Մարկոս 3։1-35

  • Կռկված ձեռքով մարդը բուժվում է (1-6)

  • Ափին մեծ բազմություն է հավաքվում (7-12)

  • 12 առաքյալները (13-19)

  • Սուրբ ոգու դեմ ուղղված անարգական խոսքեր (20-30)

  • Հիսուսի մայրն ու եղբայրները (31-35)

3  Հիսուսը մեկ ուրիշ անգամ էլ ժողովարան մտավ: Այնտեղ կռկված* ձեռքով մի մարդ կար:+  Փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն:  Հիսուսը, դիմելով կռկված ձեռքով մարդուն, ասաց. «Վեր կաց ու եկ կանգնիր մեջտեղում»:  Ապա փարիսեցիներին ասաց. «Ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ Բայց նրանք լուռ էին:  Հիսուսը, փարիսեցիների քարսրտությունից+ խորապես վշտացած, զայրույթով նայեց նրանց և ասաց այդ մարդուն. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց ձեռքը, և այն առողջացավ:  Փարիսեցիները դուրս գնացին ու հերովդեսականների* հետ անմիջապես սկսեցին դավ նյութել+ Հիսուսի դեմ, որ սպանեն:  Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց ծովի մոտակայքը: Գալիլեայից ու Հրեաստանից շատ մարդիկ գնացին նրա մոտ:+  Լսելով Հիսուսի արած բազմաթիվ գործերի մասին՝ նրա մոտ եկան նույնիսկ Երուսաղեմից, Իդումեայից, Հորդանանի արևելյան կողմից և Տյուրոսի ու Սիդոնի շրջակայքից:  Նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ պահեն, որպեսզի դրա մեջ մտնի, եթե բազմությունը սեղմի իրեն: 10  Քանի որ Հիսուսը շատերին բուժեց, ծանր հիվանդություններով տառապող բոլոր մարդիկ սկսեցին առաջ անցնելով խմբվել նրա շուրջը, որ դիպչեն նրան:+ 11  Չար* ոգիների+ ազդեցության տակ եղող մարդիկ, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ ու բղավում. «Դու Աստծու Որդին ես»:+ 12  Բայց նա, մի քանի անգամ կրկնելով, չար ոգիներին խստիվ պատվիրում էր չհայտնել իր ով լինելը:+ 13  Հետո Հիսուսը սար բարձրացավ: Նա իր աշակերտներից ոմանց, ում ընտրել էր,+ կանչեց իր մոտ:+ Եվ երբ նրանք եկան, 14  նա 12 հոգուց բաղկացած մի խումբ կազմեց և նրանց առաքյալներ կոչեց: Նրանք ուղեկցելու էին իրեն և ուղարկվելու էին քարոզելու, 15  նաև դևեր հանելու իշխանություն էին ստանալու:+ 16  Այդ 12 հոգին էին՝+ Սիմոնը, որին Հիսուսը Պետրոս+ անունը տվեց, 17  Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը (Հիսուսը նրանց անվանեց Բաներեգես, որ նշանակում է «որոտի որդիներ»),+ 18  Անդրեասը, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Թադեոսը, Սիմոն Կանանացին* 19  և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան: 20  Հետո Հիսուսը գնաց մի տուն, և կրկին մարդկանց բազմություն հավաքվեց, այնպես որ նա և իր աշակերտները չկարողացան նույնիսկ հաց ուտել: 21  Երբ Հիսուսի ազգականները լսեցին, որ նրա շուրջը նորից ամբոխ է հավաքվել, եկան, որ տանեն նրան՝ մտածելով, թե խելագարվել է:+ 22  Երուսաղեմից եկած Օրենքի ուսուցիչներն* էլ ասում էին. «Բեհեղզեբուղ* ունի: Դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+ 23  Հիսուսը մոտ կանչեց նրանց և սկսեց օրինակներ բերել: Նա ասաց. «Ինչպե՞ս կարող է Սատանան Սատանային հանել: 24  Եթե մի թագավորություն պառակտվի, չի կարող կանգուն մնալ,+ 25  և եթե մի տան մեջ պառակտում լինի, այն կանգուն չի մնա: 26  Ուրեմն եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս եկել, ու նրա թագավորությունը* պառակտվել է, նա հաստատուն չի մնա, նրա վերջը եկել է: 27  Ոչ ոք չի կարող ներխուժել ուժեղ մարդու տուն և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ մարդուն: Միայն այդ դեպքում կկարողանա կողոպտել նրա տունը: 28  Հաստատ ասում եմ ձեզ. մարդկանց ամեն բան կներվի, ինչ մեղքեր էլ որ գործած լինեն և ինչ անարգական խոսքեր էլ որ ասած լինեն, 29  բայց ով սուրբ ոգու դեմ է անարգական բան ասում, հավիտյան ներում չի ունենա.+ այդ մեղքը մեկընդմիշտ կմնա նրա վրա»:+ 30  Նա այդ խոսքերն ասաց, քանի որ ասում էին, թե իր մեջ չար ոգի կա:+ 31  Հիսուսի մայրն ու եղբայրները+ եկան և դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու:+ 32  Այդ ժամանակ Հիսուսի շուրջբոլորը շատ մարդիկ էին նստած: Նրան հաղորդեցին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են ու քեզ են կանչում»:+ 33  Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գիտե՞ք՝ ովքեր են իմ մայրն ու եղբայրները»: 34  Եվ նայելով մոտիկ նստածներին՝ ասաց. «Ահա թե ովքեր են իմ մայրը և իմ եղբայրները:+ 35  Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «կաթվածահար»:
Կամ՝ «հոգի»:
Հերովդեսականները քաղաքական կուսակցության անդամներ էին: Բառարանում տես «Հերովդեսականներ»:
Բռց.՝ «Անմաքուր»:
Ըստ ամենայնի, նշանակում է «նախանձախնդիր»: Կապ չունի Քանանի կամ Կանայի հետ:
Բռց.՝ «դպիրները»:
Այս անվանումը վերաբերում է Սատանային:
Կամ՝ «նա»: