Ղուկաս 19։1-48

  • Հիսուսը այցելում է Զաքեոսին (1-10)

  • Տասը մնասների առակը (11-27)

  • Հիսուսի փառահեղ մուտքը Երուսաղեմ (28-40)

  • Հիսուսն արտասվում է Երուսաղեմի համար (41-44)

  • Հիսուսը մաքրում է տաճարը (45-48)

19  Հետո Հիսուսը մտավ Երիքով, որ անցնի դրա միջով:  Այնտեղ Զաքեոս անունով մի հարուստ մարդ կար, որը հարկահավաքների պետերից էր:  Նա շատ էր ուզում տեսնել Հիսուսին, բայց չէր կարողանում, քանի որ Հիսուսի շուրջը մեծ բազմություն էր հավաքված, իսկ ինքը կարճահասակ էր:  Ուստի բոլորից առաջ ընկնելով՝ վազեց, բարձրացավ մի ժանտաթզենու վրա, որպեսզի կարողանա տեսնել Հիսուսին, որն անցնելու էր այդ կողմով:  Երբ Հիսուսը հասավ այդտեղ, վեր նայեց ու ասաց. «Զաքեո՛ս, շո՛ւտ արա, ցա՛ծ իջիր. այսօր քո տանն եմ մնալու»:  Նա էլ շուտ ցած իջավ և ուրախությամբ ընդունեց նրան իր տուն:  Դա տեսնելով՝ մարդիկ սկսեցին փնթփնթալ. «Մեղսագործ մարդու տանն է հյուրընկալվել»:+  Եվ ահա Զաքեոսը վեր կացավ ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, ունեցվածքիս կեսը կտամ աղքատներին և ինչ էլ որ շորթել եմ* որևէ մեկից, քառապատիկը կվերադարձնեմ»:+  Նրա խոսքերը լսելով՝ Հիսուսն ասաց. «Այսօր Աստված փրկություն բերեց այս մարդու տուն. նա էլ է Աբրահամի որդի: 10  Այո՛, մարդու Որդին եկել է կորածներին փնտրելու և փրկելու»:+ 11  Մինչ աշակերտները լսում էին Հիսուսի ասածները, նա մի առակ պատմեց, քանի որ նրանք կարծում էին, թե երբ հասնեն Երուսաղեմ, Աստծու թագավորությունն անմիջապես կգա:+ 12  Հիսուսն ասաց. «Մի ազնվատոհմ մարդ մեկնեց հեռավոր երկիր,+ որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա: 13  Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս* տվեց ու ասաց. «Գործի մեջ դրեք, մինչև որ գամ»:+ 14  Նրա համաքաղաքացիները ատում էին նրան, ուստի նրա հետևից մի խումբ պատգամաբերներ ուղարկեցին այնտեղ՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այդ մարդը մեր թագավորը լինի»: 15  Ի վերջո երբ այդ մարդը, թագավորական իշխանություն ստացած, վերադարձավ, իր մոտ կանչեց ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որ պարզի, թե գործի մեջ դնելով՝ ինչ շահույթ են ստացել:+ 16  Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո տված մեկ մնասով ևս տասը վաստակեցի»:+ 17  Նա էլ ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ծառա: Քանի որ շատ փոքր հարցում փաստեցիր, որ վստահելի ես, քեզ իշխանություն եմ տալիս տասը քաղաքների վրա»:+ 18  Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Տե՛ր, քո տված մնասով ևս հինգը վաստակեցի»:+ 19  Թագավորը նրան ասաց. «Քեզ էլ հինգ քաղաքների վրա եմ իշխանություն տալիս»: 20  Հետո մյուսը եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա քո տված մնասը. ես այն շորի մեջ փաթաթել ու թաքցրել էի: 21  Ես վախենում էի քեզնից, քանի որ դու խիստ մարդ ես: Վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»:+ 22  Թագավորն ասաց. «Քո խոսքերը հենց քո դեմ կօգտագործեմ ու կդատապարտեմ քեզ, չա՛ր ծառա: Դե եթե մտածում ես, որ խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչը չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչը չեմ ցանել,+ 23  ուրեմն ինչո՞ւ իմ փողը չդրեցիր շրջանառության մեջ,* որ երբ գայի, տոկոսով այն հետ ստանայի»: 24  Եվ իր մոտ կանգնածներին կարգադրեց. «Նրանից վերցրեք մնասը և տվեք տասը մնաս ունեցողին»:+ 25  Բայց նրանք ասացին. «Տե՛ր, նա արդեն տասն ունի»: 26  Նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ. ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 27  Իսկ հիմա այստեղ բերեք իմ այն թշնամիներին, ովքեր չէին ուզում՝ իրենց թագավորը լինեմ, և սպանեք նրանց իմ առաջ»»: 28  Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսը շարունակեց ճանապարհը դեպի Երուսաղեմ: 29  Երբ արդեն մոտեցել էր Բեթփագե ու Բեթանիա գյուղերին, որոնք գտնվում էին Ձիթենյաց լեռան+ վրա, աշակերտներից երկուսին ուղարկեց՝+ 30  ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի քուռակ* կտեսնեք կապված, որի վրա մարդ չի նստել: Արձակեք դրան ու բերեք այստեղ: 31  Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ՝ «Ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է»»: 32  Աշակերտներն էլ գնացին ու գտան քուռակին, ինչպես որ Հիսուսն ասել էր:+ 33  Երբ արձակում էին քուռակին, դրա տերերը հարցրին նրանց. «Ինչո՞ւ եք արձակում»: 34  Աշակերտներն էլ պատասխանեցին. «Տիրոջը պետք է»: 35  Եվ այսպես՝ քուռակը բերեցին Հիսուսի մոտ, իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա, և նա հեծավ այն:+ 36  Մինչ Հիսուսը առաջ էր գնում, մարդիկ ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները:+ 37  Հենց որ նա մոտեցավ Ձիթենյաց լեռից դեպի ներքև տանող ճանապարհին, աշակերտների մեծ բազմությունը սկսեց ուրախությամբ ու բարձր ձայնով գովաբանել Աստծուն իրենց տեսած բոլոր զորավոր գործերի համար: 38  Նրանք ասում էին. «Օրհնյա՜լ է Եհովայի* անունով եկող Թագավորը: Խաղաղությո՜ւն երկնքում: Փա՜ռք բարձունքներում բնակվողին»:+ 39  Սակայն բազմության մեջ եղող փարիսեցիներից ոմանք ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, սաստիր աշակերտներիդ»:+ 40  Իսկ նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ. եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն»: 41  Երբ Հիսուսը մոտեցավ Երուսաղեմին, նայեց այդ քաղաքին ու լաց եղավ:+ 42  Նա ասաց. «Երանի՜ թե այսօր հասկանայիր, թե ինչն է տանում խաղաղության... բայց հիմա աչքերդ փակ են:*+ 43  Օրեր կգան, երբ թշնամիներդ քո շուրջը սրածայր գերաններով պատնեշ կկանգնեցնեն ու ամեն կողմից քեզ կպաշարեն,*+ 44  հիմնահատակ կավերեն քեզ ու կկործանեն զավակներիդ:+ Քարը քարի վրա չի մնա այստեղ, որովհետև դու չհասկացար, որ եկել է քեզ ստուգելու ժամանակը»:+ 45  Այնուհետև Հիսուսը տաճար մտավ ու սկսեց այնտեղից վռնդել առուծախ անողներին՝+ 46  ասելով. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն»,+ բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»:+ 47  Նա ամեն օր ուսուցանում էր տաճարում: Իսկ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն* ու ժողովրդի միջի ազդեցիկ մարդիկ ուզում էին սպանել նրան,+ 48  սակայն չգիտեին՝ ինչպես դա անեն, որովհետև մարդիկ, ցանկանալով լսել նրան, մի քայլ անգամ չէին հեռանում նրանից:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ինչ էլ որ շորթել եմ կեղծ մեղադրանքով»:
Հուն. մնասը կշռում էր մոտ 340 գ և համարժեք էր 100 դրախմային: Տես հավելված Բ14:
Կամ՝ «չդրեցիր դրամատուն»:
Այսինքն՝ էշի քուռակ:
Բռց.՝ «բայց հիմա դրանք ծածկված են քո աչքերից»:
Կամ՝ «կնեղեն»:
Բռց.՝ «դպիրները»: