Ղուկաս 20։1-47

  • Հիսուսի իշխանությունը կասկածի են ենթարկում (1-8)

  • Չար մշակների մասին առակը (9-19)

  • Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն (20-26)

  • Հարց հարության մասին (27-40)

  • Քրիստոսը Դավթի որդի՞ն է (41-44)

  • Զգուշացում, որ չնմանվեն Օրենքի ուսուցիչներին (45-47)

20  Մի օր, երբ Հիսուսը տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* երեցների հետ մոտեցան նրան  ու ասացին. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը: Ո՞վ է տվել քեզ այդ իրավասությունը»:+  Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, պատասխանեք:  Հովհաննեսը մկրտելու իրավասությունը երկնքի՞ց էր ստացել, թե՞ մարդկանցից»:  Նրանք էլ սկսեցին դատողություններ անել՝ իրար մեջ խոսելով. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»,  իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը մարգարե էր»:+  Ուստի պատասխանեցին, թե չգիտեն՝ որտեղից էր:  Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը»:  Ապա նա ժողովրդին մի առակ պատմեց. «Մի մարդ խաղողի այգի տնկեց,+ վարձով տվեց մշակներին ու երկար ժամանակով գնաց օտար երկիր:+ 10  Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց՝ խաղողի այգու բերքից որոշակի բաժին ստանալու: Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին:+ 11  Տերը մեկ ուրիշ ծառայի ուղարկեց: Նրանք այս մեկին էլ ծեծեցին և նվաստացնելով դատարկաձեռն հետ ուղարկեցին: 12  Ապա տերը երրորդին ուղարկեց. նրան էլ ծեծեցին ու դուրս շպրտեցին: 13  Այդ ժամանակ խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ: Սիրելի որդուս ուղարկեմ,+ պետք է որ հարգեն նրան»: 14  Բայց երբ մշակները տեսան նրան, սկսեցին խորհրդակցել. «Սա է ժառանգը: Եկեք սպանենք նրան, որ ժառանգությունը մերը լինի»: 15  Եվ բռնեցին նրան, քարշ տվեցին այգուց դուրս ու սպանեցին:+ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց: 16  Նա կգա ու կսպանի այդ մշակներին, այգին էլ ուրիշներին կտա»: Առակը լսելով՝ ժողովուրդն ասաց. «Դա ուղղակի չլսված բան է»: 17  Իսկ Հիսուսը սևեռուն նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը»: *+ 18  Ամեն ոք, ում ոտքը դիպչի այդ քարին, կընկնի ու ջարդուփշուր կլինի:+ Եվ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»: 19  Օրենքի ուսուցիչներն ու ավագ քահանաները հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Ուստի ցանկանում էին հենց այդ պահին բռնել նրան, բայց վախեցան ժողովրդից:+ 20  Այդուհանդերձ, ուշադիր հետևում էին Հիսուսին: Իսկ հետո գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ վերջիններս, անկեղծ ձևանալով, նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+ ու հանձնեն իշխանությունների և կուսակալի ձեռքը: 21  Այդ մարդիկ ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտն ես խոսում և ուսուցանում, դու կողմնակալություն չես անում և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: 22  Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 23  Բայց Հիսուսը, հասկանալով, որ նրանք խորամանկություն են անում, ասաց. 24  «Ինձ մի դինար* ցույց տվեք: Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 25  Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 26  Այդպիսով՝ նրանց չհաջողվեց հանրորեն ծուղակը գցել Հիսուսին, ու նրա պատասխանից ապշած՝ նրանք պապանձվեցին: 27  Հիսուսին մոտեցան մի քանի սադուկեցիներ (սադուկեցիները ասում էին, թե հարություն չկա)+ և հարցրին.+ 28  «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»:+ 29  Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց անզավակ մահացավ: 30  Հետո երկրորդն ամուսնացավ այդ կնոջ հետ, բայց նա էլ մահացավ: 31  Նույնը պատահեց երրորդին: Այդպես՝ յոթն էլ անզավակ մահացան: 32  Վերջում կինն էլ մահացավ: 33  Հիմա հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ յոթն էլ ամուսնացել էին նրա հետ»: 34  Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* մարդիկ կին են առնում և մարդու են գնում, 35  բայց ովքեր արժանի համարվեն հարություն առնելու և ապրելու ապագայում,* ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան:+ 36  Դեռ ավելին՝ նրանք այլևս չեն կարող մահանալ: Նրանք հրեշտակների նման կլինեն և հարություն առնելով՝* Աստծու զավակները կլինեն: 37  Իսկ որ մահացածները հարություն են առնելու, դա Մովսեսն էլ է ցույց տվել՝ այրվող փշաթփի պատմության մեջ Եհովային* կոչելով «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ 38  Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի. նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»:+ 39  Օրենքի ուսուցիչներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»: 40  Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ հարց տալ նրան: 41  Իր հերթին Հիսուսը հարց ուղղեց իրեն լսողներին. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է:+ 42  Չէ՞ որ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, 43  մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»»:+ 44  Փաստորեն, Դավիթը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա Դավթի որդին»: 45  Մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր Հիսուսին, նա իր աշակերտներին ասաց. 46  «Զգույշ եղեք, որ չնմանվեք Օրենքի ուսուցիչներին, ովքեր սիրում են երկար զգեստներով շրջել, հանրային վայրերում* ողջույններ ստանալ, ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը,+ 47  և ովքեր ուտում են այրիների ունեցվածքն* ու ցուցադրաբար երկար աղոթքներ անում: Նրանք ավելի խիստ դատաստանի կարժանանան»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրները»:
Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:
Կամ՝ «Ճի՞շտ է»:
Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «այդ համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «հարության զավակներ լինելով»:
Կամ՝ «շուկաներում»:
Կամ՝ «լավագույն»:
Բռց.՝ «տները»: