Ղուկաս 16։1-31

  • Անազնիվ տնտեսի մասին առակը (1-13)

    • «Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ» (10)

  • Օրենքը և Աստծու թագավորությունը (14-18)

  • Հարուստ մարդու և Ղազարոսի մասին առակը (19-31)

16  Հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ մի տնտես ուներ, որին մեղադրեցին այն բանում, որ խնայողաբար չի տնօրինում տիրոջ ունեցվածքը:  Ուստի այդ հարուստ մարդը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին: Քո բոլոր գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրու. դու այլևս չես վարելու իմ տնտեսությունը»:  Տնտեսն էլ մտածեց. «Ի՞նչ եմ անելու, երբ տերս ինձ գործից հեռացնի: Դաշտում աշխատելու ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ:  Հա՜, իմացա՝ ինչ անեմ, որ երբ տնտեսի գործից զրկվեմ, մարդիկ ինձ ընդունեն իրենց տուն»:  Նա տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ կանչեց իր մոտ: Առաջին եկածին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը»:  Նա պատասխանեց. «Հարյուր մար* ձիթապտղի յուղ»: Նրան ասաց. «Վերցրու քո պարտաթուղթը, նստիր և հենց հիմա գրիր՝ 50»:  Հաջորդ եկածին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք»: Նա էլ ասաց. «Հարյուր քոռ* ցորեն»: Տնտեսն ասաց. «Վերցրու քո պարտաթուղթը և գրիր՝ 80»:  Ու թեև տնտեսը անարդար էր, տերը նրան գովեց հնարամտության համար: Այս աշխարհի* մարդիկ իրենց սերնդակիցների հետ գործ ունենալիս ավելի հնարամիտ են, քան Աստծու ծառաները:*+  Ասում եմ ձեզ. անարդար աշխարհի հարստության* միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք,+ որպեսզի երբ այն կորցնեք, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերն ընդունեն:+ 10  Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար: 11  Հետևաբար, եթե դուք ճիշտ չօգտագործեք այս անարդար աշխարհի հարստությունը, ո՞վ ձեզ կվստահի իսկական հարստությունը: 12  Եվ եթե դուք ճիշտ չօգտագործեք ուրիշինը, ո՞վ կտա ձեզ այն, ինչը նախատեսված է ձեզ համար:+ 13  Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կատի, իսկ մյուսին կսիրի, կամ էլ մեկին նվիրված կլինի, իսկ մյուսին կարհամարհի: Չեք կարող լինել և՛ Աստծու ծառան, և՛ հարստության»:+ 14  Փարիսեցիները, որ փողասեր էին, լսելով այդ ամենը, քմծիծաղ տվեցին:+ 15  Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Դուք մարդկանց առաջ ցույց եք տալիս, իբր ճիշտ եք վարվում,+ բայց Աստված գիտի ձեր սրտերը:+ Ինչը որ մարդկանց աչքին արժեքավոր է, Աստված գարշելի է համարում:+ 16  Այն, ինչ ասվում էր Օրենքում և մարգարեների գրվածքներում, հռչակվում էր մինչև Հովհաննեսի գալը: Իսկ դրանից հետո բարի լուրն է հռչակվում Աստծու թագավորության մասին, և ամեն տեսակ մարդիկ շատ ջանք են թափում, որ մտնեն այնտեղ:+ 17  Իսկապես որ, ավելի շուտ երկինքն ու երկիրը կվերանան, քան Օրենքի տառի մի մասնիկը կմնա առանց կատարվելու:+ 18  Ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն* է գործում, և ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում:+ 19  Մի հարուստ մարդ կար, որը թանկարժեք հագուստ* էր կրում, իր կյանքի օրերն անցկացնում էր ճոխության մեջ և վայելում էր իր հարստությունը: 20  Նրա դարպասների մոտ էին բերում Ղազարոս անունով մի մուրացկանի, որի ամբողջ մարմինը պատված էր խոցերով: 21  Ղազարոսը նստում էր այդտեղ՝ հուսալով իր քաղցը հագեցնել հարուստ մարդու սեղանից ընկնող փշրանքներով: Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը: 22  Որոշ ժամանակ անց մուրացկանը մահացավ, և հրեշտակները նրան տարան Աբրահամի մոտ:* Հարուստը նույնպես մահացավ և թաղվեց: 23  Գերեզմանում* նա տանջանքների մեջ բարձրացրեց աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին ու նրա կողքը՝* Ղազարոսին: 24  Նա կանչեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, գթա ինձ և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թաթախի ջրի մեջ ու կաթեցնի լեզվիս, որովհետև տանջվում եմ այս բոցավառ կրակի մեջ»: 25  Աբրահամն ասաց. «Որդի՛ս, հիշիր, որ դու կյանքիդ ընթացքում լիուլի բարիքներ ես վայելել, իսկ Ղազարոսը շատ է տառապել: Հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես: 26  Եվ այս ամենից բացի՝ մի անանցանելի անդունդ է հաստատվել մեր ու ձեր միջև, այնպես որ ով էլ ուզի այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են անցնել մեզ մոտ»: 27  Նա ասաց. «Այդ դեպքում, խնդրում եմ քեզ, հա՛յր Աբրահամ, նրան ուղարկիր իմ հոր տուն, 28  որ ամեն բան բացատրելով՝ զգուշացնի իմ հինգ եղբայրներին, որպեսզի նրանք էլ չգան տանջանքի այս վայրը»: 29  Սակայն Աբրահամը պատասխանեց. «Նրանք Մովսեսի ու մարգարեների գրածներն ունեն, թող դրանց հնազանդվեն»:+ 30  Իսկ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, չեն հնազանդվի, բայց եթե մահացածներից մեկը գնա նրանց մոտ, կզղջան»: 31  Աբրահամն ասաց. «Եթե նրանք չեն հնազանդվում Մովսեսի ու մարգարեների գրածներին,+ չեն էլ համոզվի, նույնիսկ եթե մեկը հարություն առնի»»:

Ծանոթագրություններ

Մոտ 2 200 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 22 000 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «լույսի որդիները»:
Բռց.՝ «անարդարության հարստության»:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ՝ «մանուշակագույն թանկարժեք հագուստ ու բեհեզ»: Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Բռց.՝ «Աբրահամի գիրկը»:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «նրա գրկում»: