Ղուկաս 24։1-53

  • Հիսուսը հարություն է առնում (1-12)

  • Էմմաուսի ճանապարհին (13-35)

  • Հիսուսը հայտնվում է աշակերտներին (36-49)

  • Հիսուսը համբարձվում է երկինք (50-53)

24  Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, կանայք եկան գերեզման և բերեցին իրենց նախապատրաստած հոտավետ բուսանյութերը:+  Բայց տեսան, որ քարը գերեզմանի մուտքից մի կողմ է գլորված,+  ու երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան:+  Մինչ նրանք տարակուսանքի մեջ էին, լուսափայլ հագուստներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին:  Կանայք վախեցան ու չէին համարձակվում նայել նրանց: Իսկ այդ մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մահացածների մեջ փնտրում:+  Նա այստեղ չէ. հարություն է առել: Չե՞ք հիշում՝ ինչ ասաց ձեզ, երբ դեռ Գալիլեայում էր:  Չէր ասո՞ւմ, որ մարդու Որդին պետք է մեղսագործների ձեռքը մատնվի, սյան վրա մահապատժի ենթարկվի և երրորդ օրը հարություն առնի»:+  Այդ ժամանակ կանայք հիշեցին Հիսուսի ասածները:+  Գերեզմանից վերադառնալով՝ նրանք այդ ամենի մասին պատմեցին 11 առաքյալներին և մյուս բոլորին:+ 10  Եղելությունը առաքյալներին հայտնողներն էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը և նրանց հետ եղող մյուս կանայք: 11  Սակայն առաքյալներն ու մյուսները չէին հավատում կանանց, քանի որ նրանց ասածները անհեթեթություն էին թվում: 12  Պետրոսն էլ վեր կացավ ու վազեց դեպի գերեզման: Տեղ հասնելով՝ կռացավ ու ներս նայեց, բայց միայն կտավե կտորները տեսավ: Եվ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել՝ մտամոլոր հեռացավ: 13  Հենց այդ օրը աշակերտներից երկուսը Երուսաղեմից մոտ 11 կիլոմետր* հեռու գտնվող Էմմաուս գյուղ գնալու ճանապարհին 14  իրար հետ զրուցում էին տեղի ունեցած դեպքերի մասին: 15  Մինչ նրանք զրուցում էին ու քննարկում այդ ամենը, Հիսուսը մոտեցավ և սկսեց քայլել նրանց հետ, 16  բայց նրանք չճանաչեցին Հիսուսին:+ 17  Նա ասաց. «Այդ ի՞նչ եք այդպես բուռն քննարկում»: Աշակերտները կանգ առան: Նրանց դեմքը տխուր էր: 18  Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց. «Ի՞նչ է, դու տեղացի չե՞ս, Երուսաղեմում մեկուսացա՞ծ ես ապրում, որ չգիտես,* թե ինչ է կատարվել այնտեղ այս օրերին»: 19  Նա էլ հարցրեց. «Ի՞նչ»: Նրանք ասացին. «Նազարեթցի Հիսուսի+ հետ պատահածը: Նա զորավոր մարգարե էր, ինչը ակնհայտ էր Աստծու և մարդկանց առաջ նրա արած գործերից ու ասած խոսքերից:+ 20  Մինչդեռ մեր ավագ քահանաների և մյուս ազդեցիկ մարդկանց սադրանքով նրան մահվան դատապարտեցին+ ու սյանը գամեցին: 21  Իսկ մենք հույս ունեինք, թե հենց նա էր այն մարդը, ով պետք է ազատեր Իսրայելին:+ Եվ այդ դեպքերից հետո սա արդեն երրորդ օրն է: 22  Ու դեռ մի բան էլ մեր միջից մի քանի կանայք իրենց հայտնած տեղեկություններով զարմացրին մեզ: Նրանք վաղ առավոտյան գերեզման էին գնացել,+ 23  բայց նրա մարմինը չէին գտել: Եվ եկել մեզ պատմում էին, թե այնտեղ արտասովոր բան էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասել էին, թե նա ողջ է: 24  Ուստի մեզնից ոմանք գնացին գերեզման+ ու տեսան, որ այն դատարկ է, ինչպես որ պատմել էին կանայք, բայց Հիսուսին էլ չտեսան»: 25  Նա ասաց նրանց. «Ո՜վ անմիտներ, որ դժվարանում եք* հավատալ մարգարեների բոլոր ասածներին: 26  Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այդ չարչարանքները+ և հետո փառավորվեր»:+ 27  Եվ սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից՝+ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ իր մասին գրված էր բոլոր Գրքերում: 28  Վերջապես նրանք մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, և Հիսուսը ձևացրեց, թե շարունակում է իր ճանապարհը: 29  Բայց աշակերտները սկսեցին համոզել, որ չգնա՝ ասելով. «Մնա մեզ հետ. արդեն ուշ է, և շուտով կմթնի»: Նա էլ գնաց նրանց հետ: 30  Երբ սեղան էին նստել, Հիսուսը վերցրեց հացը, աղոթեց,* մասերի բաժանեց այն ու տվեց նրանց:+ 31  Հենց այդ պահին նրանք ամեն ինչ հասկացան և ճանաչեցին նրան, բայց նա անհետացավ:+ 32  Աշակերտներն իրար ասում էին. «Իզուր չէր, որ մեր սրտերը վառվում էին ոգևորությունից, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ ու հստակ բացատրում* սուրբ գրքերը»: 33  Եվ նրանք անմիջապես վեր կացան, հետ գնացին Երուսաղեմ և այնտեղ տեսան 11 առաքյալներին ու մյուս աշակերտներին՝ միասին հավաքված: 34  Վերջիններս ասացին. «Տերն իրոք հարություն է առել, նա երևացել է Սիմոնին»:+ 35  Երկու աշակերտներն էլ պատմեցին ճանապարհին պատահածը և թե ինչպես էին ճանաչել նրան, երբ նա հացը մասերի էր բաժանել:+ 36  Մինչ խոսում էին այդ ամենի մասին, հենց ինքը՝ Հիսուսը, հայտնվեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 37  Նրանք կարծեցին, թե տեսիլք* են տեսնում, և վախի ու սարսափի մեջ ընկան: 38  Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես տագնապած, և ինչո՞ւ է ձեր սիրտը կասկած ընկել: 39  Նայեք իմ ձեռքերին ու ոտքերին, այդ ես եմ: Շոշափեք և տեսեք. եթե տեսիլք* լինեի, միս ու ոսկոր չէի ունենա, իսկ ես, ինչպես տեսնում եք, ունեմ»: 40  Սա ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը: 41  Բայց նրանք, ուրախությունից ու զարմանքից շփոթված, դեռ չէին կարողանում հավատալ, ուստի Հիսուսն ասաց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»: 42  Նրան մի կտոր խորոված ձուկ տվեցին, 43  նա էլ վերցրեց ու նրանց աչքի առաջ կերավ: 44  Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի, ասում էի,+ որ Մովսեսի օրենքում, մարգարեների գրվածքներում ու Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»:+ 45  Եվ օգնեց նրանց լիովին հասկանալ Գրքերում գրվածների իմաստը:+ 46  Նա ասաց. «Սուրբ գրվածքներում ասվում էր, որ Քրիստոսը պետք է չարչարվի ու երրորդ օրը հարություն առնի,+ 47  և որ Երուսաղեմից սկսած՝ բոլոր ազգերին+ պետք է նրա անունով քարոզվի,+ որ մեղքերի ներում ստանալու համար անհրաժեշտ է զղջալ:+ 48  Դուք այս բաների մասին պատմող վկաներ կլինեք:+ 49  Ես ձեզ կուղարկեմ իմ Հոր կողմից խոստացվածը, ուստի մնացեք քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք»:*+ 50  Այնուհետև Հիսուսի առաջնորդությամբ աշակերտները դուրս եկան քաղաքից ու հասան մինչև Բեթանիա: Այնտեղ Հիսուսը, բարձրացնելով ձեռքերը, օրհնեց նրանց: 51  Օրհնելիս սկսեց հեռանալ նրանցից և բարձրանալ* երկինք:+ 52  Իսկ աշակերտները խոնարհվեցին նրա առաջ և ուրախությամբ լի սրտով վերադարձան Երուսաղեմ:+ 53  Նրանք ամեն օր տաճարում էին լինում ու գովաբանում էին Աստծուն:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «60 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Մեկ ստադիոնը մոտ 185 մ է: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «Երևի դու Երուսաղեմ եկած միակ մարդն ես, որ չգիտես»:
Կամ՝ «սրտով դանդաղում եք»:
Բռց.՝ «օրհնեց»:
Բռց.՝ «լիովին բացում»:
Կամ՝ «ոգի»:
Կամ՝ «ոգի»:
Կամ՝ «մինչև որ զգեստավորվեք վերևից եկող զորությամբ»:
Կամ՝ «բարձրացվել»: