Մատթեոս 14։1-36

  • Հովհաննես Մկրտչին գլխատում են (1-12)

  • Հիսուսը կերակրում է 5 000 մարդու (13-21)

  • Հիսուսը քայլում է ջրի վրայով (22-33)

  • Գեննեսարեթում բուժում է հիվանդներին (34-36)

14  Այդ ժամանակ մարզի կառավարիչ* Հերովդեսը,* լսելով Հիսուսի մասին,+  իր ծառաներին ասաց. «Դա Հովհաննես Մկրտիչն է, որը հարություն է առել: Դրա համար էլ նա կարողանում է այդպիսի հրաշքներ անել»:+  Բանն այն է, որ Հերովդեսը, ցանկանալով հաճեցնել իր եղբայր Փիլիպոսի կնոջը՝ Հերովդիային, Հովհաննեսին շղթայել ու բանտ էր գցել,+  քանի որ վերջինս ասում էր. «Օրենքին դեմ է, որ նա քո կինը լինի»:+  Հերովդեսը ցանկանում էր սպանել նրան, սակայն վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում:+  Բայց երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն+ էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան դուր եկավ Հերովդեսին,+  որ նա երդվեց նրան տալ, ինչ որ խնդրի:  Աղջիկն էլ մոր խորհրդով ասաց. «Սկուտեղի վրա ինձ տուր Հովհաննես Մկրտչի գլուխը»:+  Թագավորին դա դուր չեկավ, բայց քանի որ երդումներ էր տվել հյուրերի առաջ, հրամայեց, որ տան նրա ուզածը: 10  Եվ այսպես՝ Հերովդեսը մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց: 11  Հովհաննեսի գլուխը, սկուտեղի վրա դրած, բերեցին ու տվեցին աղջկան, նա էլ իր մորը տվեց: 12  Հետո Հովհաննեսի աշակերտները եկան, մարմինը տարան ու թաղեցին: Ապա գնացին ու տեղի ունեցածի մասին պատմեցին Հիսուսին: 13  Երբ Հիսուսը լսեց նրանց պատմածը, նավով հեռացավ այդտեղից և մի մեկուսի վայր գնաց, որ մենակ մնա: Բայց մարդկանց մի մեծ բազմություն, իմանալով, թե նա ուր է գնում, տարբեր քաղաքներից ոտքով գնաց այնտեղ:+ 14  Ափ դուրս գալով՝ Հիսուսը տեսավ, թե ինչքան շատ մարդ է հավաքվել: Նա խղճահարվեց+ և բուժեց հիվանդներին:+ 15  Երեկոյան աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Այս տեղը ամայի է, և արդեն ուշ ժամ է, թող մարդիկ գնան մոտակա գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»:+ 16  Սակայն Հիսուսն ասաց. «Պետք չէ՝ գնան: Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: 17  Նրանք էլ ասացին. «Այստեղ հինգ հացից ու երկու ձկից բացի՝ ուրիշ բան չունենք»: 18  Հիսուսն ասաց՝ «Բերեք դրանք», 19  և ժողովրդին պատվիրեց, որ նստեն խոտերի վրա: Նա վերցրեց հինգ հացը և երկու ձուկը, դեպի երկինք նայելով՝ աղոթեց,*+ ապա հացերը մասերի բաժանեց: Այնուհետև ուտելիքը տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին: 20  Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+ 21  Ուտողները մոտ 5 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին:+ 22  Դրանից անմիջապես հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նավ նստեն ու գնան մյուս ափ, մինչև որ ինքը ճանապարհի ժողովրդին:+ 23  Ժողովրդին ճանապարհ դնելուց հետո նա սարը բարձրացավ, որ մենակ մնա և աղոթի:+ Երբ մթնեց, նա դեռ այնտեղ էր: 24  Այդ ընթացքում նավն արդեն բավականին* հեռացել էր ցամաքից և հանդիպակաց քամու պատճառով դժվարությամբ էր առաջ շարժվում փոթորկված ալիքների միջով: 25  Լուսաբացից առաջ* Հիսուսը, ջրի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ: 26  Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, խուճապահար բացականչեցին. «Այս ի՜նչ տեսիլք է»: Ու վախից գոռացին: 27  Հիսուսը անմիջապես խոսեց նրանց հետ՝ ասելով. «Մի՛ վախեցեք: Այդ ե՛ս եմ»:+ 28  Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե դու ես, այնպես արա, որ ես, ջրի վրայով քայլելով, քեզ մոտ գամ»: 29  Նա էլ ասաց. «Ե՛կ»: Պետրոսը նավից իջավ և ջրի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը: 30  Բայց երբ շուրջը նայեց, փոթորկից վախեցավ ու սկսեց սուզվել: Նա բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: 31  Հիսուսն իսկույն մեկնեց ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր»:+ 32  Երբ նրանք նավ մտան, փոթորիկը դադարեց: 33  Նավում եղողները խոնարհվեցին Հիսուսի առաջ ու ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես»: 34  Անցնելով ծովը՝ նրանք ափ դուրս եկան Գեննեսարեթում:+ 35  Այնտեղի մարդիկ ճանաչեցին Հիսուսին և լուր ուղարկեցին շրջակա բոլոր վայրերը, ու ժողովուրդը նրա մոտ բերեց բոլոր հիվանդներին: 36  Նրանք աղերսում էին, որ պարզապես դիպչեն նրա վերնահագուստի եզրին:+ Եվ բոլոր դիպչողները լիովին ապաքինվում էին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «չորրորդապետ»:
Այսինքն՝ Հերովդես Անտիպասը: Բառարանում տես «Հերովդես»:
Բռց.՝ «օրհնեց»:
Բռց.՝ «տղամարդիկ»:
Բռց.՝ «շատ ասպարեզներ»: Հուն.՝ ստադիոն: Մեկ ստադիոնը մոտ 185 մ է:
Բռց.՝ «Չորրորդ պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 3:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն: