Ղևտական 25։1-55
25 Սինա լեռան վրա Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Երբ մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ,+ այնտեղ պետք է Շաբաթ-տարի պահեք Եհովայի պատվին:+
3 Վեց տարի ձեր արտերում սերմ ցանեք, ձեր խաղողի այգիներն էտեք և հավաքեք երկրի տված բերքը:+
4 Բայց յոթերորդ տարում երկիրը պետք է հանգստանա. դա Եհովային նվիրված Շաբաթ-տարի է: Ձեր արտերում սերմ չցանեք և ձեր խաղողի այգիները չէտեք:
5 Չհնձեք այն, ինչ կաճի հնձի ժամանակ ընկած հատիկներից, և չհավաքեք չէտված վազերի խաղողի բերքը: Մեկ տարի երկիրը պետք է հանգստանա:
6 Սակայն Շաբաթ-տարվա ընթացքում ձեր հողում աճածը ուտել կարող եք.* այն սնունդ կլինի ինչպես ձեզ համար, այնպես էլ ձեր ստրուկների, վարձու աշխատողների և ձեր մեջ բնակվող եկվորների համար,
7 նաև ընտանի ու վայրի կենդանիների համար: Երկրում աճած ամբողջ բերքը կարելի է ուտել:
8 Հաշվեք յոթ Շաբաթ-տարի, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի. այդ յոթ Շաբաթ-տարիները կկազմեն 49 տարի:
9 Դրանից հետո՝* յոթերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Քավության օրը,+ ուժգին հնչեցրեք եղջերափողը. այդ օրը եղջերափողի ձայնը պետք է լսվի ողջ երկրով մեկ:
10 Դուք պետք է 50-րդ տարին սուրբ հայտարարեք և երկրի բոլոր բնակիչների համար ազատություն հռչակեք:+ Դա Հոբելյան կլինի ձեզ համար. ձեզնից ամեն մեկը կվերադառնա իր ժառանգական կալվածքը, և յուրաքանչյուրը՝ իր ընտանիք:+
11 Այդ 50-րդ տարին Հոբելյան կլինի ձեզ համար: Սերմ չցանեք, չհնձեք այն, ինչ կաճի գետնին ընկած հատիկներից, և չհավաքեք չէտված վազերի խաղողի բերքը:+
12 Դա Հոբելյան է և պետք է սուրբ լինի ձեզ համար: Կարող եք ուտել միայն այն, ինչը կաճի ինքն իրեն:+
13 Հոբելյանական տարում ձեզնից ամեն մեկը պետք է վերադառնա իր ժառանգական կալվածքը:+
14 Երբ ձեր դրացուն ինչ-որ բան վաճառեք կամ նրանից ինչ-որ բան գնեք, չփորձեք անարդարացիորեն շահ ստանալ:+
15 Ձեր դրացուց հողակտոր գնելիս պետք է հաշվի առնեք, թե Հոբելյանից քանի տարի է անցել. նա պետք է գինը սահմանի՝ հաշվելով՝ քանի տարի է բերքահավաք լինելու մինչև հաջորդ Հոբելյանը:+
16 Եթե դեռ շատ տարիներ կան, նա կարող է բարձր գին պահանջել, իսկ եթե քիչ տարիներ են մնացել՝ ցածր գին, որովհետև նա վաճառքը կատարում է բերքի հաշվով:
17 Ձեզնից ոչ մեկը չպետք է փորձի անարդարացիորեն շահ ստանալ իր դրացուց:+ Դուք պետք է վախենաք ձեր Աստծուց.+ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+
18 Իմ սահմանած կանոններն ու օրենքները* պահելով՝ դուք ապահով կապրեք ձեր երկրում:+
19 Երկիրն իր բերքը կտա,+ դուք կուշտ կուտեք և ապահով կապրեք այնտեղ:+
20 Բայց գուցե ասեք. «Յոթերորդ տարում ի՞նչ ենք ուտելու, եթե սերմ չենք ցանելու ու բերք չենք հավաքելու»:+
21 Մի՛ մտահոգվեք, վեցերորդ տարում ես կօրհնեմ ձեզ, և երկիրը այնքան բերք կտա, որ դեռ երեք տարի էլ կբավականացնի:+
22 Ութերորդ տարում սերմ կցանեք և մինչև իններորդ տարին հին բերքով կսնվեք: Մինչև նոր բերքի հասնելը դուք հնից կուտեք:
23 Երկրի հողատարածքները չի կարելի մեկընդմիշտ վաճառել,+ որովհետև երկիրն իմն է:+ Ինձ համար դուք պանդուխտներ ու եկվորներ եք:+
24 Այն երկրում, որ ձեզ եմ տալու, սեփական հողատարածքը վաճառող մարդուն պետք է իրավունք տրվի այն հետ գնելու:
25 Եթե ձեր եղբայրներից մեկը աղքատանա և ստիպված լինի վաճառել իր ժառանգական կալվածքի մի մասը, մոտ ազգականներից մեկը պետք է գա և որպես փրկագնող հետ գնի իր եղբոր վաճառածը:+
26 Եթե մեկը փրկագնող չունենա, բայց նյութապես բարգավաճի ու բավականաչափ փող ունենա իր հողատարածքը հետ գնելու համար,
27 պետք է իր վաճառած գնից հանի վաճառքից հետո անցած տարիների թվին համապատասխանող արժեքը և մնացած գումարը վճարի այն մարդուն, որին վաճառել էր: Եվ ապա կարող է վերադառնալ իր ժառանգական կալվածքը:+
28 Բայց եթե նա բավականաչափ միջոցներ չգտնի իր վաճառածը հետ գնելու համար, ապա այն կմնա գնողին մինչև Հոբելյանական տարին.+ Հոբելյանին հողատարածքը հետ կտրվի նրան, և նա կվերադառնա իր ժառանգական կալվածքը:+
29 Եթե մի մարդ պարսպապատ քաղաքում տուն վաճառի, ապա սկսած վաճառելու ժամանակից՝ մեկ տարի նա այն փրկագնելու իրավունք կունենա: Փրկագնելու իրավունքը+ ուժի մեջ կլինի մի ամբողջ տարի:
30 Սակայն եթե մինչև այդ տարվա լրանալը պարսպապատ քաղաքում գտնվող տունը հետ չգնվի, այն մշտապես կդառնա գնողի ու նրա սերունդների սեփականությունը: Հոբելյանին այն չի վերադարձվի նախկին տիրոջը:
31 Իսկ այն տները, որոնք գտնվում են պարիսպ չունեցող բնակավայրերում, պետք է դիտվեն որպես բաց դաշտերի հողատարածքի մի մաս: Դրանք փրկագնելու իրավունքը ուժի մեջ կլինի ցանկացած ժամանակ, և Հոբելյանին դրանք պետք է նախկին տիրոջը վերադարձվեն:
32 Ինչ վերաբերում է ղևտացիների քաղաքների տներին,+ ղևտացիները մշտապես իրավունք կունենան հետ գնելու իրենց տները:
33 Եթե ղևտացին հետ չգնի իր սեփականությունը՝ ղևտացիների քաղաքում եղող իր տունը,+ որ վաճառել է, ապա Հոբելյանին այն կվերադարձվի իրեն:+
34 Բայց իրենց քաղաքների շուրջը գտնվող արոտավայրերը նրանք չեն կարող վաճառել,+ որովհետև դրանք իրենց մշտական սեփականությունն են:
35 Եթե ձեր եղբայրներից մեկը, ով ձեր կողքին է ապրում, աղքատանա ու չկարողանա հոգալ իր կարիքները, ապա ինչպես որ պանդուխտին ու եկվորին կաջակցեիք,+ այնպես էլ նրան աջակցեք,+ որ շարունակի ապրել ձեր մեջ:
36 Նրանից տոկոս չպահանջեք և չփորձեք շահույթ ստանալ:*+ Վախեցեք ձեր Աստծուց:+ Այնպես արեք, որ ձեր եղբայրը կարողանա ապրել ձեր մեջ:
37 Նրան պարտք տալիս տոկոսով չտաք+ և ուտելիք տալիս շահույթ չհետապնդեք:
38 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից,+ որպեսզի Քանանի երկիրը ձեզ տամ և ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+
39 Եթե ձեր եղբայրներից մեկը աղքատանա ու ստիպված լինի ինքն իրեն վաճառել ձեզ,+ նրան չստիպեք աշխատել որպես սովորական ստրուկ:+
40 Նրան պետք է վերաբերվեք ինչպես վարձու աշխատողի,+ ինչպես եկվորի: Նա պետք է ծառայի մինչև Հոբելյանական տարին:
41 Հետո ազատ կարձակվի, նրա հետ՝ նաև իր զավակները,* և կվերադառնա իր ազգականների մոտ: Նա կվերադառնա իր հայրերից ժառանգած կալվածքը:+
42 Իսրայելացիներն ի՛մ ծառաներն են, որոնց հանել եմ Եգիպտոսից:+ Նրանք չպետք է դառնան որևէ մեկի սեփականությունը սովորական ստրուկների պես:*
43 Ձեր եղբոր հետ չպետք է դաժանորեն վարվեք:+ Վախեցեք ձեր Աստծուց:+
44 Ձեզ համար ստրուկներ ու ստրկուհիներ կարող եք ձեռք բերել շրջակա ազգերից, նրանցից կարող եք գնել:
45 Ստրուկներ կարող եք գնել նաև ձեր մեջ ապրող եկվորների որդիներից+ ու նրանց սերունդներից, որ ծնվել են ձեր երկրում. նրանք կդառնան ձեր սեփականությունը:
46 Նրանց կարող եք ձեր որդիներին փոխանցել որպես ժառանգություն՝ որպես մշտական սեփականություն, և կարող եք աշխատեցնել որպես ստրուկ: Հիշեք՝ ձեր եղբայրների՝ իսրայելացիների հետ դաժանորեն չվարվեք:+
47 Եթե ձեր մեջ ապրող պանդուխտը կամ եկվորը հարստանա, իսկ ձեր եղբայրն աղքատանա ու ստիպված լինի ինքն իրեն վաճառել պանդուխտին կամ եկվորին կամ էլ պանդուխտի ընտանիքի անդամներից որևէ մեկին,
48 ապա վաճառվելուց հետո նա փրկագնվելու իրավունք կունենա: Նրա հարազատ եղբայրներից մեկը կարող է նրան հետ գնել:+
49 Նրան կարող է հետ գնել նաև նրա հորեղբայրը, հորեղբորորդին կամ որևէ այլ մոտ* ազգական՝ իր ազգատոհմից որևէ մեկը:
Կամ նա ինքը կարող է հետ գնել իրեն, եթե հարստանա:+
50 Դա անելու համար նա պետք է իրեն գնողի հետ հաշվի իր վաճառվելու ժամանակից մինչև Հոբելյանական տարին ընկած ժամանակահատվածը:+ Գինը, որով նա վաճառվել է, պետք է համապատասխան լինի այդ տարիների թվին:+ Այդ տարիների նրա աշխատանքը պետք է գնահատվի վարձու աշխատողին տրվող վարձատրության չափով:+
51 Իր փրկագինը նա պետք է վճարի մինչև Հոբելյանը մնացած տարիների թվին համապատասխան: Եթե շատ տարիներ են մնացել, ապա բարձր գին կվճարի,
52 իսկ եթե քիչ տարիներ են մնացել, ապա, այդ տարիների թվին համապատասխան, քիչ կվճարի:
53 Այն բոլոր տարիներին, որ նա կաշխատի իր տիրոջ մոտ, տերը նրան պետք է վերաբերվի որպես վարձու աշխատողի: Ուշադիր եղեք, որ տերը նրա հետ դաժանորեն չվարվի:+
54 Սակայն եթե նա չկարողանա այս պայմաններով ինքն իրեն հետ գնել, ապա կազատվի Հոբելյանական տարում,+ ինչպես նա, այնպես էլ իր զավակները:*
55 Դուք՝ իսրայելացիներդ, իմ ծառաներն եք: Դուք իմ ծառաներն եք, որոնց ես հանել եմ Եգիպտոսից:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:
Ծանոթագրություններ
^ Թեև երկրում բերքահավաք չպետք է արվեր, բայց մարդիկ, ըստ ամենայնի, կարող էին քաղել աճած բարիքներից՝ իրենց առօրյա կարիքները հոգալու համար:
^ Այսինքն՝ 50-րդ տարում:
^ Կամ՝ «դատավճիռները»:
^ Կամ՝ «վաշխառություն չանեք»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «վաճառեն իրենց, ինչպես ստրուկն է վաճառվում»:
^ Կամ՝ «արյունակից»:
^ Բռց.՝ «որդիները»: