Ղուկաս 22։1-71

  • Քահանաները ծրագրում են սպանել Հիսուսին (1-6)

  • Պատրաստություններ վերջին Պասեքի համար (7-13)

  • Տիրոջ ընթրիքը (14-20)

  • «Ինձ մատնողը ինձ հետ սեղան է նստել» (21-23)

  • Թեժ վիճաբանություն է սկսվում, թե ով է մեծ (24-27)

  • Հիսուսը ուխտ է կապում թագավորական իշխանության համար (28-30)

  • Հիսուսն ասում է, որ Պետրոսն ուրանալու է իրեն (31-34)

  • Հարկավոր է պատրաստված լինել: Երկու սուր (35-38)

  • Հիսուսն աղոթում է Ձիթենյաց լեռան վրա (39-46)

  • Հիսուսի ձերբակալությունը (47-53)

  • Պետրոսն ուրանում է Հիսուսին (54-62)

  • Հիսուսին ծաղրում են (63-65)

  • Հիսուսը կանգնում է Սինեդրիոնի առաջ՝ դատվելու (66-71)

22  Մոտենում էր Անթթխմոր հացերի տոնը, որ Պասեք է կոչվում:+  Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* ուզում էին սպանել Հիսուսին, բայց մտածում էին, թե ինչպես նպատակահարմար կլինի դա անել,+ քանի որ վախենում էին ժողովրդի արձագանքից:+  Այդ ժամանակ Սատանան մտավ Իսկարիովտացի կոչվող Հուդայի՝ 12 առաքյալներից մեկի սիրտը:+  Նա գնաց, որ ավագ քահանաների ու տաճարի վերահսկիչների հետ քննարկի, թե ինչպես մատնի Հիսուսին:+  Նրանք շատ ուրախացան և որոշեցին փող* տալ նրան:+  Նա էլ համաձայնվեց ու սկսեց հարմար առիթ փնտրել, որ մատնի Հիսուսին, երբ մոտակայքում շատ մարդ չլինի:  Երբ արդեն Անթթխմոր հացերի տոնն էր,* որի ժամանակ պետք է մատուցվեր Պասեքի զոհը,+  Հիսուսը ուղարկեց Պետրոսին ու Հովհաննեսին՝ ասելով. «Գնացեք և մեզ համար պատրաստեք Պասեքի ընթրիքը»:+  Նրանք էլ հարցրին. «Որտե՞ղ ես ուզում՝ պատրաստենք»: 10  Նա ասաց. «Երբ քաղաք մտնեք, այնտեղ ձեզ կդիմավորի ջրի սափոր տանող մի մարդ: Նրա հետ գնացեք այն տունը, ուր որ նա կմտնի,+ 11  և տանտիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Ցույց տուր այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ կարող եմ ուտել Պասեքի ընթրիքը»»: 12  Նա կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտեղ ընթրիքի պատրաստություն տեսեք»: 13  Աշակերտները գնացին, և ամեն ինչ Հիսուսի ասածով եղավ: Այդպիսով՝ նրանք պատրաստություն տեսան Պասեքի համար: 14  Երբ եկավ ընթրիքի ժամը, Հիսուսն առաքյալների հետ թիկնեց սեղանի շուրջ+ 15  և ասաց. «Շատ էի ցանկանում ձեզ հետ ուտել այս Պասեքի ընթրիքը իմ չարչարանքներից առաջ, 16  որովհետև, ասում եմ ձեզ, այլևս չեմ ուտի այն, մինչև որ Աստծու թագավորության մեջ իրագործվի դրա հետ կապված ամեն բան»:* 17  Ապա վերցնելով բաժակը՝ շնորհակալություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Վերցրեք սա և իրար փոխանցեք: 18  Ասում եմ ձեզ, այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա»: 19  Հետո վերցրեց հացը,+ շնորհակալություն հայտնեց Աստծուն, մասերի բաժանեց այն, տվեց նրանց ու ասաց. «Այս հացը խորհրդանշում է իմ մարմինը,+ որը տրվելու է ձեզ համար:+ Սա արեք ինձ հիշելու համար»:+ 20  Երբ ընթրիքն արդեն ավարտել էին, նա բաժակն էլ փոխանցեց նրանց ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը,+ որը վավերացվելու է իմ արյունով,+ որ թափվելու է ձեզ համար:+ 21  Ինձ մատնողը ինձ հետ սեղան է նստել:+ 22  Մարդու Որդին կանցնի այն ամենի միջով, ինչ գրվել է նրա մասին,+ բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի»:+ 23  Առաքյալներն էլ սկսեցին իրար մեջ քննարկել, թե իրենցից ում մտքով նման բան կարող էր անցնել:+ 24  Նրանց մեջ նաև թեժ վիճաբանություն սկսվեց, թե իրենցից ով է մեծ:+ 25  Բայց Հիսուսն ասաց. «Ժողովուրդների թագավորները տիրում են նրանց վրա, և իշխանություն ունեցողներին մարդիկ պատվում են՝ Բարերար* կոչելով:+ 26  Բայց ձեր դեպքում չպետք է այդպես լինի:+ Այլ ձեր միջի մեծը թող լինի ինչպես ամենափոքրը,*+ և ով առաջնորդում է, թող լինի ինչպես ծառայող: 27  Սեղան նստա՞ծն է մեծ, թե՞ սպասարկողը: Ինչ խոսք, սեղան նստածը: Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ վարվում:+ 28  Ինչ փորձությունների միջով էլ անցել եմ,+ դուք հավատարմորեն ինձ հետ եք մնացել:+ 29  Ուստի ես ուխտ եմ կապում ձեզ հետ, ինչպես իմ Հայրը՝ ինձ հետ, որ թագավորական իշխանություն ստանաք,+ 30  որպեսզի իմ թագավորության մեջ ուտեք ու խմեք իմ սեղանից+ և նստեք գահերին՝+ Իսրայելի 12 ցեղերին դատելու:+ 31  Սիմո՛ն, Սիմո՛ն, Սատանան պահանջել է, որ իրեն թույլ տրվի բոլորիդ մաղել ցորենի պես:+ 32  Բայց ես աղաչել եմ քեզ համար, որ հավատդ չմարի:+ Երբ զղջաս ու վերադառնաս, զորացրու եղբայրներիդ»:+ 33  Պետրոսն ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ թե՛ բանտ գնալու, թե՛ մեռնելու»:+ 34  Հիսուսն էլ ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, աքաղաղը դեռ չկանչած՝ այսօր դու երեք անգամ կհերքես, որ ճանաչում ես ինձ»:+ 35  Հետո հարցրեց նրանց. «Երբ ձեզ առանց քսակի, ուտելիքի* և սանդալների ուղարկեցի,+ ոչ մի բանի կարիք չունեցաք, չէ՞»: Նրանք պատասխանեցին՝ ո՛չ: 36  Նա շարունակեց. «Բայց հիմա եթե քսակ և ուտելիք ունեք, վերցրեք ձեզ հետ, և եթե սուր չունեք, վաճառեք ձեր վերնահագուստը և սուր գնեք: 37  Ասում եմ ձեզ. իմ պարագայում պետք է կատարվի այս գրվածը. «Նա անօրենների հետ դասվեց»:+ Իմ մասին գրվածները կատարվում են»:+ 38  Այդ ժամանակ նրանք ասացին. «Տե՛ր, այստեղ երկու սուր կա»: Նա էլ ասաց. «Այդքանը բավական է»: 39  Այնտեղից դուրս գալով՝ Հիսուսը, սովորության համաձայն, գնաց Ձիթենյաց լեռը, աշակերտներն էլ՝ նրա հետ:+ 40  Հասնելով այնտեղ՝ նրանց ասաց. «Շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»:+ 41  Եվ նրանցից մի քարընկեցի* չափ հեռանալով՝ ծնկի եկավ ու սկսեց աղոթել. 42  «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակն ինձանից: Բայց թող ոչ թե իմ կամքը լինի, այլ քո»:+ 43  Եվ երկնքից մի հրեշտակ հայտնվեց ու զորացրեց նրան:+ 44  Բայց Հիսուսն այնպիսի ծանր ապրումների մեջ էր, որ ավելի ու ավելի ջերմեռանդորեն էր աղոթում,+ և կաթիլ-կաթիլ գետնին թափվող նրա քրտինքը նմանվեց արյան կաթիլների: 45  Աղոթելուց հետո նա վեր կացավ, գնաց աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ, քանի որ այնքան էին ընկճվել, որ ուժասպառ էին եղել:+ 46  Նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնել: Վեր կացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»:+ 47  Նա դեռ խոսում էր, երբ ահա եկավ մի ամբոխ՝ Հուդայի՝ տասներկուսից մեկի գլխավորությամբ: Նա մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան:+ 48  Բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»: 49  Հիսուսի կողքին կանգնածները, հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»: 50  Եվ նրանցից մեկը հենց այդպես էլ արեց. հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա աջ ականջը:+ 51  Բայց Հիսուսն ասաց. «Պե՛տք չէ, վե՛րջ տվեք»: Եվ դիպավ ծառայի ականջին ու բուժեց նրան: 52  Ապա իրեն բռնելու եկած ավագ քահանաներին, տաճարի վերահսկիչներին ու երեցներին ասաց. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել իմ դեմ:+ 53  Ամեն օր ձեզ հետ տաճարում էի,+ և այդ ողջ ընթացքում դուք ինձ չբռնեցիք:+ Բայց հիմա հասել է ժամը, որ դուք գործեք, և խավարը իշխի»:+ 54  Հիսուսին ձերբակալեցին+ ու տարան քահանայապետի տուն, իսկ Պետրոսը, հեռավորություն պահելով, գնաց նրանց հետևից:+ 55  Մարդիկ բակում կրակ վառեցին և նստեցին շուրջը: Պետրոսն էլ էր նստած նրանց հետ:+ 56  Աղախիններից մեկը, կրակի լույսի տակ տեսնելով նրան, սևեռուն նայեց և ասաց. «Այս մարդն էլ էր նրա հետ»: 57  Բայց Պետրոսը հերքեց. «Ա՛յ կին, ես չեմ ճանաչում նրան»: 58  Քիչ անց մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դու էլ ես նրա աշակերտներից»: Բայց Պետրոսն ասաց. «Ա՛յ մարդ, ես նրանցից չեմ»:+ 59  Մոտ մի ժամ հետո մեկ ուրիշը համոզվածությամբ ասաց. «Հաստատ այս մարդն էլ էր նրա հետ, որովհետև գալիլեացի է»: 60  Բայց Պետրոսն ասաց. «Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ հենց այդ պահին, երբ նա դեռ խոսքը չէր ավարտել, աքաղաղը կանչեց: 61  Այդ ժամանակ Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց նրա խոսքերը, որ ասել էր. «Այսօր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 62  Եվ դուրս գնաց ու դառնագին լաց եղավ: 63  Հիսուսին հսկողները ծաղրում էին նրան,+ հարվածում+ 64  և դեմքը ծածկելով՝ ասում էին. «Եթե մարգարե ես, ասա՝ ո՞վ էր քեզ խփողը»: 65  Ուրիշ շատ անարգական խոսքեր էլ էին ասում Հիսուսին՝ այդպիսով վիրավորելով Աստծուն: 66  Երբ օրը բացվեց, ժողովրդի երեցների խորհուրդը, այսինքն՝ ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները հավաքվեցին Սինեդրիոնի* դահլիճում+ և Հիսուսին բերել տվեցին: Նրանք ասացին. 67  «Եթե դու Քրիստոսն ես, ասա՛»:+ Բայց նա պատասխանեց. «Նույնիսկ եթե ասեի, միևնույն է, չէիք հավատա, 68  և եթե անգամ ձեզ հարց տայի, չէիք պատասխանի: 69  Բայց սրանից հետո մարդու Որդին+ նստած կլինի զորավոր Աստծու աջ կողմը»:+ 70  Եվ բոլորը հարցրին. «Հիմա ի՞նչ, դու Աստծու Որդի՞ն ես»: Նա պատասխանեց. «Այո՛, այդպես է»:* 71  Նրանք էլ ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է մեզ պետք: Հենց նրա բերանից լսեցինք»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «արծաթ»:
Բռց.՝ «օրն էր»:
Այսինքն՝ այն ամենը, ինչի նախապատկերն էր Պասեքը:
«Բարերար»-ը պատվավոր տիտղոս էր համարվում:
Կամ՝ «ամենակրտսերը»:
Կամ՝ «ուտելիք վերցնելու պայուսակի»:
Այն հեռավորությունը, որքան մարդ կարող է ձեռքով քար նետել:
Հրեական բարձրագույն դատարանը:
Բռց.՝ «Դուք ինքներդ եք ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը: