Ղևտական 19։1-37

  • Սուրբ լինելու հետ կապված տարբեր օրենքներ (1-37)

    • Բերքահավաքի հետ կապված կանոններ (9, 10)

    • Պատշաճ վերաբերմունք խուլերի և կույրերի հանդեպ (14)

    • Զրպարտություն (16)

    • Ոխ չպահել (18)

    • Մոգությամբ և ոգեհարցությամբ զբաղվելը արգելվում է (26, 31)

    • Դաջվածքներ անելը արգելվում է (28)

    • Հարգանք՝ տարեցների նկատմամբ (32)

    • Պանդուխտների հանդեպ վերաբերմունքը (33, 34)

19  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի ողջ ժողովրդի հետ և ասա. «Սո՛ւրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ:+  Ձեզանից ամեն մեկը պետք է հարգի* իր հորն ու մորը+ և պետք է պահի իմ Շաբաթները:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:  Փուչ աստվածների չպաշտեք և ձեզ համար ձուլածո աստվածներ չշինեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:  Եթե Եհովային խաղաղության զոհ մատուցելու լինեք, այն ճիշտ ձևով մատուցեք, որպեսզի հավանություն ստանաք:+  Այն հարկավոր է ուտել մատուցելու օրը և հաջորդ օրը: Իսկ ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի:+  Սակայն եթե երրորդ օրը որևէ մեկը դրա մսից ուտի, այդ զոհը ընդունելի չի լինի: Դա պղծություն է:  Ուտողը պատասխան կտա իր հանցանքի համար, որովհետև նա պղծել է Եհովային մատուցված սուրբ ընծան. այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:  Երբ երկրի բերքը հնձելու լինեք, ձեր արտը ամբողջությամբ՝ մինչև եզրերը, չհնձեք և բերքի մնացորդները չհավաքեք:+ 10  Նաև չքաղեք ձեր խաղողի այգում բերքահավաքից մնացած խաղողները, ոչ էլ գետնին ընկածը կհավաքեք: Դրանք աղքատի+ ու պանդուխտի համար կթողնեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 11  Գողություն չանեք,+ չխաբեք+ և դիմացինի հետ անազնվությամբ չվարվեք: 12  Իմ անունով սուտ երդում չտաք,+ որ ձեր Աստծու անունը չանարգեք: Ես Եհովան եմ: 13  Ոչ մեկից խաբեությամբ ոչինչ չկորզեք+ ու ոչ մեկին չկողոպտեք:+ Վարձու աշխատողի վարձը չպետք է ուշացնեք մինչև հաջորդ առավոտ:+ 14  Խուլ մարդուն չանիծեք և կույրի առաջ խոչընդոտ չդնեք:+ Վախեցեք* ձեր Աստծուց:+ Ես Եհովան եմ: 15  Դատ վարելիս անարդարություն չանեք: Աղքատի կողմը չբռնեք զուտ այն պատճառով, որ նա աղքատ է, ոչ էլ նախապատվությունը հարուստին կտաք:+ Բոլորին արդարությամբ դատեք: 16  Ժողովրդի մեջ զրպարտություն տարածելով ման չգաք:+ Ձեր դրացու կյանքի* դեմ ոտնձգություն չանեք:*+ Ես Եհովան եմ: 17  Սրտներումդ ձեր եղբորը չատեք:+ Անպայման ուղղեք ձեր եղբորը,+ որ դուք էլ նրա պես հանցավոր չլինեք: 18  Վրեժխնդիր չլինեք+ ու դիմացինի դեմ ոխ չպահեք. սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես:+ Ես Եհովան եմ: 19  Պետք է պահեք իմ կանոնները: Երկու տեսակ ընտանի կենդանիներ չխաչասերեք, ձեր արտում երկու տեսակ սերմ չցանեք+ և երկու տարատեսակ թելերից գործված հագուստ չհագնեք:+ 20  Եթե մի տղամարդ սեռական հարաբերություն ունենա մի կնոջ հետ, որն աղախին է, և որին խոստացել են կնության տալ ուրիշ մարդու, բայց դեռ չեն փրկագնել և ազատություն չեն շնորհել, ապա հարկավոր է պատիժ սահմանել: Սակայն նրանց պետք չէ մահվան մատնել, որովհետև կինը դեռ ազատ չէր արձակվել: 21  Տղամարդը պետք է հանցանքի զոհ բերի Եհովային. մեկ արու ոչխար պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 22  Քահանան, հանցանքի զոհի արու ոչխարը մատուցելով, Եհովայի առաջ քավություն կանի այդ մարդու գործած մեղքի համար, և նրա մեղքը կներվի: 23  Երբ գնաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և մրգատու ծառ տնկեք, երեք տարի դրա պտղից չպետք է ուտեք, այն պետք է անմաքուր և արգելված* համարեք: 24  Բայց չորրորդ տարում դրա բոլոր պտուղները սուրբ կհամարվեն, և դուք ուրախանալով դրանք Եհովային կնվիրեք:+ 25  Իսկ հինգերորդ տարում կարող եք ուտել դրա պտուղները: Դրանք կարող եք հավաքել ձեզ համար և ավելացնել ձեր մնացած բերքին: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 26  Միսը արյունով չուտեք:+ Նախանշաններով գուշակություն չանեք և մոգությամբ չզբաղվեք:+ 27  Ձեր քունքերի* հատվածի մազերը չսափրեք* և մորուքի ծայրերն այնպես չկտրեք, որ փչացնեք դրա տեսքը:*+ 28  Մահացած մարդու* համար սգալիս ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք:+ Ձեզ վրա դաջվածքներ չանեք: Ես Եհովան եմ: 29  Ձեր աղջկան չպատվազրկեք՝ մարմնավաճառ դարձնելով,+ որ երկիրը չպղծվի մարմնավաճառությամբ և չլցվի անառակ բարքերով:+ 30  Իմ Շաբաթները պահեք+ և իմ սրբարանին խորին հարգանքով* վերաբերվեք: Ես Եհովան եմ: 31  Ոգեհարցների և բախտագուշակների չդիմեք,+ որ չպղծվեք նրանցով: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 32  Ալեհեր մարդու առաջ ոտքի կանգնեք,+ տարեցին պատվեք.+ վախեցեք ձեր Աստծուց:+ Ես Եհովան եմ: 33  Եթե ձեր երկրում պանդուխտ է բնակվում, նրան վատ մի՛ վերաբերվեք:+ 34  Ձեր մեջ բնակվող պանդուխտը պետք է բնիկի պես լինի ձեզ համար:+ Նրան պետք է սիրեք ձեր անձի պես: Չէ՞ որ Եգիպտոսում դուք էլ էիք պանդուխտներ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 35  Որևէ բանի երկարությունը, կշիռը կամ քանակը չափելիս անազնվություն չանեք:+ 36  Պետք է օգտագործեք ճշգրիտ կշեռք, ճշգրիտ կշռաքարեր և ճշգրիտ չափանոթներ:*+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով հանեց ձեզ Եգիպտոսից: 37  Պետք է պահեք իմ սահմանած բոլոր օրենքներն ու կանոնները և ապրեք դրանց համաձայն:+ Ես Եհովան եմ»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վախենա»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «արյան»:
Կամ հնարավոր է՝ «Ձեռքներդ ծալած չկանգնեք, երբ ձեր դրացու կյանքը վտանգված է»:
Բռց.՝ «չթլփատված»:
Այսինքն՝ գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը:
Կամ՝ «չկտրեք»:
Ըստ ամենայնի, այստեղ խոսքը հեթանոսական որոշ սովորույթների մասին է:
Կամ՝ «հոգու»: Եբր. նեֆեշ բառն այստեղ վերաբերում է մահացած մարդուն:
Բռց.՝ «վախով»:
Բռց.՝ «ճշգրիտ արդու և ճշգրիտ հիմեն»: Արդուն օգտագործվում էր հացահատիկի նման սորուն նյութեր չափելու համար, իսկ հիմենը՝ հեղուկներ: Տես հավելված Բ14: