Մատթեոս 24։1-51
24 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր գալիս, աշակերտները մոտեցան նրան ու սկսեցին մատնացույց անել տաճարի շինությունները:
2 Նա էլ ասաց. «Հիանում եք չէ՞ այս ամենով: Բայց հավաստիացնում եմ ձեզ. այստեղ քարը քարի վրա չի մնա, ամեն ինչ կավերվի»:+
3 Երբ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները առանձին մոտեցան նրան ու հարցրին. «Ասա մեզ, ե՞րբ է լինելու այդ ամենը, և ո՞րն է լինելու քո ներկայության*+ և այս աշխարհի վախճանի ժամանակների* նշանը»:+
4 Հիսուսը պատասխանեց. «Զգույշ եղեք, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ,+
5 որովհետև շատերը կգան իմ անվան տակ ու կասեն՝ «Ես եմ Քրիստոսը», և շատերին կմոլորեցնեն:+
6 Պատերազմների թնդյուն կհասնի ձեր ականջին, և պատերազմների լուրեր կլսեք. հանկարծ խուճապի չմատնվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց այդպիսով դեռ վերջը չի գա:+
7 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ,+ տարբեր վայրերում սննդի պակաս կլինի+ ու երկրաշարժեր կլինեն:+
8 Սակայն այս ամենը ցավերով լի ժամանակների* սկիզբն է միայն:
9 Այդ օրերում մարդիկ կհալածեն ձեզ+ ու կսպանեն,+ և իմ անվան համար բոլոր ազգերի կողմից ատված կլինեք:+
10 Շատերը հետ կկանգնեն իրենց հավատից,* իրար կմատնեն ու իրար կատեն:
11 Բազում կեղծ մարգարեներ կհայտնվեն ու շատերին կմոլորեցնեն,+
12 և անօրենության* շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի:
13 Բայց ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի:+
14 Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն,*+ և այդ ժամանակ կգա վերջը:
15 Երբ տեսնեք, որ կործանում բերող գարշանքը,* որի մասին ասել է Դանիել մարգարեն, կանգնած է սուրբ վայրում+ (սա հասկանալու համար ընթերցողը* պետք է խորաթափանցություն դրսևորի),
16 այդ ժամանակ Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն:+
17 Ով տանիքում է, թող ցած չիջնի՝ տնից որևէ բան վերցնելու,
18 և ով դաշտում է, թող հետ չդառնա իր վերնահագուստը վերցնելու:
19 Որքա՜ն դժվար կլինի այդ օրերին հղիների ու կրծքով կերակրողների համար:
20 Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը կամ Շաբաթ օրը չլինի:
21 Այնպիսի մեծ նեղություն է վրա հասնելու,+ որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի:+
22 Եվ եթե այդ ժամանակը* երկար տևի, ոչ ոք չի փրկվի: Բայց հանուն ընտրվածների՝ Աստված թույլ չի տա, որ այն երկար տևի:+
23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է»,+ կամ՝ «Այնտեղ է», չհավատաք,+
24 որովհետև սուտ քրիստոսներ և կեղծ մարգարեներ+ կհայտնվեն և զորավոր գործեր ու հրաշքներ կանեն՝ փորձելով նույնիսկ ընտրվածներին մոլորեցնել.+
25 ես այս ամենի մասին նախօրոք զգուշացնում եմ ձեզ:
26 Եթե ձեզ ասեն՝ «Նա ամայի վայրում է», չգնաք այնտեղ, կամ ասեն՝ «Գաղտնի տեղում է», չհավատաք,+
27 որովհետև մարդու Որդու ներկայությունը նման կլինի կայծակի, որի փայլատակումը տեսանելի կլինի արևելքից մինչև արևմուտք:+
28 Արծիվները կհավաքվեն այնտեղ, որտեղ դիակը կլինի:+
29 Նեղության այդ օրերից անմիջապես հետո արևը կխավարի,+ լուսինն իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի համակարգերը* կսասանվեն:+
30 Այդ ժամանակ մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և երկրի բոլոր ազգերը* կուրծք ծեծելով կողբան+ ու կտեսնեն մարդու Որդուն+ երկնքի ամպերով գալիս՝ զորությամբ ու մեծ փառքով օժտված:+
31 Շեփորի բարձր ազդանշան կհնչի, և նա կուղարկի իր հրեշտակներին, որ հավաքեն իր ընտրածներին աշխարհի չորս կողմերից՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը:+
32 Որպես օրինակ ուշադրություն դարձրեք թզենուն. հենց որ այն նոր շիվեր է տալիս և տերևակալում է, իմանում եք, որ ամառը մոտ է:+
33 Նմանապես, երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, իմացեք, որ մարդու Որդին մոտ է՝ դռան շեմին է:+
34 Հաստատ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի:
35 Երկինքն ու երկիրը կանցնեն-կգնան, բայց իմ խոսքերը կմնան ընդմիշտ:+
36 Իսկ օրն ու ժամը ոչ ոք չգիտի՝+ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը:+
37 Ինչպես Նոյի օրերում էր,+ այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ:+
38 Ջրհեղեղից առաջ՝ այդ օրերում, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ:+
39 Նրանք ոչ մի բանի ուշադրություն չդարձրին, մինչև որ Ջրհեղեղը եկավ ու սրբեց բոլորին.+ այդպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ:
40 Այդ ժամանակ դաշտում աշխատող երկու հոգուց մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:
41 Երկանքով* աղացող երկու կանանցից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:+
42 Զգո՛ն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու:+
43 Մի բան հստակ է. եթե տանտերն իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու,+ արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն:+
44 Ուստի դուք էլ պատրաստ եղեք,+ որովհետև մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ չեք սպասում:
45 Եվ ուրեմն ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* ծառան, որին տերը նշանակեց, որ հոգ տանի իր տան ծառաներին ու ճիշտ ժամանակին կերակուր տա նրանց:+
46 Երանի՜ այդ ծառային, եթե տերը նրան այդպես անելիս գտնի, երբ գա:+
47 Հաստատ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը կհանձնի:
48 Բայց եթե այդ ծառան չար լինի ու երբևիցե մտքում ասի՝ «Տերս ուշանում է»,+
49 և սկսի ծեծել իր ծառայակիցներին ու կերուխում անի հարբեցողների հետ,
50 ապա այն օրը, երբ այդ ծառան չի սպասում, և այն ժամին, որ չգիտի, նրա տերը կգա+
51 և ամենայն խստությամբ կպատժի նրան ու կգցի այնտեղ, որտեղ կեղծավորներն են: Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»:+
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Ներկայություն»:
^ Կամ՝ «այս համակարգի վախճանի ժամանակների»: Բառարանում տես «Աշխարհի վախճանի ժամանակներ»:
^ Բռց.՝ «ծննդաբերության ցավերի»:
^ Բռց.՝ «կսայթաքեն»:
^ Խոսքը Աստծու օրենքներն արհամարհելու մասին է:
^ Բռց.՝ «որ բոլոր ազգերին վկայություն տրվի»:
^ Կամ՝ «ամայացում բերող պղծությունը»:
^ Այսինքն՝ Դանիելի մարգարեությունը ընթերցողը:
^ Բռց.՝ «օրերը»:
^ Բռց.՝ «ուժերը»:
^ Բռց.՝ «ցեղերը»:
^ Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
^ Կամ՝ «խոհեմ»: