Ղևտական 16։1-34

  • Քավության օր (1-34)

16  Այն բանից հետո, երբ Ահարոնի երկու որդիները Եհովայի առաջ ներկայանալու* պատճառով մահացան,+ Եհովան խոսեց Մովսեսի հետ:  Եհովան ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա, որ նա չպետք է ցանկացած ժամանակ մտնի Սրբությունների Սրբություն՝*+ վարագույրից ներս,+ և կանգնի տապանակի կափարիչի դիմաց, այլապես կմեռնի,+ քանի որ ես հայտնվելու եմ կափարիչի վերևում՝+ ամպի մեջ:+  Ահա թե ինչ պետք է զոհաբերի Ահարոնը, երբ մտնի Սրբությունների Սրբություն. մատղաշ ցուլ՝ որպես մեղքի զոհ,+ և արու ոչխար՝ որպես ողջակեզ:+  Նա պետք է հագնի կտավե երկար սուրբ զգեստը,+ նաև կտավե վարտիքը՝+ մերկությունը* ծածկելու համար: Նա իր մեջքին պետք է կապի կտավե գոտին+ և գլխին փաթաթի կտավե գլխափաթթոցը:+ Դրանք սուրբ հագուստներ են:+ Նախքան դրանք հագնելը նա պետք է լողանա:+  Իսրայելի ժողովուրդը+ Ահարոնին պետք է տա երկու մատղաշ արու այծ մեղքի զոհի համար և մեկ արու ոչխար՝ ողջակեզի համար:  Ապա Ահարոնը պետք է բերի այն ցուլը, որը մատուցվելու է որպես մեղքի զոհ իր համար, և պետք է քավություն անի ինչպես իր,+ այնպես էլ իր տան համար:  Իսկ հետո նա պետք է հանդիպման վրանի մուտքի մոտ բերի երկու այծերը ու կանգնեցնի Եհովայի առաջ:  Ահարոնը երկու այծի համար պետք է վիճակ* հանի՝ տեսնելու, թե որ մեկը կլինի Եհովայի համար, և որ մեկը՝ ժողովրդի մեղքը տանելու համար:*  Ահարոնը պետք է մոտ բերի վիճակով+ Եհովայի համար ընտրված այծը, որ այն մատուցի որպես մեղքի զոհ: 10  Իսկ այն այծը, որը վիճակով կընտրվի ժողովրդի մեղքը իր հետ տանելու համար,* պետք է ողջ-ողջ կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա միջոցով քավություն արվի, և այն արձակվի դեպի անապատ՝ ժողովրդի մեղքը իր հետ տանելու համար:*+ 11  Այսպիսով՝ Ահարոնը զոհասեղանի մոտ կբերի այն ցուլը, որը մատուցվելու է որպես մեղքի զոհ իր համար, որ քավություն անի ինչպես իր, այնպես էլ իր տան համար:+ Ապա կմորթի այդ ցուլը: 12  Նա պետք է Եհովայի առաջ գտնվող զոհասեղանի+ վրայից այրվող ածուխներ լցնի կրակամանի+ մեջ, վերցնի երկու բուռ մանրացված անուշահոտ խունկ+ ու դրանք բերի վարագույրից ներս:+ 13  Հետո Ահարոնը Եհովայի առաջ+ խունկը պետք է լցնի այրվող ածուխների վրա, որ խնկի ծուխը պարուրի Վկայության+ տապանակի կափարիչը,+ որպեսզի Ահարոնը չմեռնի: 14  Նա կվերցնի ցլի արյունից+ և իր մատով կցողի տապանակի* դիմաց՝ դրա արևելյան կողմում: Այդ արյունից նա տապանակի* առաջ կցողի յոթ անգամ:+ 15  Այնուհետև կմորթի այն այծը, որը պետք է մատուցվի որպես մեղքի զոհ ժողովրդի համար,+ և դրա արյունը կբերի վարագույրից ներս:+ Այդ արյունը+ նա կցողի այնպես, ինչպես որ ցլի արյունը. այն պետք է ցողի տապանակի* առաջ: 16  Նա պետք է քավություն անի Սրբությունների Սրբության* համար՝ այն մաքրելով իսրայելացիների անմաքրություններից, հանցանքներից ու մեղքերից.+ նույնը պետք է անի նաև հանդիպման վրանի համար, քանի որ այն գտնվում է իսրայելացիների մեջ, ովքեր անմաքուր գործեր են անում: 17  Երբ Ահարոնը մտնի հանդիպման վրան՝ Սրբությունների Սրբությունում* քավություն անելու, այդ պահից մինչ նրա դուրս գալը նրանից բացի ուրիշ ոչ ոք չպետք է լինի այնտեղ: Ահարոնը այնտեղ քավություն կանի իր համար, ինչպես նաև իր տան+ և Իսրայելի ամբողջ ժողովի համար:+ 18  Հետո պետք է դուրս գա և մոտենա Եհովայի առաջ գտնվող զոհասեղանին+ ու քավություն անի դրա համար. նա պետք է վերցնի ցլի արյունից և այծի արյունից ու քսի զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին: 19  Նաև այդ արյունից իր մատով պետք է յոթ անգամ ցողի դրա վրա, այն մաքրի իսրայելացիների անմաքրությունից ու սրբագործի:* 20  Երբ նա վերջացնի Սրբությունների Սրբության,* հանդիպման վրանի և զոհասեղանի համար+ քավություն անելը,+ պետք է մոտ բերի կենդանի այծը:+ 21  Ահարոնն իր երկու ձեռքը պետք է դնի այդ այծի գլխին ու խոստովանի իսրայելացիների բոլոր օրինազանցությունները, հանցանքներն ու մեղքերը՝ դրանք ասես դնելով այծի գլխին:+ Հետո կենդանուն պետք է հանձնի նշանակված* մարդու ձեռքը, որ նա տանի անապատ: 22  Այծը նրանց բոլոր անօրենությունները+ իր հետ կտանի անապատ:+ Այնտեղ այն բաց կթողնվի:+ 23  Ապա Ահարոնը կմտնի հանդիպման վրան և իր հագից կհանի կտավե հագուստները, որ հագել էր Սրբությունների Սրբություն* մտնելիս, ու դրանք կդնի վրանում: 24  Հետո պետք է սուրբ վայրի տարածքում լողանա,+ հագնի իր հագուստները,+ դուրս գա և մատուցի իր ողջակեզն+ ու ժողովրդի ողջակեզը+ և քավություն անի ինչպես իր, այնպես էլ ժողովրդի համար:+ 25  Նա զոհասեղանի վրա կայրի այն կենդանու ճարպը, որը մատուցվել է որպես մեղքի զոհ: 26  Իսկ այն մարդը, ով այծին բաց էր թողնելու, որ այն իր հետ տանի ժողովրդի մեղքը,*+ պետք է լվանա իր հագուստները, լողանա և դրանից հետո կարող է ճամբար մտնել: 27  Ինչ որ կմնա ցլից և այծից, որոնք մատուցվել են որպես մեղքի զոհեր, և որոնց արյունը բերվել է Սրբությունների Սրբություն՝* քավություն անելու համար, պետք է ճամբարից դուրս տարվի: Դրանց կաշին, միսն ու աղիքների պարունակությունը հարկավոր է այրել:+ 28  Այդ ամենն այրողը պետք է լվանա իր հագուստները, լողանա և դրանից հետո կարող է ճամբար մտնել: 29  Ահա մի կանոն, որ պետք է ձեզ համար մնայուն լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ* և ոչ մի գործ չպետք է անեք:+ Դա վերաբերում է թե՛ բնիկին և թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտին: 30  Այդ օրը ձեզ համար քավություն կարվի,+ որ մաքուր հայտարարվեք: Եվ դուք Եհովայի առաջ կմաքրվեք ձեր բոլոր մեղքերից:+ 31  Դա Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր ձեզ համար, և դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:+ Սա մնայուն կանոն է: 32  Այն քահանան, որը կօծվի+ և իր հոր փոխարեն+ կնշանակվի* ծառայելու որպես քահանայապետ,+ պետք է քավություն անի՝ կտավե սուրբ հագուստները հագած:+ 33  Նա պետք է քավություն անի Սրբությունների Սրբության,*+ հանդիպման վրանի+ և զոհասեղանի+ համար, ինչպես նաև քահանաների և Իսրայելի ողջ ժողովրդի համար:+ 34  Սա ձեզ համար մնայուն կանոն պետք է լինի.+ տարին մեկ անգամ պետք է իսրայելացիների բոլոր մեղքերի համար քավություն անեք»:+ Ահարոնն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

Ծանոթագրություններ

Խոսքը անընդունելի կերպով ներկայանալու մասին է:
Բռց.՝ «սուրբ վայրը»:
Կամ՝ «սեռական օրգանները»:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «ազազելի համար»: Բառարանում տես «Ազազել»:
Բռց.՝ «ազազելի համար»: Բառարանում տես «Ազազել»:
Բռց.՝ «ազազելի համար»: Բառարանում տես «Ազազել»:
Բռց.՝ «կափարիչի»:
Բռց.՝ «կափարիչի»:
Բռց.՝ «կափարիչի»:
Բռց.՝ «սուրբ վայրի»:
Բռց.՝ «սուրբ վայրում»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «սուրբ վայրի»:
Կամ՝ «պատրաստ կանգնած»:
Բռց.՝ «սուրբ վայր»:
Բռց.՝ «բաց էր թողնելու ազազելի համար»:
Բռց.՝ «սուրբ վայր»:
Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:
Բռց.՝ «ում ձեռքը կլցվի»:
Բռց.՝ «սուրբ սրբարանի»: