Մատթեոս 13։1-58

  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՌԱԿՆԵՐ (1-52)

    • Սերմնացանը (1-9)

    • Ինչու էր Հիսուսը առակներով խոսում (10-17)

    • Սերմնացանի մասին առակի բացատրությունը (18-23)

    • Ցորենն ու որոմները (24-30)

    • Մանանեխի հատիկն ու թթխմորը (31-33)

    • Առակներով խոսելով՝ կատարում է մարգարեությունը (34, 35)

    • Ցորենի ու որոմների առակի բացատրությունը (36-43)

    • Թաքցված գանձ և թանկարժեք մարգարիտ (44-46)

    • Ուռկանը (47-50)

    • Հին ու նոր գանձեր (51, 52)

  • Հիսուսին չեն ընդունում իր հայրենի վայրերում (53-58)

13  Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ ու գնաց նստեց ծովի ափին:  Մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը, ուստի նա նավակ նստեց, իսկ մարդիկ մնացին ծովափին կանգնած:+  Եվ նա սկսեց առակներով շատ բաներ սովորեցնել նրանց.+ «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու:+  Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք:+  Որոշ սերմեր ընկան ժայռոտ մասերում, որտեղ բավականաչափ հող չկար: Դրանք անմիջապես ծիլ տվեցին, որովհետև հողը խորը չէր:+  Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու չորացան, քանի որ խոր արմատ չէին գցել:  Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը աճեցին ու խեղդեցին դրանք:+  Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ և աճեցին ու սկսեցին պտուղ տալ. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ՝ երեսնապատիկ:+  Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+ 10  Աշակերտները մոտեցան Հիսուսին ու հարցրին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»:+ 11  Նա էլ պատասխանեց. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները,+ իսկ նրանց՝ ոչ: 12  Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 13  Դա է պատճառը, որ նրանց հետ առակներով եմ խոսում: Չէ՞ որ նրանք նայում են, բայց հենց այնպես են նայում, լսում են, բայց հենց այնպես են լսում և իմաստը չեն ըմբռնում:+ 14  Նրանց դեպքում կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «Կլսեք, բայց իմաստը չեք ըմբռնի, կնայեք, բայց չեք տեսնի:+ 15  Այս ժողովրդի սիրտն անզգայացել է: Իրենց ականջներով լսում են, բայց չեն արձագանքում: Փակում են իրենց աչքերն ու ականջները՝ չցանկանալով տեսնել, լսել և սրտով ըմբռնել իմաստն ու հետ դառնալ ինձ մոտ, որ ես բուժեմ նրանց»:+ 16  Սակայն երջանիկ եք դուք, քանի որ ձեր աչքերը տեսնում են, և ձեր ականջները լսում են:+ 17  Հավաստիացնում եմ ձեզ. շատ մարգարեներ ու արդար մարդիկ էին ցանկանում տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան,+ և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին: 18  Հիմա լսեք սերմնացանի մասին առակի բացատրությունը:+ 19  Երբ մեկը լսում է Թագավորության մասին խոսքը, սակայն չի հասկանում դրա իմաստը, Չարը+ գալիս է և հափշտակում նրա սրտում ցանվածը. սա ճանապարհի եզրին ցանվածն է:+ 20  Ժայռոտ մասերում ցանվածի նշանակությունն այն է, որ երբ մարդ լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն,+ 21  սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրա մեջ, նա մի որոշ ժամանակ հավատում է, բայց երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, անմիջապես հետ է կանգնում: 22  Փշերի մեջ ցանվածի նշանակությունն այն է, որ մարդ լսում է խոսքը, բայց այս աշխարհի* հոգսերն+ ու հարստության մոլորեցնող հրապույրը խեղդում են այն, և խոսքը անպտուղ է լինում:+ 23  Իսկ լավ հողի մեջ ցանվածի նշանակությունն այն է, որ մարդ լսում է խոսքը, հասկանում է և պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, մեկ ուրիշն էլ՝ երեսնապատիկ»:+ 24  Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, ով լավ սերմ ցանեց իր արտում: 25  Մինչ բոլորը քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ* ցանեց ցորենի մեջ ու գնաց: 26  Երբ ցորենը աճեց ու հասկեր տվեց, այդ ժամանակ որոմներն էլ հստակ երևացին: 27  Ուստի տանտիրոջ ծառաները եկան նրա մոտ ու հարցրին. «Տե՛ր, դու լավ սերմ չէի՞ր ցանել արտում: Այդ դեպքում որտեղի՞ց են հայտնվել որոմները»: 28  Նա էլ ասաց. «Թշնամու արածն է»:+ Նրանք հարցրին. «Կուզե՞ս գնանք ու քաղհանենք դրանք»: 29  Տերը ասաց. «Ո՛չ, միգուցե որոմը քաղհանելիս ցորենն էլ արմատախիլ անեք: 30  Թողեք, որ երկուսը միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք այրելու համար, հետո ցորենը հավաքեք և տարեք իմ ամբար»»»:+ 31  Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ ցանեց իր արտում:+ 32  Թեև այն ամենափոքրն է բոլոր սերմերի մեջ, բայց աճելով ծառ է դառնում և բանջարանոցային բույսերի մեջ ամենամեծն է լինում, ու երկնքի թռչունները գալիս բույն են դնում դրա ճյուղերի մեջ»: 33  Նա ևս մեկ առակ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է թթխմորի, որը մի կին խառնում է երեք գրիվ* ալյուրի հետ, և այդպես ամբողջ զանգվածը խմորվում է»:+ 34  Այս ամենի մասին Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր առակներով: Առանց առակի չէր խոսում նրանց հետ:+ 35  Եվ այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով ասվածը. «Ես առակներով կխոսեմ և սկզբից ի վեր* գաղտնի պահված բաները կհռչակեմ»:+ 36  Ժողովրդին ճանապարհելուց հետո Հիսուսը մի տուն մտավ: Աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Բացատրիր մեզ արտում ցանված որոմների առակը»: 37  Նա էլ ասաց. «Լավ սերմ ցանողը մարդու Որդին է, 38  արտը աշխարհն է:+ Լավ սերմը Թագավորության որդիներն են, իսկ որոմները Չարի որդիներն են:+ 39  Թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է, հունձը՝ աշխարհի* վախճանի ժամանակները, իսկ հնձվորները հրեշտակներն են: 40  Ինչպես որոմն են հավաքում ու այրում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանի ժամանակներում.+ 41  մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք իր թագավորությունից կհավաքեն բոլոր նրանց, ովքեր* մարդկանց մեղքի են դրդում, և ովքեր անօրենություն են գործում, 42  ու նրանց կգցեն բոցավառ հնոցը:+ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները: 43  Իսկ արդարները արևի պես կշողան+ իրենց Հոր թագավորության մեջ: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի: 44  Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում: Նա այնքան է ուրախանում, որ գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը:+ 45  Երկնքի թագավորությունը նաև նման է թանկարժեք մարգարտի, ինչպիսիք փնտրում է ճամփորդող վաճառականը: 46  Գտնելով այդպիսի մարգարիտ՝ նա գնում, իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն:+ 47  Նաև երկնքի թագավորությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձկներ են հավաքվում: 48  Երբ ուռկանը լցվում է, մարդիկ այն ափ են քաշում, նստում ու լավ ձկները+ լցնում են տարաների մեջ, իսկ անպետքները+ դեն են գցում: 49  Այդպես էլ կլինի այս աշխարհի վախճանի ժամանակներում. հրեշտակները դուրս կգան, արդարների միջից կառանձնացնեն անօրեններին 50  ու կգցեն բոցավառ հնոցը: Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները: 51  Հասկացա՞ք այս ամենի իմաստը»: Աշակերտներն էլ պատասխանեցին. «Այո՛»: 52  Ապա Հիսուսն ասաց նրանց. «Ուրեմն իմացեք, որ մարդկանց ուսուցանող ամեն ոք, ով սովորում է երկնքի թագավորության մասին, նմանվում է մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից»: 53  Այս առակները պատմելուց հետո Հիսուսը հեռացավ այդտեղից: 54  Եվ գալով իր հայրենի վայրերը՝+ սկսեց ժողովարանում ուսուցանել մարդկանց: Նրանք զարմացած ասում էին. «Որտեղի՞ց այս մարդուն այդ իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը:+ 55  Չէ՞ որ սա ատաղձագործի որդին է,+ մոր անունն էլ Մարիամ է: Նրա եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան չե՞ն:+ 56  Քույրերն էլ մեզ հետ նույն քաղաքում են ապրում: Այդ դեպքում որտեղի՞ց նրան այդ բոլոր ունակությունները»:+ 57  Այսպես մտածելով՝ չէին ընդունում նրան:+ Հիսուսն էլ ասաց. «Մարգարեն ամենուրեք պատվի է արժանանում՝ բացի իր հայրենի վայրերից և իր իսկ տնից»:+ 58  Եվ նրանց անհավատությունը տեսնելով՝ այնտեղ շատ հրաշքներ չարեց:

Ծանոթագրություններ

Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Հացազգիների ընտանիքին պատկանող մոլախոտ:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «աշխարհի սկզբնավորումից ի վեր»:
Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «բոլոր այն բաները, որ»: