Մատթեոս 8։1-34

  • Բորոտ մի մարդ բուժվում է (1-4)

  • Հարյուրապետի հավատը (5-13)

  • Հիսուսը Կափառնայումում բուժում է շատերին (14-17)

  • Հիսուսի հետևորդը լինելու պահանջները (18-22)

  • Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը (23-27)

  • Հիսուսը դևերին խոզերի երամակի մեջ է ուղարկում (28-34)

8  Երբ Հիսուսը իջավ լեռան լանջից, մարդկանց մեծ խմբեր գնացին նրա հետևից:  Այդ ժամանակ մի բորոտ մարդ մոտեցավ, ծնկի գալով խոնարհվեց նրա առաջ ու ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+  Նա էլ, մեկնելով ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»:+ Եվ հենց այդ պահին նրա բորոտությունը բուժվեց:+  Այնուհետև Հիսուսն ասաց նրան. «Տես, ոչ ոքի չպատմես:+ Գնա ներկայացիր քահանային+ ու մատուցիր Մովսեսի օրենքով սահմանված ընծան,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:  Երբ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ մոտեցավ նրան և աղաչելով ասաց.+  «Տե՛ր, իմ ծառան տանը կաթվածահար պառկած է և սաստիկ տանջվում է»:  Հիսուսն ասաց. «Կգամ և կբուժեմ նրան»:  Իսկ հարյուրապետը պատասխանեց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես: Միայն մի բառ ասա, և ծառաս կբուժվի:  Ես ինքս իշխանության տակ եղող մարդ եմ, նաև ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, գնում է, մյուսին ասում եմ՝ արի՛, գալիս է, ծառայիս կարգադրում եմ՝ այս բա՛նն արա, և անում է»: 10  Սա լսելով՝ Հիսուսը շատ զարմացավ և իր հետևից եկող մարդկանց ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսպիսի մեծ հավատ չեմ տեսել:+ 11  Ասում եմ. շատերը արևելքից ու արևմուտքից կգան և երկնքի թագավորության մեջ սեղան կնստեն+ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, 12  իսկ Թագավորության որդիները կնետվեն դուրս՝ խավարի մեջ, որտեղ լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները»:+ 13  Ապա դիմելով հարյուրապետին՝ ասաց. «Տուն վերադարձիր: Քո դրսևորած հավատի համար խնդրանքդ կկատարվի»:+ Եվ այդ պահին նրա ծառան առողջացավ:+ 14  Հետո Հիսուսը գնաց Պետրոսի տուն և տեսավ, որ նրա զոքանչը+ ջերմության մեջ պառկած է:+ 15  Նա դիպավ կնոջ ձեռքին,+ և ջերմությունն իջավ: Կինը վեր կացավ ու սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց: 16  Երեկոյան մարդիկ շատ դիվահարների բերեցին Հիսուսի մոտ, և նա, ընդամենը մի խոսք ասելով, դուրս էր հանում ոգիներին ու բուժում էր բոլոր հիվանդներին: 17  Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր տկարությունները և հեռու տարավ մեր ցավերը»:+ 18  Երբ Հիսուսը տեսավ, որ իր շուրջը մարդկանց բազմություն է հավաքվել, աշակերտներին պատվիրեց, որ նավով իր հետ ծովի մյուս ափն անցնեն:+ 19  Նրան մոտեցավ Օրենքի մի ուսուցիչ* ու ասաց. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, կհետևեմ քեզ»:+ 20  Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:+ 21  Ապա աշակերտներից մեկն ասաց Հիսուսին. «Տե՛ր, թույլ տուր՝ նախ գնամ իմ հորը թաղեմ»:+ 22  Նա էլ ասաց. «Շարունակիր հետևել ինձ. թող մահացածները* թաղեն մահացածներին»:+ 23  Ապա Հիսուսը նավ մտավ, աշակերտներն էլ՝ նրա հետ:+ 24  Որոշ ժամանակ անց ծովում մեծ փոթորիկ բարձրացավ, այնպես որ ալիքները հեղեղում էին նավը, իսկ Հիսուսը քնած էր:+ 25  Աշակերտները եկան ու արթնացրին նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք»: 26  Բայց նա ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախեցել, թերահավատնե՛ր»:+ Ապա վեր կացավ, սաստեց քամուն ու ծովին, և կատարյալ հանդարտություն տիրեց:+ 27  Աշակերտներն ապշել էին: Նրանք ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամին ու ծովն են ենթարկվում նրան»: 28  Երբ հասան ծովի մյուս ափը՝ Գադարայի կողմերը, գերեզմանոցից երկու դիվահար մարդիկ եկան Հիսուսին ընդառաջ:+ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր համարձակվում անցնել այդ ճանապարհով: 29  Նրանք բղավեցին. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Աստծո՛ւ Որդի:+ Եկել ես՝ պատժե՞ս* մեզ+ նշանակված ժամանակից շուտ»:+ 30  Հեռվում խոզերի մի մեծ երամակ էր արածում:+ 31  Դևերը սկսեցին աղաչել. «Եթե մեզ հանելու ես, խոզերի երամակի մեջ ուղարկիր»:+ 32  Հիսուսն ասաց. «Գնացե՛ք»: Նրանք էլ դուրս եկան ու խոզերի մեջ մտան: Եվ ամբողջ երամակը գահավեժ ժայռից ցած նետվեց ծովը ու խեղդվեց ջրերի մեջ: 33  Իսկ խոզարածները փախան և գնալով քաղաք՝ մարդկանց պատմեցին ողջ եղելությունը, նաև դիվահարներին պատահածը: 34  Եվ քաղաքի ամբողջ բնակչությունը դուրս եկավ Հիսուսին ընդառաջ: Երբ հանդիպեցին նրան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մաքրել»:
Բռց.՝ «մի դպիր»:
Ակներևաբար, խոսքը հոգևորապես մահացած մարդկանց մասին է:
Բռց.՝ «տանջե՞ս»: