Ղուկաս 21։1-38
21 Նայելով գանձանակների կողմը՝ Հիսուսը տեսավ, որ հարուստները գումար էին գցում դրանց մեջ որպես նվիրաբերություն:+
2 Հետո տեսավ, որ մի կարիքավոր այրի չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ* գցեց:+
3 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը,+
4 որովհետև բոլորն իրենց ավելցուկը նվիրաբերեցին, իսկ նա, չունևոր լինելով հանդերձ, գցեց իր ողջ ապրուստը»:+
5 Ավելի ուշ, երբ ոմանք խոսում էին տաճարի մասին, թե ինչ հոյակապ քարերով ու նվիրաբերված իրերով է այն զարդարված,+
6 Հիսուսն ասաց. «Այս ամենը, որ հիմա տեսնում եք, կքանդվի: Օրեր կգան, երբ այստեղ քարը քարի վրա չի մնա»:+
7 Այդ ժամանակ նրանք հարցրին. «Ուսուցի՛չ, ե՞րբ է լինելու դա, և ո՞րն է լինելու նշանը, որ այդ ամենի կատարումը մոտ է»:+
8 Նա էլ ասաց. «Զգույշ եղեք, որ ձեզ չմոլորեցնեն:+ Շատերը կգան իմ անվան տակ ու կասեն՝ «Այդ ես եմ», «Ժամանակը մոտեցել է»: Մի՛ հետևեք նրանց:+
9 Նաև երբ պատերազմների ու խռովությունների մասին լուրեր լսեք, մի՛ սարսափեք, որովհետև նախ այդպիսի բաներ պետք է լինեն, բայց վերջը անմիջապես չի գա»:+
10 Ապա ավելացրեց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա,+ և թագավորություն՝ թագավորության դեմ,+
11 մեծ երկրաշարժեր կլինեն, տարբեր վայրերում սննդի պակաս կլինի և համաճարակներ:+ Մարդիկ ահազդու բաներ կտեսնեն ու երկնքից եկող մեծամեծ նշաններ:
12 Բայց մինչ այդ ձեզ կհալածեն ու կբռնեն, կդատեն ժողովարաններում+ ու բանտ կգցեն և իմ անվան համար կկանգնեցնեն թագավորների ու կառավարիչների առաջ:+
13 Դրա շնորհիվ վկայություն տալու հնարավորություն կունենաք:
14 Ձեր մտքում ամուր պահեք* սա. դուք կարիք չեք ունենա նախապես փորձեր անելու, թե ինչպես խոսեք ի պաշտպանություն ձեզ,+
15 որովհետև ես ձեզ իմաստություն կտամ ու կօգնեմ, որ իմանաք՝ ինչ ասել, այնպես որ ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակաճառել ձեզ:+
16 Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, հարազատներն ու ընկերները ձեզ կմատնեն,* և ձեզանից ոմանք կսպանվեն:+
17 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից:+
18 Սակայն ձեր գլխից մի մազ անգամ չի պակասի:*+
19 Մինչև վերջ դիմանալով՝ դուք կփրկեք ձեր կյանքը:*+
20 Երբ տեսնեք Երուսաղեմը զորքերով շրջապատված,+ իմացեք, որ դրա կործանումը* մոտեցել է:+
21 Այդ ժամանակ Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն,+ Երուսաղեմում եղողները թող դուրս գան այնտեղից, իսկ ովքեր շրջակայքում են, թող չմտնեն քաղաք,
22 որովհետև այդ օրերին Աստված արդար հատուցում է տալու, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն:
23 Որքա՜ն դժվար կլինի այդ օրերին հղիների ու կրծքով կերակրողների համար,+ որովհետև այս երկիրը աղետալի վիճակում կհայտնվի, և ցասում կգա այս ժողովրդի վրա:
24 Նրանց սրի կքաշեն ու գերի կտանեն այլ երկրներ:*+ Ազգերը* կկոխկրտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերի* համար սահմանված ժամանակը լրանա:+
25 Նաև արևի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն,+ և երկրի վրա ազգերը փոթորկված ծովի ահեղ ձայնից կտագնապեն՝ չիմանալով ինչ անել:
26 Երկնքի համակարգերը* կսասանվեն, և մարդկանց սիրտը կթուլանա վախից ու երկրի վրա կատարվելիք բաների մռայլ սպասումից:
27 Այդ ժամանակ կտեսնեն մարդու Որդուն+ ամպի մեջ գալիս՝ օժտված մեծ զորությամբ ու փառքով:+
28 Երբ այս ամենը սկսի կատարվել, դուք ուղիղ կանգնեք՝ ձեր գլուխը բարձր պահած, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է»:
29 Ապա Հիսուսը դրա հետ կապված մի օրինակ բերեց. «Ուշադրություն դարձրեք թզենուն և մյուս ծառերին:+
30 Տեսնելով, որ դրանք բողբոջել են՝ իմանում եք, որ ամառն արդեն մոտ է:
31 Նմանապես, երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է:
32 Հաստատ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի:+
33 Երկինքն ու երկիրը կանցնեն-կգնան, բայց իմ խոսքերը կմնան ընդմիշտ:+
34 Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ չտարվեք* շատակերությամբ, չափից շատ խմելով+ ու կյանքի հոգսերով,+ և չլինի թե ձեզ համար այդ օրը անսպասելի վրա հասնի
35 ու ձեզ համար լինի ինչպես մի ծուղակ:+ Այդ օրը հանկարծակի կգա ողջ երկրի երեսին ապրողների վրա:
36 Ուստի արթուն մնացեք՝+ միշտ աղաչանքներ անելով,+ որ կարողանաք խուսափել այն ամենից, ինչ լինելու է, և կանգնել մարդու Որդու առաջ»:+
37 Ամբողջ օրը Հիսուսը ուսուցանում էր տաճարում, իսկ երեկոյան գնում էր ու գիշերում Ձիթենյաց լեռան վրա:*
38 Այնուհետև վաղ առավոտյան ողջ ժողովուրդը գալիս էր տաճար՝ նրան լսելու:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երկու լումա (ղեպտոն)»: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «Ձեր սրտում վճռեք»:
^ Կամ՝ «կհանձնեն դատական իշխանություններին»:
^ Համատեքստից երևում է, որ խոսքը թերևս հոգևոր վնասից կամ անդառնալի կորստից պաշտպանված լինելու մասին է:
^ Կամ՝ «կշահեք ձեր հոգիները»:
^ Բռց.՝ «ամայացումը»:
^ Բռց.՝ «բոլոր ազգերի մեջ»:
^ Կամ՝ «Հեթանոսները»:
^ Կամ՝ «հեթանոսների»:
^ Բռց.՝ «ուժերը»:
^ Բռց.՝ «ձեր սրտերը չծանրանան»:
^ Այսինքն՝ այդ լեռան վրա գտնվող գյուղերից մեկում: