Ղուկաս 6։1-49

  • Շաբաթը Հիսուսի իշխանության տակ է (1-5)

  • Կռկված ձեռքով մարդը բուժվում է (6-11)

  • 12 առաքյալները (12-16)

  • Հիսուսն ուսուցանում է և բուժում մարդկանց (17-19)

  • Հիսուսն ում է համարում երջանիկ և ում է ասում՝ «վա՜յ» (20-26)

  • Սիրել թշնամիներին (27-36)

  • Մի՛ դատեք (37-42)

  • Ծառն իր պտղից է ճանաչվում (43-45)

  • Լավ կառուցված տունը և առանց ամուր հիմքի կառուցված տունը (46-49)

6  Մի անգամ՝ Շաբաթ օրով, Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով:+ Աշակերտները ցորենի հասկեր էին պոկում, տրորում էին ափերի մեջ և ուտում:+  Դա տեսնելով՝ փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ ինչո՞ւ եք անում մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»:+  Բայց Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին:+  Նա Աստծու տուն մտավ և ստանալով սուրբ հացերը՝* կերավ ու իր մարդկանց էլ տվեց, թեև քահանաներից բացի՝ ուրիշ ոչ ոք իրավասություն չուներ ուտելու դրանցից»:+  Ապա ավելացրեց. «Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+  Մեկ ուրիշ Շաբաթ օր+ էլ նա մտավ ժողովարան և սկսեց ուսուցանել: Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը կռկված* էր:+  Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն:  Սակայն նա գիտեր՝ ինչ կար նրանց մտքին,+ ուստի այդ մարդուն ասաց. «Վեր կաց ու կանգնիր այստեղ՝ մեջտեղում»: Նա էլ վեր կացավ ու կանգնեց այնտեղ:  Այդ ժամանակ Հիսուսն ասաց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին. «Ձեզ մի հարց տամ՝ ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ 10  Եվ նայելով նրանց բոլորին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց, և այն առողջացավ: 11  Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, խիստ չարացած, սկսեցին խորհրդակցել, թե ինչ անեն Հիսուսին: 12  Այդ նույն ժամանակահատվածում Հիսուսը սար գնաց, որ աղոթի,+ և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով:+ 13  Իսկ երբ օրը բացվեց, մարդ ուղարկեց, որ աշակերտներին կանչի իր մոտ, ապա նրանց միջից ընտրեց 12 հոգու և կոչեց առաքյալներ:+ 14  Նրանք էին Սիմոնը, որին նաև Պետրոս կոչեց, Անդրեասը՝ նրա եղբայրը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպոսը,+ Բարդուղիմեոսը, 15  Մատթեոսը, Թովմասը,+ Հակոբոսը՝ Ալփեոսի որդին, Սիմոնը, որին Նախանձախնդիր էին կոչում, 16  Հուդան՝ Հակոբոսի որդին, և Հուդա Իսկարիովտացին, որը դավաճան դարձավ: 17  Հետո նրանց հետ իջավ և հասնելով մի հարթ տեղանք՝ կանգ առավ: Այնտեղ հավաքված էին աշակերտների մի մեծ խումբ և մարդկանց մի մեծ բազմություն, որոնք եկել էին Երուսաղեմից, ողջ Հրեաստանից, Տյուրոսի ու Սիդոնի ափամերձ շրջաններից: Նրանք եկել էին Հիսուսին լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու: 18  Նույնիսկ չար* ոգիներից տանջվողներն էին բուժվում: 19  Բոլորն ուզում էին դիպչել Հիսուսին, քանի որ երբ դիպչում էին, նրանից ուժ էր դուրս գալիս,+ և իրենք բուժվում էին: 20  Հիսուսը հայացքն ուղղեց իր աշակերտներին ու ասաց. «Երջանիկ եք կարիքավորներդ, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը:+ 21  Երջանիկ եք քաղցածներդ, որովհետև կկշտանաք:+ Երջանիկ եք լացողներդ, որովհետև կծիծաղեք:+ 22  Երջանիկ եք, երբ մարդիկ ատեն ձեզ,+ վռնդեն իրենց միջից,+ վիրավորեն ձեզ և արատավորեն ձեր համբավը մարդու Որդու հետևորդը լինելու պատճառով: 23  Ուրախացեք և ցնծացեք այդ օրը, որովհետև ձեզ մեծ վարձատրություն է սպասում Աստծուց.* նրանց նախահայրերը նույն ձևով մարգարեների հետ են վարվել:+ 24  Բայց վա՜յ հարուստներիդ,+ որովհետև դուք ձեր սփոփանքն արդեն լիովին ստացել եք:+ 25  Վա՜յ կշտացածներիդ, որովհետև կսովածանաք: Վա՜յ ծիծաղողներիդ, որովհետև կսգաք ու լաց կլինեք:+ 26  Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին.+ նույն բանը նրանց նախահայրերը կեղծ մարգարեների հանդեպ են արել: 27  Բոլոր ինձ լսողներիդ ասում եմ. միշտ այսպես վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին,+ 28  օրհնեք ձեզ անիծողներին և աղոթեք ձեզ վիրավորողների համար:+ 29  Ով խփի ձեր մի այտին, մյուսն էլ նրան դարձրեք: Ով վերցնի ձեր վերնահագուստը, ձեր վրայի մյուս հագուստն էլ տվեք:+ 30  Ով ձեզնից մի բան խնդրի,+ տվեք նրա խնդրածը և հետ մի՛ ուզեք ձեզնից վերցվածը: 31  Ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, հենց այդպես էլ դուք վարվեք նրանց հետ:+ 32  Եթե սիրեք միայն նրանց, ովքեր սիրում են ձեզ, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք: Չէ՞ որ մեղսագործներն էլ են սիրում իրենց սիրողներին:+ 33  Եվ եթե միայն ձեզ բարիք անողներին բարիք անեք, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք: Մեղսագործներն էլ են այդպես անում: 34  Եթե պարտք տաք* միայն նրանց, ովքեր, ձեր կարծիքով, հաստատ կվերադարձնեն, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք:+ Անգամ մեղսագործներն են պարտք տալիս մեղսագործներին լիովին հետ ստանալու ակնկալիքով: 35  Իսկ դուք այլ կերպ վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք մարդկանց, պարտք տվեք առանց որևէ բան հետ ստանալու ակնկալիքի+ և այդ դեպքում մեծ վարձատրություն կստանաք: Այդպիսով դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարի է նույնիսկ անշնորհակալ ու չար մարդկանց հանդեպ:+ 36  Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ:+ 37  Մի՛ դատեք* և ամենևին էլ չեք դատվի,+ մի՛ դատապարտեք և չեք դատապարտվի: Ներեք* և կներվեք:+ 38  Տվեք, և մարդիկ կտան ձեզ:+ Նրանք ձեր փեշը կլցնեն առատորեն՝ լավ սեղմելով, թափահարելով, այնպես որ լեփ-լեցուն լինի: Ինչպես վերաբերվեք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն»:* 39  Հետո Հիսուսը սկսեց օրինակներ բերել. «Ինչպե՞ս կարող է կույրը կույրին առաջնորդել: Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն:+ 40  Աշակերտն իր ուսուցչից առավել չէ, և լիարժեքորեն ուսուցանվածը կնմանվի իր ուսուցչին: 41  Այդ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղին ուշադրություն դարձնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում:+ 42  Ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ «Եղբա՛յրս, թող աչքիդ միջի շյուղը հանեմ», իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, այդ ժամանակ հստակ կտեսնես ու կկարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել: 43  Ոչ մի լավ ծառ վատ պտուղ չի տալիս, և ոչ մի վատ ծառ լավ պտուղ չի տալիս:+ 44  Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում:+ Չէ՞ որ փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ փշաթփից՝ խաղող: 45  Բարի մարդը բարի բաներ է խոսում, քանի որ սրտում բարի բաներ է կուտակել, իսկ չար մարդը չար բաներ է խոսում, քանի որ սրտում չար բաներ է կուտակել: Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը:+ 46  Դուք ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեք անում իմ ասածները:+ 47  Նրան, ով գալիս է ինձ մոտ, լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք, ահա թե ում կնմանեցնեմ.+ 48  նա նման է մի մարդու, որը տուն կառուցելու համար հողը խորը փորեց, մինչև հասավ ժայռոտ մասին, և հիմքը դրա վրա գցեց: Հետո երբ շատ անձրև եկավ, հեղեղված գետի ջրերը ուժգին զարկվեցին այդ տանը, բայց տունն անսասան մնաց, որովհետև լավ էր կառուցված:+ 49  Մինչդեռ նա, ով լսում է իմ խոսքերը և չի կատարում դրանք,+ նման է մի մարդու, որն իր տունը հողի վրա կառուցեց՝ առանց ամուր հիմքի: Գետի ջրերը զարկվեցին այդ տանը, և այն իսկույն փուլ եկավ ու ամբողջությամբ ավերակների վերածվեց»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստծու առաջ դրվող հացերը»:
Կամ՝ «կաթվածահար»:
Բռց.՝ «Դպիրները»:
Կամ՝ «հոգի»:
Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «երկնքում»:
Այսինքն՝ առանց տոկոսի պարտք տաք:
Բռց.՝ «Շարունակեք ներել»:
Կամ՝ «Մի՛ քննադատեք», «Մի՛ մեղադրեք»: Բռց.՝ «Դադարե՛ք դատելուց»:
Կամ՝ «Ինչ չափով որ չափեք ու տաք ուրիշներին, նույն չափով էլ կչափվի ու կտրվի ձեզ»: