Ղուկաս 9։1-62

  • Հիսուսը ծառայության հետ կապված հրահանգներ է տալիս 12 առաքյալներին (1-6)

  • Հերովդեսը տարակուսանքի մեջ է ընկնում՝ լսելով Հիսուսի մասին (7-9)

  • Հիսուսը կերակրում է 5 000 մարդու (10-17)

  • Պետրոսն ասում է, որ Հիսուսը Քրիստոսն է (18-20)

  • Հիսուսը խոսում է իր մոտալուտ մահվան մասին (21, 22)

  • Ինչ է պահանջվում Հիսուսի ճշմարիտ հետևորդը լինելու համար (23-27)

  • Հիսուսի այլակերպությունը (28-36)

  • Դիվահար տղան բուժվում է (37-43ա)

  • Հիսուսը կրկին խոսում է իր մոտալուտ մահվան մասին (43բ-45)

  • Աշակերտները վիճում են, թե իրենցից ով է մեծ (46-48)

  • Ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է (49, 50)

  • Սամարիայի գյուղերից մեկում չեն ընդունում Հիսուսին (51-56)

  • Հիսուսի հետևորդը լինելու պահանջները (57-62)

9  Այնուհետև Հիսուսը 12 առաքյալներին մեկտեղ կանչեց և նրանց զորություն ու իշխանություն տվեց, որ կարողանան հանել բոլոր դևերին+ և հիվանդություններ բուժել:+  Ապա նրանց ուղարկեց քարոզելու Աստծու թագավորության մասին և բուժումներ անելու:  Նա ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք՝ ո՛չ ցուպ, ո՛չ պայուսակ, ո՛չ հաց, ո՛չ փող* և ո՛չ էլ փոխնորդ հագուստ:*+  Որտեղ էլ ինչ-որ մեկի տուն մտնեք, մնացեք այնտեղ, քանի դեռ չեք հեռացել այդ տեղանքից:+  Եթե որևէ քաղաքում ձեզ չընդունեն, այդտեղից հեռանալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից՝ ցույց տալով, որ զգուշացրել եք նրանց»:*+  Եվ նրանք ճանապարհ ընկան ու սկսեցին շրջել գյուղից գյուղ՝ ամենուր քարոզելով բարի լուրը և բուժումներ անելով:+  Այս ամենի մասին լսելով՝ մարզի կառավարիչ* Հերովդեսը* տարակուսանքի մեջ ընկավ, որովհետև ոմանք ասում էին, թե դա Հովհաննեսն է, որը հարություն է առել,+  ոմանք էլ ասում էին, թե Եղիան է հայտնվել, իսկ ուրիշներն ասում էին՝ հնում ապրած մարգարեներից մեկն է հարություն առել:+  Հերովդեսն ասաց. «Բայց չէ՞ որ ես Հովհաննեսին գլխատել եմ:+ Ուրեմն ո՞վ է այդ մարդը, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եվ նրան տեսնելու առիթ էր փնտրում:+ 10  Երբ առաքյալները վերադարձան, Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ արել էին:+ Հետո նրանց իր հետ վերցնելով՝ Հիսուսը գնաց Բեթսայիդա քաղաք, որ մենակ մնան:+ 11  Երբ մարդիկ իմացան նրա տեղը, գնացին, որ հանդիպեն նրան: Հիսուսը ջերմորեն ընդունեց նրանց ու սկսեց խոսել Աստծու թագավորության մասին և բուժել հիվանդներին:+ 12  Օրվա վերջում 12 առաքյալները նրա մոտ եկան ու ասացին. «Թող մարդիկ գնան մոտակա գյուղերն ու բնակավայրերը, որ գիշերելու տեղ և ուտելիք գտնեն, որովհետև այս տեղը ամայի է»:+ 13  Բայց Հիսուսն ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»:+ Նրանք էլ ասացին. «Մենք, բացի հինգ հացից ու երկու ձկից, ուրիշ ոչինչ չունենք: Կամ էլ ինքներս պետք է գնանք և ուտելիք գնենք այս ողջ ժողովրդի համար»: 14  Իսկ այնտեղ մոտ 5 000 տղամարդ կար: Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Նրանց նստեցրեք մոտ 50-հոգանոց խմբերով»: 15  Նրանք արեցին Հիսուսի ասածը և նստեցրին բոլոր մարդկանց: 16  Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ Հիսուսը դեպի երկինք նայեց ու աղոթեց:* Ապա հացերը մասերի բաժանեց և ուտելիքը տվեց աշակերտներին, որ բաշխեն ժողովրդին: 17  Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+ 18  Մի օր, երբ Հիսուսը մենակ աղոթում էր, աշակերտները նրա մոտ եկան: Նա հարցրեց. «Ժողովուրդն ի՞նչ է ասում, ո՞վ եմ ես»:+ 19  Նրանք պատասխանեցին. «Ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք էլ ասում են՝ Եղիան, իսկ ուրիշներն ասում են՝ հնում ապրած մարգարեներից մեկն ես, որը հարություն է առել»:+ 20  Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխանեց. «Դու Աստծու Օծյալն ես»:*+ 21  Հիսուսը խստիվ պատվիրեց, որ այդ մասին ոչ ոքի չասեն,+ 22  ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի+ ու երրորդ օրը հարություն առնի»:+ 23  Հետո Հիսուսն ասաց բոլորին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը+ և ամեն օր կրելով իր տանջանքի սյունը՝* շարունակ ինձ հետևի:+ 24  Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+ 25  Ի՞նչ օգուտ, եթե մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը կամ այլ վնաս կրի:+ 26  Ով որ ամաչի ասել, որ իմ աշակերտն է և հավատում է իմ խոսքերին, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է, երբ գա իր փառքով, իր Հոր փառքով և սուրբ հրեշտակների փառքով:+ 27  Հավաստիացնում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունը»:+ 28  Այս խոսքերն ասելուց մոտ ութ օր անց Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին և բարձրացավ սար՝ աղոթելու:+ 29  Մինչ նա աղոթում էր, նրա երեսը սկսեց շողալ, և հագուստը սպիտակափայլ դարձավ: 30  Եվ ահա հայտնվեցին երկու մարդ, որ խոսում էին նրա հետ՝ Մովսեսն ու Եղիան: 31  Նրանցից փառահեղ լույս էր ճառագում, ու նրանք խոսում էին Հիսուսի՝ աշխարհից հեռանալու մասին, ինչը տեղի էր ունենալու Երուսաղեմում:+ 32  Իսկ Պետրոսն ու մյուսները կիսաքնած էին: Քնից լիովին սթափվելով՝ նրանք տեսան փառավորված Հիսուսին+ և նրա հետ կանգնած երկու մարդկանց: 33  Երբ այդ մարդիկ պատրաստվում էին հեռանալ Հիսուսի մոտից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: Նա ինքն էլ չէր գիտակցում՝ ինչ է ասում: 34  Մինչ Պետրոսը խոսում էր, մի ամպ գոյացավ նրանց գլխավերևում: Երբ ամպը պատեց նրանց, նրանք վախով լցվեցին: 35  Եվ մի ձայն լսվեց+ ամպի միջից. «Սա է իմ Որդին, որին ես ընտրել եմ:+ Լսե՛ք նրան»:+ 36  Երբ այդ ձայնը լսվեց, նրանք տեսան, որ Հիսուսն արդեն մենակ է: Մի որոշ ժամանակ նրանք իրենց տեսածը ոչ ոքի չպատմեցին և լռեցին այդ մասին:+ 37  Հաջորդ օրը, երբ իջան սարից, մի մեծ բազմություն եկավ Հիսուսին ընդառաջ:+ 38  Մի մարդ բազմության միջից բղավեց. «Ուսուցի՛չ, աղաչում եմ, օգնիր* որդուս, նա իմ մինուճարն է:+ 39  Մի չար ոգի է տիրում տղայիս, և նա հանկարծակի գոռում է, ցնցումների մեջ է ընկնում, ու նրա բերանը փրփրում է: Տղայիս վնասելուց հետո միայն ոգին մի կերպ թողնում է նրան: 40  Քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն այդ ոգուն, բայց չկարողացան»: 41  Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ ու ապականված սերունդ,+ դեռ ինչքա՞ն պետք է ձեզ հետ մնամ և ինչքա՞ն պետք է հանդուրժեմ ձեզ: Տղայիդ այստեղ բեր»:+ 42  Մինչ տղան մոտենում էր, դևը նրան գետնով տվեց և ուժգին ցնցումների մեջ գցեց: Բայց Հիսուսը սաստեց չար* ոգուն և բուժեց տղային: Ապա նրան իր հորը տվեց: 43  Աստծու մեծ զորությունը տեսնելով՝ բոլորը ապշել էին: Մարդիկ դեռ Հիսուսի արածների տպավորության տակ էին, երբ նա իր աշակերտներին ասաց. 44  «Ուշադիր լսեք և հիշեք այն, ինչ կասեմ. մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի»:+ 45  Սակայն նրանք չէին հասկանում՝ ինչ նկատի ունի. ասվածի իմաստը ծածկված էր նրանցից, դրա համար էլ չէին կարողանում ըմբռնել, իսկ հարցնել վախենում էին: 46  Հետո աշակերտների մեջ վեճ սկսվեց, թե իրենցից ով է մեծ:+ 47  Հիսուսն էլ, իմանալով, թե ինչ կա նրանց սրտում, կանչեց մի երեխայի, կանգնեցրեց իր կողքին 48  ու ասաց նրանց. «Ով, հանուն ինձ, գրկաբաց ընդունի այս երեխայի նման մարդկանց,* ինձ էլ ընդունած կլինի: Եվ ինձ ընդունողը ընդունած կլինի նաև ինձ ուղարկողին:+ Ձեր մեջ ով փոքրի պես է վարվում, նա է մեծ»:+ 49  Հովհաննեսն ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք հետ պահել նրան, որովհետև նա մեզ հետ չէ»:+ 50  Բայց Հիսուսն ասաց. «Չխանգարեք նրան, որովհետև նա, ով ձեզ հակառակ չէ, ձեր կողմն է»: 51  Երբ արդեն մոտեցել էին Հիսուսի համբարձվելու օրերը,+ նա վճռականորեն տրամադրվեց Երուսաղեմ գնալ: 52  Իրենից առաջ նա ուղարկեց աշակերտներից մի քանիսին: Նրանք էլ գնացին Սամարիայի գյուղերից մեկը, որ նրա գալու համար պատրաստություն տեսնեն: 53  Բայց այնտեղի մարդիկ, երբ իմացան, որ Հիսուսը ուղևորվում է դեպի Երուսաղեմ, չընդունեցին նրան:+ 54  Տեսնելով նրանց արձագանքը՝ Հակոբոս ու Հովհաննես+ աշակերտներն ասացին. «Տե՛ր, կուզե՞ս՝ խնդրենք, որ երկնքից կրակ իջնի ու ոչնչացնի նրանց»:+ 55  Բայց Հիսուսը շրջվեց այդ երկուսի կողմը և սաստեց նրանց: 56  Ապա բոլորը միասին ուրիշ գյուղ գնացին: 57  Ճանապարհին մի մարդ ասաց Հիսուսին. «Ուր էլ որ գնալու լինես, կհետևեմ քեզ»: 58  Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:+ 59  Իսկ հետո մեկ ուրիշ մարդու ասաց. «Իմ հետևորդը դարձիր»: Նա էլ պատասխանեց. «Տե՛ր, թույլ տուր՝ նախ գնամ իմ հորը թաղեմ»:+ 60  Բայց Հիսուսն ասաց. «Թող մահացածները+ թաղեն մահացածներին,* իսկ դու գնա և ամենուրեք հռչակիր Աստծու թագավորության մասին»:+ 61  Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, ես կհետևեմ քեզ, բայց նախ թույլ տուր՝ հրաժեշտ տամ տնեցիներիս»: 62  Հիսուսն ասաց. «Այն մարդը, ով ձեռքը արորի* վրա է դնում, որ հերկի արտը, բայց հետ է նայում,*+ հարմար չէ Աստծու թագավորության համար»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երկու ներքնազգեստ»:
Բռց.՝ «արծաթ»:
Բռց.՝ «որպես վկայություն նրանց դեմ»:
Բռց.՝ «չորրորդապետ»:
Այսինքն՝ Հերովդես Անտիպասը: Բառարանում տես «Հերովդես»:
Բռց.՝ «օրհնեց դրանք»:
Բռց.՝ «Աստծու Քրիստոսն ես»:
Բռց.՝ «դպիրների»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «նայիր»:
Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «այսպիսի փոքր երեխայի»:
Ակներևաբար, խոսքը հոգևորապես մահացած մարդկանց մասին է:
Հողը վարելու գործիք:
Կամ՝ «նայում է հետևում եղած բաներին»: