Մատթեոս 5։1-48
-
ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ (1-48)
5 Տեսնելով, որ մեծ բազմություն է հավաքվել՝ Հիսուսը բարձրացավ լեռան լանջը և նստեց այնտեղ: Աշակերտները նրա մոտ եկան,
2 և նա սկսեց ուսուցանել.
3 «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն,*+ որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:
4 Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև կմխիթարվեն:+
5 Երջանիկ են նրանք, ովքեր հեզ* են,+ որովհետև կժառանգեն երկիրը:+
6 Երջանիկ են նրանք, ովքեր ծարավ են+ արդարության, որովհետև կհագենան:+
7 Երջանիկ են նրանք, ովքեր գթասիրտ են,+ որովհետև նրանց հանդեպ գթասրտություն կդրսևորվի:
8 Երջանիկ են նրանք, ովքեր անարատ սիրտ ունեն,+ որովհետև նրանք կտեսնեն* Աստծուն:
9 Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են,+ որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն:
10 Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են ճիշտն անելու համար,+ որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:
11 Երջանիկ եք, երբ մարդիկ վիրավորում+ ու հալածում են ձեզ+ և ամեն տեսակ ստեր ու վատ բաներ են ասում ձեր մասին իմ հետևորդը լինելու պատճառով:+
12 Ուրախացեք և ցնծացեք,+ որովհետև ձեզ մեծ վարձատրություն է սպասում Աստծուց.*+ ձեզնից առաջ մարգարեներն էլ են այդպես հալածվել:+
13 Դուք երկրի աղն եք:+ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ոչ մի բանի համար պիտանի չի լինի. չէ՞ որ այլևս հնարավոր չէ դրա համը վերականգնել: Այն պարզապես դուրս կթափվի+ ու կտրորվի մարդկանց ոտքերի տակ:
14 Դուք աշխարհի լույսն եք:+ Ինչպես սարի վրա գտնվող քաղաքը չի կարող աննկատ մնալ,
15 և ինչպես ճրագը վառում ու դնում են ոչ թե զամբյուղի տակ, այլ ճրագակալի վրա, որ լուսավորի տանը եղողներին,+
16 այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առաջ,+ որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը+ և փառք տան ձեր երկնային Հորը:+
17 Մի՛ կարծեք, թե ես եկել եմ անվավեր դարձնելու Օրենքը և մարգարեների գրածները: Եկել եմ ոչ թե անվավեր դարձնելու, այլ կատարելու:+
18 Հաստատ* ասում եմ ձեզ. ավելի շուտ երկինքն ու երկիրը կվերանան, քան Օրենքի ամենափոքր տառը կամ նույնիսկ տառի մի մասնիկը անվավեր կդառնա: Այնտեղ գրված ամեն բան կկատարվի:+
19 Ուստի ով որ այս պատվիրաններից թեկուզ ամենաաննշանը խախտի և ուրիշներին էլ սովորեցնի նույնն անել, անարժան* կհամարվի երկնքի թագավորության համար: Իսկ ով որ կատարի և սովորեցնի դրանք, արժանի* կհամարվի երկնքի թագավորության համար:
20 Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը լինի ընդամենը այնպիսին, ինչպիսին Օրենքի ուսուցիչներինն* ու փարիսեցիներինն է,+ դուք հաստատ չեք մտնի երկնքի թագավորություն:+
21 Դուք գիտեք, որ հնում ապրողներին ասվել է. «Մի՛ սպանիր:+ Ով որ սպանի, պետք է իր արածի համար պատասխան տա դատարանի առաջ»:+
22 Բայց ես ասում եմ ձեզ. ով որ իր եղբոր* վրա զայրացած մնա,+ պետք է պատասխան տա դատարանի առաջ: Ով որ իր եղբորը խիստ վիրավորական խոսք ասի, պետք է պատասխան տա Գերագույն դատարանի առաջ: Բայց ով որ ասի՝ անաստված հիմար,* ենթակա կլինի կրակոտ գեհենին:*+
23 Եվ ուրեմն, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ+ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի,
24 ընծադ թող զոհասեղանի մոտ և գնա, նախ հաշտվիր եղբորդ հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ:+
25 Երբ մեկը բողոք ներկայացնի քո դեմ, գործերդ արագ հարթիր նրա հետ նախքան դատարան հասնելը, այլապես գուցե նա քեզ հանձնի դատավորի ձեռքը, դատավորն էլ՝ դատական ծառայողի ձեռքը, և դու բանտ գցվես:+
26 Հաստատ ասում եմ. այնտեղից դուրս չես գա, քանի դեռ պարտքդ չես վճարել մինչև վերջին լուման:*
27 Դուք գիտեք, որ ասվել է. «Մի՛ շնացիր»:*+
28 Բայց ես ասում եմ ձեզ. ով շարունակ այնպես նայի որևէ կնոջ,+ որ իր մեջ կրքեր արթնանան նրա հանդեպ, նա արդեն իսկ շնացած կլինի նրա հետ իր սրտում:+
29 Ուրեմն եթե քո աչքը* մեղքի է դրդում քեզ, հանիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ մարմնիդ մասերից մեկը կորցնես, քան ամբողջ մարմինդ կործանվի գեհենում:+
30 Եթե քո ձեռքը* մեղքի է դրդում քեզ, կտրիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ մարմնիդ մասերից մեկը կորցնես, քան ամբողջ մարմինդ կործանվի գեհենում:+
31 Նաև ասվել է. «Ով իր կնոջից բաժանվի, թող ամուսնալուծության վկայական տա նրան»:+
32 Բայց ես ասում եմ ձեզ. ով բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության* պատճառով, նրան դրդում է շնության,* և ով ամուսնանում է այս ձևով բաժանված կնոջ հետ, շնություն է գործում:+
33 Դուք նաև գիտեք, որ հնում ապրողներին ասվել է. «Ձեր տված երդումը մի՛ դրժեք,+ այլ կատարեք Եհովային* տված խոստումները»:+
34 Բայց ես ասում եմ ձեզ. ընդհանրապես երդում մի՛ տվեք:*+ Մի՛ երդվեք ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է,
35 ո՛չ երկրով, քանի որ այն նրա ոտքերի պատվանդանն է,+ ո՛չ Երուսաղեմով, քանի որ այն մեծն Թագավորի քաղաքն է,+
36 և ո՛չ էլ ձեր գլխով, քանի որ չեք կարող ձեր գլխի մի մազն անգամ սպիտակ կամ սև դարձնել:
37 Պարզապես թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ,+ իսկ սրանից այն կողմ անցնողը Չարին է հետևում:+
38 Դուք գիտեք, որ ասվել է. «Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ»:+
39 Բայց ես ասում եմ. հակահարված մի՛ տուր չար մարդուն, այլ եթե մեկը ապտակում է քո աջ այտին, մյուսն էլ նրան դարձրու:+
40 Եթե մեկը ուզում է քեզ դատի տալ, որ վերցնի հագուստդ, վերնահագուստդ էլ տուր նրան:+
41 Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն,* նրա հետ երկու մղոն գնա:
42 Եթե մեկը քեզնից մի բան է խնդրում, տուր նրա խնդրածը և քեզնից պարտք* ուզողին մի՛ մերժիր:+
43 Դուք գիտեք, որ ասվել է. «Սիրեք դրացուն+ և ատեք թշնամուն»:
44 Բայց ես ասում եմ ձեզ. սիրեք ձեր թշնամիներին+ և աղոթեք ձեզ հալածողների համար,+
45 որպեսզի լինեք ձեր երկնային Հոր որդիները,+ քանի որ նա արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա:+
46 Եթե սիրեք միայն նրանց, ովքեր սիրում են ձեզ, մի՞թե վարձատրության կարժանանաք:+ Չէ՞ որ հարկահավաքներն էլ են այդպես անում:
47 Եվ եթե միայն ձեր եղբայրներին ողջունեք, ի՞նչ արտասովոր բան արած կլինեք: Չէ՞ որ ուրիշ ազգերի մարդիկ էլ են այդպես անում:
48 Ուստի կատարյալ եղեք,* ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ովքեր Աստծու մասին գիտելիքների ծարավ են»: Բռց.՝ «ոգու աղքատ [մուրացկան] են»:
^ Կամ՝ «մեղմ»:
^ Կարող է վերաբերել ոչ միայն ֆիզիկապես տեսնելուն, այլև ըմբռնելուն ու հասկանալուն:
^ Բռց.՝ «երկնքում»:
^ Կամ՝ «Ճշմարիտ»:
^ Բռց.՝ «ամենաաննշանը»:
^ Բռց.՝ «մեծ»:
^ Բռց.՝ «դպիրներինը»:
^ Հուն.՝ մորե: Այս բառով նկարագրվում է բարոյազուրկ և Աստծու դեմ ըմբոստացող մարդը:
^ Այսինքն՝ հավատակցի:
^ Բռց.՝ «վերջին կվադրանսը»: Տես հավելված Բ14:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Բռց.՝ «աջ աչքը»:
^ Բռց.՝ «աջ ձեռքը»:
^ Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Տես հավելված Ա5:
^ Հիսուսը դատապարտում է անմտածված երդում տալը:
^ Ըստ ամենայնի, սա հռոմեական մղոնն է, որը մոտ 1 479,5 մ է: Տես հավելված Բ14:
^ Այսինքն՝ առանց տոկոսի պարտք:
^ Այսինքն՝ կատարյալ (լիարժեք) սեր դրսևորեք: