու մասին առակը (11-32)

15  Բոլոր հարկահավաքներն ու մեղսագործները գալիս էին Հիսուսի մոտ, որ լսեն նրան:+  Իսկ փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները* փնթփնթում էին. «Այս մարդը բարյացակամ է մեղսագործների հանդեպ և հաց է ուտում նրանց հետ»:  Ուստի Հիսուսը նրանց համար օրինակ բերեց.  «Եթե ձեզնից որևէ մեկը 100 ոչխար ունենա և մեկին կորցնի, մի՞թե 99-ին չի թողնի արոտավայրում* և չի գնա ու փնտրի կորածին, մինչև որ գտնի:+  Եվ երբ գտնի, կուրախանա և ուսերին դրած՝ կտանի:  Իսկ տուն գալով՝ կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացեք ինձ հետ, ես գտել եմ իմ կորած ոչխարին»:+  Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում մեկ զղջացող մեղսագործի համար ավելի մեծ ուրախություն կլինի,+ քան 99 արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն:  Կամ եթե մի կին տասը արծաթադրամ* ունենա և մեկը կորցնի, մի՞թե չի վառի ճրագը, ավլի տունը և ուշադիր փնտրի, մինչև որ գտնի այն:  Եվ երբ գտնի, կկանչի իր ընկերուհիներին ու հարևանուհիներին և կասի. «Ուրախացեք ինձ հետ, ես գտել եմ իմ կորցրած արծաթադրամը»: 10  Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակներն են ուրախանում մեկ զղջացող մեղսագործի համար»:+ 11  Հիսուսը շարունակեց. «Մի մարդ երկու որդի ուներ: 12  Կրտսերն ասաց. «Հա՛յր, տուր ժառանգության ինձ հասանելիք բաժինը»: Եվ հայրը իր երկու որդիներին տվեց իրենց հասանելիքը: 13  Մի քանի օր անց կրտսեր որդին հավաքեց իր ունեցածն ու ճանապարհ ընկավ մի հեռավոր երկիր: Այնտեղ նա, ցոփ ու շվայտ կյանք վարելով, վատնեց իր ունեցվածքը: 14  Երբ արդեն ամեն ինչ ծախսել էր, այդ երկրում սաստիկ սով սկսվեց, և նա կարիքի մեջ հայտնվեց: 15  Ուստի ստիպված աշխատանքի մտավ այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ, որը նրան ուղարկեց իր դաշտերը՝ խոզերին պահելու:+ 16  Նա փափագում էր իր քաղցը հագեցնել եղջերենու* պատիճներով, որոնցով խոզերին էին կերակրում, բայց նույնիսկ դա չէին տալիս նրան: 17  Հետո կրտսեր որդին խելքի եկավ ու ասաց. «Հորս վարձու աշխատողները առատ ուտելիք ունեն, իսկ ես այստեղ սովից մեռնում եմ: 18  Վեր կենամ գնամ հորս մոտ ու ասեմ. «Հա՛յր, ես մեղք եմ գործել Աստծու* դեմ ու քո դեմ: 19  Էլ արժանի չեմ քո որդին կոչվելու: Ինձ ընդունիր որպես վարձու աշխատող»»: 20  Եվ այսպես՝ նա վեր կացավ ու գնաց հոր մոտ: Հայրը դեռ հեռվից տեսավ նրան, ու կարեկցանքից սիրտը ճմլվեց: Վազելով որդուն ընդառաջ՝ գրկեց նրան* ու համբուրեց: 21  Որդին ասաց. «Հա՛յր, ես մեղք եմ գործել Աստծու դեմ ու քո դեմ:+ Էլ արժանի չեմ քո որդին կոչվելու»: 22  Բայց հայրը կարգադրեց ծառաներին. «Շո՛ւտ արեք, բերե՛ք ամենալավ հագուստը ու հագցրե՛ք նրան, ձեռքին մատանի՛ դրեք և ոտքերին սանդալնե՛ր հագցրեք: 23  Այն պարարտ հո՛րթն էլ բերեք մորթեք: Եկեք ուտենք-խմենք ու նշենք որդուս վերադարձը, 24  որովհետև որդիս մեռած էր, բայց հիմա կյանքի է եկել,+ կորած էր, բայց գտնվել է»: Եվ բոլորը սկսեցին ուրախանալ: 25  Իսկ ավագ որդին դաշտում էր: Երբ արդեն վերադառնում էր, տանը մոտենալով՝ երաժշտության ու պարի ձայներ լսեց: 26  Ծառաներից մեկին կանչեց ու հարցրեց, թե ինչ առիթ է: 27  Ծառան պատասխանեց. «Եղբայրդ է եկել: Հայրդ էլ, տեսնելով, որ նա ողջ-առողջ վերադարձել է, մորթել է պարարտ հորթը»: 28  Ավագ որդին զայրացավ և չուզեց ներս մտնել: Այդ ժամանակ նրա հայրը դուրս եկավ ու սկսեց աղերսել, որ ներս գա: 29  Իսկ որդին ասաց. «Այսքան տարի է՝ ծառայում եմ քեզ և ոչ մի անգամ քո ասածներին դեմ չեմ գնացել, բայց դու երբևէ ինձ մի ուլ անգամ չես տվել, որ ընկերներիս հետ վայելեմ: 30  Մինչդեռ հենց եկավ քո այդ որդին, որը մարմնավաճառների հետ վատնեց ունեցվածքդ, դու նրա համար պարարտ հորթը մորթեցիր»: 31  Հայրն էլ ասաց. «Որդի՛ս, դու միշտ ինձ հետ ես, և իմ ողջ ունեցածը քոնն է: 32  Իսկ եղբայրդ մեռած էր, բայց հիմա կյանքի է եկել, կորած էր, բայց գտնվել է, դրա համար էլ չենք կարող չուրախանալ ու չնշել նրա վերադարձը»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «անապատում»:
Բռց.՝ «դրախմա»: Տես հավելված Բ14:
Մշտադալար ծառ, որը քաղցր սերմեր է տալիս:
Բռց.՝ «երկնքի»:
Բռց.՝ «նրա վզովն ընկավ»: