Մաղաքիա 1։1-14

  • Եհովայի սերը իր ժողովրդի նկատմամբ (1-5)

  • Քահանաները պիղծ ու արատավոր զոհեր են մատուցում (6-14)

    • Աստծու անունը կմեծարվի ազգերի մեջ (11)

1  Ազդարարություն. Մաղաքիայի* միջոցով Իսրայելին ուղղված Եհովայի խոսքը.  «Ես սիրեցի ձեզ»,+– ասում է Եհովան: Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ես ցույց տվել քո սերը մեր հանդեպ»: «Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,+– ասում է Եհովան:– Բայց ես Հակոբին սիրեցի,  իսկ Եսավին ատեցի:+ Ես ամայի դարձրի նրա լեռները,+ նրա ժառանգությունը վերածեցի անապատի, որտեղ ապրում են շնագայլերը:+  Թեև Եդոմն* ասում է՝ «Մենք ջախջախվել ենք, բայց կվերադառնանք ու կվերականգնենք ավերակները», սակայն Զորքերի տեր Եհովան ասում է. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ: Նրանց կկոչեն անօրենության երկիր և Եհովայի կողմից հավիտյան դատապարտված ժողովուրդ:+  Ձեր իսկ աչքերով կտեսնեք դա և կասեք. «Թող Եհովան մեծարվի ողջ Իսրայելում»»:  Որդին պատվում է հորը,+ ծառան՝ տիրոջը: Եթե ես հայր եմ,+ ինչո՞ւ ինձ չեք պատվում,+ եթե ես տեր* եմ, ինչո՞ւ ինձնից չեք վախենում*,– ասում է ձեզ Զորքերի տեր Եհովան, ո՛վ քահանաներ, որ արհամարհում եք իմ անունը:+ Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ենք արհամարհում քո անունը»:  Իմ զոհասեղանի վրա պիղծ ընծաներ* մատուցելով: Դուք ասում եք. «Ինչո՞վ ենք պղծում քեզ»: Նրանով, որ ասում եք. «Եհովայի սեղանը+ կարելի է արհամարհել»:  Դուք կույր կենդանի եք որպես զոհ մատուցում և ասում. «Դրանում վատ բան չկա»: Կաղ կամ հիվանդ կենդանի եք մատուցում ու ասում. «Դրանում վատ բան չկա»:+ Փորձիր, խնդրեմ, մատուցել այն քո կառավարչին, տես՝ նա գոհ կլինի՞ քեզնից կամ բարեհաճ կլինի՞ քո հանդեպ»,– ասում է Զորքերի տեր Եհովան:  «Եվ հիմա, խնդրում եմ, աղերսեք Աստծուն,* որ նա բարեհաճ լինի. չէ՞ որ նա բարեհաճորեն չի ընդունի ձեզ, եթե ձեր ձեռքով նման զոհեր մատուցեք»,– ասում է Զորքերի տեր Եհովան: 10  «Ձեզնից ո՞վ դռները ձրի կփակի:*+ Դուք իմ զոհասեղանի կրակն էլ ձրի չեք վառում:+ Ես ձեզ չեմ հավանում,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ինձ համար տհաճ են ձեր ձեռքի ընծաները:+ 11  Արևածագից մինչև արևամուտ* իմ անունը կմեծարվի ազգերի մեջ:+ Իմ անունը պատվելու համար ամեն տեղ կբարձրանա զոհերի ծուխը, և ընծաներ կմատուցվեն՝ անարատ նվերներ, որովհետև իմ անունը կմեծարվի ազգերի մեջ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 12  Բայց դուք պղծում եք այն՝*+ ասելով. «Եհովայի սեղանը պիղծ է, և դրա վրայի ընծաները* կարելի է արհամարհել»:+ 13  Նաև ասում եք՝ «Ի՜նչ հոգնեցնող է», և արհամարհանքով փնչացնում եք,– ասում է Զորքերի տեր Եհովան:– Դուք բերում եք գողացված, կաղ ու հիվանդ կենդանիներ և դրանք որպես ընծա՞ եք մատուցում: Մի՞թե ես կընդունեմ դրանք ձեր ձեռքից,+– ասում է Եհովան:– 14  Անիծյալ է նենգությամբ վարվողը, ով իր հոտի մեջ առողջ արու կենդանի ունի, բայց երդում է տալիս ու Եհովային արատավորն է զոհ մատուցում: Բայց չէ՞ որ ես մեծ Թագավոր եմ,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– և իմ անունը ահ ու ակնածանք կներշնչի ազգերին»:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «իմ պատգամաբեր»:
Եսավին տրված երկրորդ անունը՝ ըստ Ծն 25:30-ի և 36:1-ի:
Կամ՝ «մեծ տեր»:
Կամ՝ «ինձ չեք հարգում»:
Բռց.՝ «հաց»:
Բռց.՝ «փափկացրեք Աստծու երեսը»:
Ակներևաբար, խոսքը տաճարի դռները փակելու պարտականության մասին է:
Կամ՝ «Արևելքից արևմուտք»:
Կամ հնարավոր է՝ «պղծում եք ինձ»:
Բռց.՝ «պտուղը», «սնունդը»: