Ղուկաս 5։1-39

  • Հրաշքով շատ ձուկ են բռնում: Առաջին աշակերտները (1-11)

  • Բորոտ մի մարդ բուժվում է (12-16)

  • Հիսուսը բուժում է մի անդամալույծի (17-26)

  • Հիսուսը կանչում է Ղևիին (27-32)

  • Հարցեր ծոմապահության մասին (33-39)

5  Մի անգամ, երբ Հիսուսը, Գեննեսարեթի լճի*+ մոտ կանգնած, Աստծու խոսքն էր սովորեցնում, մեծ թվով մարդիկ էին հավաքվել ու փորձում էին առաջանալ դեպի նա, որ լսեն:  Լճի ափին նա երկու նավակ տեսավ: Ձկնորսները դուրս էին եկել նավակներից և իրենց ցանցերն էին լվանում:+  Հիսուսը մտավ նավակներից մեկը, որը Սիմոնինն էր, ու խնդրեց նրան, որ ցամաքից մի փոքր հեռացնի այն: Ապա, նավակի մեջ նստած, սկսեց ուսուցանել ժողովրդին:  Նրանց ուսուցանելուց հետո Հիսուսն ասաց Սիմոնին. «Նավակը դեպի խորքը տար, և ցանցերը գցեք ջուրը»:  Սիմոնը պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել,+ բայց որ դու ես ասում, կգցեմ»:  Եվ երբ նրա ասածն արեցին, մեծ քանակությամբ ձուկ բռնեցին. ձկներն այնքան շատ էին, որ ցանցերը սկսեցին պատռվել:+  Ուստի նշան արեցին մյուս նավակի մեջ եղող գործընկերներին, որ գան և օգնեն իրենց: Երբ նրանք եկան, երկու նավակներն այնքան լցվեցին ձկներով, որ քիչ էր մնում՝ սուզվեին:  Դա տեսնելով՝ Սիմոն Պետրոսը ծնկի եկավ Հիսուսի առաջ ու ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ ինձ մոտ լինես, ես մեղավոր մարդ եմ»:  Սիմոնն այդպես ասաց, քանի որ ձկների այդ որսը ապշեցրել էր նրան և նրա հետ եղող մյուս մարդկանց, 10  նաև Հակոբոսին ու Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին,+ որոնք նրա գործընկերներն էին: Բայց Հիսուսն ասաց Սիմոնին. «Մի՛ վախեցիր: Այսուհետ դու մարդկանց ես որսալու»:+ 11  Նրանք նավակները ափ հանեցին և ամեն ինչ թողնելով՝ նրան հետևեցին:+ 12  Մեկ ուրիշ օր, երբ Հիսուսը քաղաքներից մեկում էր, մի մարդ, որը խորացած բորոտությամբ էր տառապում, Հիսուսին տեսնելուն պես, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց ու աղերսագին ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+ 13  Նա էլ, մեկնելով ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»: Եվ հենց այդ պահին բորոտությունը բուժվեց:+ 14  Հետո Հիսուսն այդ մարդուն պատվիրեց, որ ոչ ոքի ոչինչ չպատմի, և ասաց. «Գնա ներկայացիր քահանային ու մաքրման համար ընծա մատուցիր, ինչպես որ սահմանված է Մովսեսի օրենքում,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:+ 15  Հիսուսի մասին լուրերը շարունակում էին տարածվել, և մարդկանց մեծ խմբեր էին հավաքվում, որ լսեն նրան ու բուժվեն իրենց հիվանդություններից:+ 16  Նա էլ հաճախ գնում էր ամայի տեղեր՝ աղոթելու: 17  Մի օր Հիսուսը, ով Եհովայից* ստացած զորություն ուներ բուժումներ անելու, ուսուցանում էր մարդկանց: Այնտեղ փարիսեցիներ և Օրենքի ուսուցիչներ* էլ կային նստած, որոնք եկել էին Գալիլեայի և Հրեաստանի բոլոր գյուղերից ու Երուսաղեմից:+ 18  Այդ ժամանակ պատգարակի վրա պառկած մի անդամալույծի բերեցին և փորձում էին տուն մտցնել, որ տանեն նրա մոտ:+ 19  Բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան ներս տանել, ուստի բարձրացան տանիք և կղմինդրի ծածկը հեռացնելով՝ նրան պատգարակով իջեցրին Հիսուսի մոտ: 20  Նրանց հավատը տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Բարեկա՛մ, քո մեղքերը ներված են»:+ 21  Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, իրենց մտքերը բարձրաձայնելով, իրար ասում էին. «Ո՞վ է սա, որ այսպիսի աստվածանարգ բաներ է ասում: Աստծուց բացի՝ ո՞վ կարող է մեղքեր ներել»:+ 22  Հիսուսն էլ, տեսնելով, թե ինչ դատողություններ են անում, ասաց. «Այդ ինչե՞ր եք մտածում: 23  Հեշտ է ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է այս մարդուն ասել՝ վեր կաց ու քայլիր, և նա վեր կենա: 24  Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու: Որպեսզի համոզվեք դրանում...– դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց,– Ասում եմ քեզ, վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»:+ 25  Նա էլ բոլորի աչքի առաջ վեր կացավ, վերցրեց պատգարակը և Աստծուն փառաբանելով՝ տուն գնաց: 26  Ամենքն ապշել էին: Նրանք փառաբանում էին Աստծուն և ակնածանքով լցված՝ ասում էին. «Ի՜նչ արտասովոր բաներ տեսանք այսօր»: 27  Այդտեղից գնալիս Հիսուսը մաքսատանը նստած մի մարդու տեսավ, որի անունը Ղևի էր, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»:+ 28  Ղևին էլ, ամեն բան թողնելով, վեր կացավ ու նրան հետևեց: 29  Հետո իր տանը Հիսուսի համար մեծ ճաշկերույթ կազմակերպեց: Սեղան նստածների մեջ էին նաև շատ հարկահավաքներ:+ 30  Դա տեսնելով՝ փարիսեցիները իրենց դժգոհությունն արտահայտեցին ու ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ եք հարկահավաքների և մեղսագործների հետ ուտում ու խմում»:+ 31  Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները:+ 32  Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին, որպեսզի նրանց հորդորեմ զղջալ»:+ 33  Նրանք էլ ասացին. «Հովհաննեսի աշակերտները հաճախակի ծոմ են պահում և ջերմեռանդորեն աղոթում, փարիսեցիների աշակերտներն էլ են նույնն անում, իսկ քո աշակերտները ուտում ու խմում են»:+ 34  Հիսուսն ասաց. «Ինչպե՞ս կարող եք փեսայի ընկերներին պարտադրել, որ ծոմ պահեն, երբ փեսան դեռ նրանց հետ է: 35  Սակայն օրեր կգան, երբ փեսային+ կխլեն նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն»:+ 36  Ապա Հիսուսը մի օրինակ բերեց. «Ոչ ոք նոր վերնահագուստից կտոր չի կտրում և կարում հին վերնահագուստի վրա, այլապես այդ նոր կտորից կարկատանը կպատռի հին հագուստը: Նոր հագուստից վերցված կտորը հնին համապատասխան չէ:+ 37  Նաև ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը նոր գինուց կպատռվեն: Արդյունքում գինին կթափվի, տիկերն էլ կփչանան: 38  Դրա համար նոր գինին հարկավոր է լցնել նոր տիկերի մեջ: 39  Հին գինին խմած մարդը չի ուզում նորը փորձել և ասում է. «Հինը լավն է»»:

Ծանոթագրություններ

Կոչվում է նաև Քեներեթի ծով, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:
Բռց.՝ «մաքրել»:
Բռց.՝ «դպիրներ»:
Այսինքն՝ նրանց, ովքեր իրենց մյուսներից արդար էին համարում: