Ղևտական 23։1-44

  • Սուրբ օրեր և տոներ (1-44)

    • Շաբաթ (3)

    • Պասեք (4, 5)

    • Անթթխմոր հացերի տոն (6-8)

    • Առաջին բերքից Եհովային մատուցվող ընծա (9-14)

    • Շաբաթների տոն (15-21)

    • Բերքահավաքի հետ կապված կանոններ (22)

    • Շեփոր հնչեցնելու տոն (23-25)

    • Քավության օր (26-32)

    • Տաղավարների տոն (33-43)

23  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եհովայի սահմանած տոները,+ որ պետք է նշեք* տարվա տարբեր եղանակներին, սուրբ հավաքույթներ են: Պետք է նշեք իմ տոները:+  Վեց օր կարող եք աշխատել, բայց յոթերորդ օրը Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր,+ սուրբ հավաքույթի օր: Ոչ մի գործ չանեք: Այն պետք է լինի Եհովային նվիրված Շաբաթ, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:+  Սրանք են Եհովայի սահմանած տոները: Դրանք սուրբ հավաքույթներ են, որոնց մասին պետք է ազդարարեք, երբ գա դրանց նշանակված ժամանակը:  Առաջին ամսվա 14-րդ օրը+ Պասեք+ է Եհովայի պատվին, որը պետք է սկսեք նշել մթնշաղին:*  Այդ ամսվա 15-րդ օրը Անթթխմոր հացերի տոնն է Եհովայի պատվին:+ Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք:+  Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի ձեզ համար:+ Այդ օրը չպետք է դրսի գործ անեք:*  Յոթ օր հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Յոթերորդ օրը սուրբ հավաքույթ կլինի. այդ օրը նույնպես չպետք է դրսի գործ անեք»»:  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 10  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Երբ գնաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և դրա բերքը հնձեք, ձեր առաջին բերքից+ մի խուրձ բերեք քահանայի մոտ:+ 11  Նա Եհովայի առաջ կերերացնի խուրձը, որ դուք նրա հավանությանն արժանանաք: Քահանան դա պետք է անի Շաբաթին հաջորդող օրը: 12  Ձեր խուրձը երերացնելու օրը պետք է մինչև մեկ տարեկան անարատ արու գառ մատուցեք Եհովային որպես ողջակեզ: 13  Դրա հետ պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա՝ որպես հրկիզվող ընծա Եհովային, որի բուրմունքը հաճելի է* նրան: Իսկ որպես ըմպելիքի ընծա պետք է մատուցվի մեկ քառորդ հիմեն* գինի: 14  Մինչև ձեր Աստծուն ընծա չմատուցեք, չպետք է ուտեք նոր բերքի հացահատիկից, դրանից պատրաստված հաց կամ բոված հացահատիկ: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, որտեղ էլ որ բնակվելիս լինեք: 15  Շաբաթի հաջորդ օրվանից սկսած՝ այն օրվանից, երբ խուրձը բերեք որպես երերացնելու ընծա, պետք է հաշվեք յոթ շաբաթ:+ Դրանք պետք է ամբողջական շաբաթներ լինեն: 16  Յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը, այսինքն՝ 50-րդ օրը,+ նոր հացահատիկից ևս մեկ հացի ընծա մատուցեք Եհովային:+ 17  Ձեր բնակատեղերից որպես երերացնելու ընծա պետք է երկու հաց բերեք: Դրանք պետք է պատրաստված լինեն երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուրից: Դրանք հարկավոր է թթխմորով թխել+ և մատուցել Եհովային որպես ընծա առաջին բերքից:+ 18  Հացերի հետ պետք է մատուցեք յոթ անարատ արու գառ, յուրաքանչյուրը՝ մեկ տարեկան, նաև մեկ մատղաշ ցուլ ու երկու արու ոչխար:+ Հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ միասին դրանք պետք է մատուցվեն Եհովային որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային: 19  Որպես մեղքի զոհ պետք է մատուցեք մեկ ուլ+ և որպես խաղաղության զոհ՝ երկու արու գառ, յուրաքանչյուրը՝ մեկ տարեկան:+ 20  Քահանան պետք է Եհովայի առաջ երկու արու գառները հացահատիկի առաջին բերքից պատրաստված հացերի հետ միասին տարուբերի որպես երերացնելու ընծա: Դրանք Եհովային տրվող սուրբ ընծա են և պետք է քահանային պատկանեն:+ 21  Այդ օրը հայտարարեք,+ որ սուրբ հավաքույթ է: Այդ օրը չպետք է դրսի գործ անեք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, որտեղ էլ որ բնակվելիս լինեք: 22  Երբ երկրի բերքը հնձելու լինեք, արտն ամբողջությամբ՝ մինչև եզրերը, չհնձեք և բերքի մնացորդները չհավաքեք:+ Դրանք աղքատի+ ու պանդուխտի+ համար թողեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»: 23  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 24  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Յոթերորդ ամսվա առաջին օրը պետք է հանգստի հատուկ օր լինի ձեզ համար: Այդ օրը շեփոր կհնչեցվի+ որպես հիշեցում սուրբ հավաքույթի մասին: 25  Դուք չպետք է դրսի գործ անեք և պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային»»: 26  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 27  «Իսկ յոթերորդ ամսվա տասներորդ օրը Քավության օրն է:+ Սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ*+ և հրկիզվող ընծա մատուցեք Եհովային: 28  Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է, երբ ձեր Աստված Եհովայի առաջ քավություն պետք է արվի ձեզ համար:+ 29  Ցանկացած մարդ, ով այդ օրը չզրկի իրեն որոշ բաներից,* պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 30  Եթե որևէ մեկը ինչ-որ գործ անի այդ օրը, ապա ես կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից: 31  Ոչ մի գործ չանեք: Սա ձեզ համար մնայուն կանոն է, որ սերնդեսերունդ պետք է պահեք, որտեղ էլ որ բնակվելիս լինեք: 32  Դա Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր ձեզ համար, և այդ ամսվա իններորդ օրը՝ երեկոյան, դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:+ Այդ երեկոյից մինչև մյուս երեկո պահեք ձեր Շաբաթը»: 33  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 34  «Իսրայելացիներին ասա. «Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ յոթ օր Տաղավարների* տոնը պետք է նշեք Եհովայի պատվին:+ 35  Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի: Այդ օրը դուք չպետք է դրսի գործ անեք: 36  Յոթ օր պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային: Ութերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար,+ և դուք հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Դա հանդիսավոր հավաքույթի օր է. ոչ մի դրսի գործ չպետք է անեք: 37  Սրանք են Եհովայի սահմանած տոները,+ որ պետք է նշեք:* Դրանք սուրբ հավաքույթներ+ են, որոնց ժամանակ պետք է Եհովային հրկիզվող ընծա մատուցեք. ողջակեզ՝+ հացի ընծայի+ ու ըմպելիքի ընծայի+ հետ միասին՝ ըստ յուրաքանչյուր օրվա ընթացակարգի: 38  Սրանք պետք է մատուցեք ի հավելումն այն ամենի, ինչ բերում եք Եհովայի Շաբաթների+ ժամանակ, նաև ի հավելումն ձեր նվերների,+ երդման համաձայն մատուցվող ընծաների+ և Եհովային տրվող ձեր բոլոր կամավոր ընծաների:+ 39  Յոթերորդ ամսվա 15-րդ օրը, երբ երկրի բերքը հավաքած լինեք, յոթ օր պետք է նշեք Եհովային նվիրված տոնը:+ Առաջին օրը հանգստի հատուկ օր պետք է լինի, ութերորդ օրը նույնպես պետք է հանգստի հատուկ օր լինի:+ 40  Առաջին օրը պետք է վերցնեք ամենալավ ծառերի պտուղներից, նաև արմավենու,+ տերևախիտ ծառերի ու գետահովտում* աճող բարդիների ճյուղեր և յոթ օր+ պետք է ուրախանաք ձեր Աստված Եհովայի առաջ:+ 41  Ամեն տարի յոթ օր պետք է նշեք այն որպես Եհովային նվիրված տոն:+ Այն տոնեք յոթերորդ ամսում: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: 42  Յոթ օր տաղավարներում պետք է ապրեք:+ Բոլոր իսրայելացիները պետք է տաղավարներում ապրեն, 43  որպեսզի ձեր գալիք սերունդները իմանան,+ որ երբ իսրայելացիներին հանեցի Եգիպտոսից, նրանց տաղավարներում բնակեցրի:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»: 44  Եվ Մովսեսը Եհովայի տոների մասին պատվերները հաղորդեց իսրայելացիներին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «որոնց մասին պետք է հայտարարեք»:
Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Սա վերաբերում էր աշխատատար գործերին, առևտրային կամ այլ գործարքներին, սակայն կերակուր եփելը, տոնին պատրաստվելը և այլ առօրյա անհրաժեշտ գործերն արգելված չէին:
Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Մոտ 4,4 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 4,4 լ:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:
Կամ հնարավոր է՝ «ծոմ չպահի»:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Կամ՝ «որոնց մասին պետք է հայտարարեք»:
Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»: