Ղուկաս 23։1-56
23 Այդ ժամանակ բոլոր հավաքվածները Հիսուսին Պիղատոսի մոտ տարան:+
2 Ապա սկսեցին մեղադրանքներ ներկայացնել նրա դեմ.+ «Մենք պարզել ենք, որ այս մարդը մեր ազգին խռովության է հրահրում, ասում է, որ պետք չէ կայսրին հարկեր վճարել,+ և պնդում է, թե ինքն է Քրիստոսը՝ թագավորը»:+
3 Պիղատոսը հարցրեց Հիսուսին. «Դու հրեաների թագավո՞րն ես»: Նա պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+
4 Ապա Պիղատոսը ավագ քահանաներին ու ժողովրդին ասաց. «Ես գտնում եմ, որ այս մարդը ոչ մի հանցանք չի գործել»:+
5 Բայց նրանք պնդում էին. «Այս մարդը ամբողջ Հրեաստանում, Գալիլեայից մինչև այստեղ իր սովորեցրածներով խռովության է հրահրում ժողովրդին»:
6 Դա լսելով՝ Պիղատոսը հարցրեց, թե արդյոք Հիսուսը գալիլեացի է:
7 Երբ պարզեց, որ նա Հերովդեսի+ իշխանության տակ եղող տարածքից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որը նույնպես Երուսաղեմում էր այդ օրերին:
8 Տեսնելով Հիսուսին՝ Հերովդեսը շատ ուրախացավ. նա վաղուց էր ուզում տեսնել նրան, քանի որ լսել էր նրա մասին+ և հույս ուներ, որ իր աչքի առաջ մի հրաշք կգործի:
9 Հերովդեսը երկար ժամանակ հարցեր էր տալիս Հիսուսին, բայց նա ոչինչ չէր պատասխանում:+
10 Իսկ ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* անընդհատ տեղից վեր էին կենում և խիստ բորբոքված՝ մեղադրանքներ էին ներկայացնում նրա դեմ:
11 Այդ ժամանակ Հերովդեսն իր պահապան զինվորների հետ սկսեց անարգել Հիսուսին,+ շքեղ հագուստ հագցնելով՝ ծաղրանքի ենթարկեց+ ու հետ ուղարկեց Պիղատոսի մոտ:
12 Այդ օրը Հերովդեսն ու Պիղատոսը բարեկամացան. բանն այն է, որ մինչ այդ նրանց միջև թշնամություն կար:
13 Պիղատոսն էլ իր մոտ կանչեց ավագ քահանաներին, ղեկավար մարդկանց ու ժողովրդին
14 և ասաց. «Դուք ինձ մոտ բերեցիք այս մարդուն՝ մեղադրելով նրան ժողովրդին ըմբոստության հրահրելու մեջ: Ես ձեր առաջ հարցաքննեցի նրան, բայց նրա դեմ ձեր ներկայացրած մեղադրանքների համար ոչ մի հիմք չգտա:+
15 Հերովդեսն էլ չգտավ, դրա համար էլ նրան հետ ուղարկեց մեզ մոտ: Այս մարդը մահվան արժանի ոչ մի բան չի արել:
16 Ուստի միայն կպատժեմ նրան+ ու ազատ կարձակեմ»:
17 ....*
18 Բայց ամբոխը բղավեց. «Սպանի՛ր դրան և Բարաբբայի՛ն ազատ արձակիր»:+
19 (Բարաբբան բանտարկվել էր քաղաքում բարձրացված խռովությանը մասնակցելու և մարդասպանության համար):
20 Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց՝ ցանկանալով ազատել Հիսուսին:+
21 Սակայն նրանք սկսեցին գոռալ. «Գամի՛ր նրան, սյա՛նը գամիր»:*+
22 Պիղատոսը երրորդ անգամ հարցրեց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը: Ես չգտա մի բան, ինչի համար այս մարդուն պետք է մահվան դատապարտեմ, ուստի պարզապես կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ»:
23 Դա լսելով՝ նրանք սկսեցին ավելի բարձր գոռալ և համառորեն պահանջել, որ Հիսուսին սյանը գամի, և այնքան գոռացին,+
24 մինչև որ Պիղատոսը տեղի տվեց և որոշեց կատարել նրանց պահանջը:
25 Նա ազատ արձակեց նրանց ուզած մարդուն՝ խռովության ու մարդասպանության համար բանտարկվածին, իսկ Հիսուսին մահապատժի դատապարտեց, ինչպես որ ուզում էին:
26 Հիսուսին տանելիս ճանապարհին մի մարդու կանգնեցրին՝ Կյուրենիայից ոմն Սիմոնի, որը հարակից գյուղական տարածքից էր գալիս, և հրամայեցին, որ Հիսուսի հետևից գնա ու տանի տանջանքի սյունը:*+
27 Նրա հետևից գնում էր մարդկանց մի մեծ բազմություն, այդ թվում նաև շատ կանայք, որոնք վշտից կուրծք էին ծեծում ու ողբում նրա համար:
28 Հիսուսը շրջվեց դեպի կանայք ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ համար մի՛ լացեք: Լացեք ձեզ համար և ձեր երեխաների համար,+
29 որովհետև ահա օրեր են գալիս, երբ մարդիկ կասեն. «Երանի՜ ամուլ կանանց, երանի՜ այն կանանց, ովքեր դեռ չեն ծնել ու կրծքով չեն կերակրել»:+
30 Եվ լեռներին կասեն՝ «Թաքցրե՛ք մեզ», ու բլուրներին՝ «Ծածկե՛ք մեզ»:+
31 Եթե հիմա, երբ ծառը դեռ կանաչ է, այսպիսի բան է կատարվում, ապա ի՞նչ կլինի, երբ այն չորանա»:
32 Հիսուսի հետ մահապատժի ենթարկելու էին տանում նաև երկու հանցագործների:+
33 Երբ հասան Գանգ կոչվող վայրը,+ այնտեղ նրան սյանը գամեցին այդ հանցագործների մեջտեղում. մեկը նրա աջ կողմում էր, մյուսը՝ ձախ:+
34 Հիսուսն ասում էր. «Հա՛յր, ներիր նրանց. նրանք չգիտեն՝ ինչ են անում»: Զինվորները վիճակ* գցեցին, որ նրա հագուստները բաժանեն իրար մեջ:+
35 Ժողովուրդը կանգնած նայում էր, թե ինչ է կատարվում, իսկ ազդեցիկ մարդիկ* քմծիծաղ էին տալիս և ասում. «Ուրիշներին փրկեց, դե թող իրեն էլ փրկի, եթե Աստծու Օծյալն է՝* նրա Ընտրյալը»:+
36 Անգամ զինվորները ծաղրանքով նրան թթված գինի առաջարկեցին՝+
37 ասելով. «Եթե հրեաների Թագավորն ես, փրկիր քեզ»:
38 Հիսուսի գլխավերևում փակցված էր հետևյալ գրությունը. «Սա հրեաների թագավորն է»:+
39 Սյան վրա մահապատժի ենթարկված հանցագործներից մեկը սկսեց հեգնանքով խոսել նրա հետ՝+ ասելով. «Բա դու Քրիստոսը չե՞ս, դե քեզ էլ փրկիր, մեզ էլ»:
40 Իսկ մյուսը նախատեց նրան. «Աստծուց վախ չունե՞ս: Դու նույն պատիժն ես կրում, ինչ այս մարդը:
41 Բայց մեր պատիժն արդարացի է, մենք մեր արածների արժանի հատուցումն ենք ստանում, իսկ նա ոչ մի սխալ բան չի արել»:
42 Ապա Հիսուսին դիմելով՝ ասաց. «Հիսո՛ւս, հիշիր ինձ, երբ թագավոր դառնաս»:*+
43 Նա էլ պատասխանեց. «Հաստատ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ դրախտում+ կլինես»:
44 Դեռ կեսօրին* մոտ էր, բայց խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը,+
45 որովհետև արևի լույսը խավարել էր: Իսկ սրբարանի վարագույրը+ մեջտեղից վերից վար պատռվեց:+
46 Հիսուսը բարձր ձայնով բացականչեց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում* իմ կյանքը»:*+ Դա ասելուց հետո շունչը տվեց:+
47 Տեսնելով տեղի ունեցող ամեն բան՝ հարյուրապետը սկսեց փառաբանել Աստծուն և ասաց. «Այս մարդն իրոք որ արդար էր»:+
48 Բոլոր մարդիկ, որ հավաքվել էին այնտեղ՝ մահապատիժը դիտելու, երբ տեսան տեղի ունեցած ամեն բան, կուրծք ծեծելով հետ դարձան:
49 Հիսուսին ճանաչողները կանգնած էին հեռվում: Գալիլեայից Հիսուսին ուղեկցած կանայք էլ էին այնտեղ և ականատես եղան այդ ամենին:+
50 Հովսեփ անունով մի մարդ կար, որը Խորհրդի* անդամ էր: Նա բարի էր ու արդար:+
51 (Այդ մարդը թիկունք չէր կանգնել Խորհրդի նենգ ծրագրին ու արածներին): Նա Հրեաստանի Արիմաթեա քաղաքից էր և սպասում էր Աստծու թագավորությանը:
52 Հովսեփը գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:
53 Հետո իջեցրեց մարմինը,+ փաթաթեց բարձրորակ կտավով ու դրեց ժայռափոր մի գերեզմանում,+ որտեղ դեռ ոչ ոքի չէին դրել:
54 Պատրաստության օրն էր,+ և արդեն սկսվում էր Շաբաթը:+
55 Հիսուսի հետ Գալիլեայից եկած կանայք նույնպես գնացին ու տեսան գերեզմանը և նրա մարմինը, որ դրված էր այնտեղ:+
56 Ապա հետ դարձան, որ հոտավետ բուսանյութեր ու անուշահոտ յուղեր նախապատրաստեն: Բայց Շաբաթ օրը,+ Օրենքի համաձայն, հանգստացան:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:
^ Բռց.՝ «դպիրները»:
^ Տես հավելված Ա3:
^ Կամ՝ «Մահապատժի՛ ենթարկիր նրան, սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:
^ Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
^ Բռց.՝ «պետերը»:
^ Բռց.՝ «Աստծու Քրիստոսն է»:
^ Բռց.՝ «երբ մտնես քո թագավորություն»:
^ Բռց.՝ «վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:
^ Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:
^ Կամ՝ «քեզ եմ վստահում»:
^ Կամ՝ «շունչը», «ոգին»:
^ Կամ՝ «Սինեդրիոնի»: