Մատթեոս 17։1-27

  • Հիսուսի այլակերպությունը (1-13)

  • Մանանեխի հատիկի չափ հավատ (14-21)

  • Հիսուսը կրկին խոսում է իր մոտալուտ մահվան մասին (22, 23)

  • Տուրքը վճարվում է ձկան բերանից հանված արծաթադրամով (24-27)

17  Վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ տարավ մի բարձր սար, որտեղ ուրիշ ոչ ոք չկար:+  Այնտեղ նա այլակերպվեց նրանց առաջ. նրա երեսը արևի պես սկսեց փայլել, իսկ վերնահագուստը դարձավ լույսի պես պայծառ:*+  Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ովքեր խոսում էին Հիսուսի հետ:  Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնեմ. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»:  Երբ նա դեռ խոսում էր, նրանց գլխավերևում մի լուսավոր ամպ հայտնվեց, և մի ձայն լսվեց ամպի միջից. «Սա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ հավանությունը:+ Լսե՛ք նրան»:+  Դա լսելով՝ աշակերտները շատ վախեցան և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:  Այդ ժամանակ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք: Մի՛ վախեցեք»:  Վեր նայելով՝ նրանք տեսան, որ Հիսուսից բացի ուրիշ ոչ ոք չկա:  Երբ սարից իջնում էին, Հիսուսը նրանց կարգադրեց. «Ոչ ոքի չպատմեք այս տեսիլքի մասին, մինչև մարդու Որդին հարություն չառնի»:+ 10  Աշակերտները նրան հարցրին. «Ինչո՞ւ են Օրենքի ուսուցիչներն* ասում, թե նախ Եղիան պետք է գա»:+ 11  Նա էլ պատասխանեց. «Եղիան իրոք գալիս է ու ամեն բան կվերականգնի:+ 12  Բայց ասում եմ ձեզ. Եղիան արդեն եկել է, սակայն նրան չճանաչեցին և նրա հետ վարվեցին, ինչպես ուզեցին:+ Այդպես էլ մարդու Որդին է նրանց ձեռքով տանջանքների ենթարկվելու»:+ 13  Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին է խոսում: 14  Երբ նրանք վերադարձան ժողովրդի մոտ,+ մի մարդ մոտեցավ Հիսուսին, ծնկի եկավ նրա առաջ ու ասաց. 15  «Տե՛ր, գթա իմ որդուն, նա հիվանդ է. ընկնավորությամբ է տառապում ու մե՛կ կրակի մեջ է ընկնում, մե՛կ ջրի:+ 16  Նրան բերեցի քո աշակերտների մոտ, բայց չկարողացան բուժել»: 17  Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ ու ապականված սերունդ,+ դեռ ինչքա՞ն պետք է ձեզ հետ մնամ, ինչքա՞ն պետք է հանդուրժեմ ձեզ: Ինձ մոտ բերեք տղային»: 18  Ապա դևին սաստելով՝ հանեց նրան տղայի միջից, և հենց այդ պահին տղան բուժվեց:+ 19  Դրանից հետո աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»: 20  Հիսուսն ասաց. «Քանի որ շատ քիչ հավատ ունեք: Հավաստիացնում եմ ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «Այստեղից այնտեղ տեղափոխվիր», ու կտեղափոխվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»:+ 21  ....* 22  Երբ Հիսուսը աշակերտների հետ Գալիլեայում էր, նրանց ասաց. «Մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի:+ 23  Նրան կսպանեն, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+ Դա լսելով՝ աշակերտները շատ տխրեցին: 24  Երբ եկան Կափառնայում, տաճարի հարկ* գանձողները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Ձեր ուսուցիչը տաճարի հարկը չի վճարո՞ւմ»:+ 25  Նա պատասխանեց. «Վճարում է»: Բայց երբ տուն մտավ, մինչ կխոսեր, Հիսուսը նրան ասաց. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, թագավորները ումի՞ց են տուրք ու գլխահարկ վերցնում՝ իրենց որդիների՞ց, թե՞ ուրիշներից»: 26  Նա պատասխանեց. «Ուրիշներից»: Հիսուսն էլ ասաց. «Նշանակում է՝ որդիներն ազատված են հարկերից: 27  Բայց որպեսզի նրանց վրդովվելու առիթ չտանք,+ գնա ծովը, կարթը գցիր ու երբ դուրս եկած առաջին իսկ ձկան բերանը բացես, այնտեղ մի արծաթադրամ* կգտնես: Այն տար և նրանց տուր իմ ու քո տեղը»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ճերմակ»:
Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «դիդրախմա»: Երկու դրախմա արժողության մետաղադրամ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «սատեր»: Համարվում է, որ դա եղել է տետրադրախմա: Տես հավելված Բ14: