Մարկոս 5։1-43

  • Հիսուսը դևերին ուղարկում է խոզերի մեջ (1-20)

  • Հայրոսի աղջիկը: Մի կին դիպչում է Հիսուսի վերնահագուստին (21-43)

5  Նրանք հասան ծովի մյուս կողմը՝ գերասացիների շրջանը:+  Հենց որ Հիսուսը նավակից ափ իջավ, գերեզմանոցից նրան ընդառաջ եկավ մի մարդ, որը չար* ոգու ազդեցության տակ էր:  Նա գերեզմանոցում էր ապրում, և դեռ ոչ ոք չէր կարողացել նրան ամուր կապած պահել, նույնիսկ շղթաներով:  Շատ անգամ էին ոտնակապերով ու շղթաներով կապել նրան, բայց շղթաները կտրել էր ու ոտնակապերը կոտրել: Ոչ ոքի ուժը չէր պատում, որ սանձի նրան:  Գիշեր ու ցերեկ նա գերեզմաններում ու սարերում անդադար աղաղակում էր և ինքն իրեն քարերով ճղոտում:  Հեռվից տեսնելով Հիսուսին՝ նա վազեց, ծնկի եկավ նրա առաջ+  և բարձր բղավեց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի: Աստծու առաջ երդվիր, որ ինձ չես պատժի»:*+  Նա այդպես բղավեց, քանի որ Հիսուսն ասում էր. «Դո՛ւրս արի այդ մարդու միջից, չա՛ր ոգի»:+  Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»: Նա պատասխանեց. «Անունս Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»: 10  Եվ շատ աղերսեց Հիսուսին, որ իրենց այդ տեղանքից դուրս չուղարկի:+ 11  Լեռնալանջին խոզերի+ մի մեծ երամակ էր արածում:+ 12  Չար ոգիները աղերսեցին նրան. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, թույլ տուր՝ դրանց մեջ մտնենք»: 13  Եվ նա թույլ տվեց նրանց: Չար* ոգիները դուրս եկան ու խոզերի մեջ մտան: Ամբողջ երամակը՝ մոտ 2 000 խոզ, գահավեժ ժայռից ցած նետվեց ու խեղդվեց ծովում: 14  Իսկ խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու դրա շրջակայքում: Ուստի մարդիկ եկան, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունեցել:+ 15  Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ նախկինում լեգեոն ունեցող այդ դիվահար մարդը այժմ հագնված նստած է, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին: 16  Ականատեսները նրանց պատմեցին դիվահար մարդու և խոզերի հետ կապված ողջ եղելությունը: 17  Նրանք էլ աղաչեցին Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից:+ 18  Երբ Հիսուսը նավակ մտավ, այն մարդը, որ առաջ դիվահար էր, սկսեց աղաչել, որ թույլ տա իր հետ գնալ:+ 19  Բայց նա թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա տուն՝ ազգականներիդ մոտ, և նրանց պատմիր քեզ համար Եհովայի* արածների ու քո հանդեպ նրա ցուցաբերած գթասրտության մասին»: 20  Նա էլ գնաց ու Դեկապոլիսում* սկսեց պատմել այն ամենը, ինչ Հիսուսն արել էր իր համար, և բոլորը զարմանում էին: 21  Հիսուսը նավակով հետ գնաց մյուս ափը: Երբ նա դեռ ծովի ափին էր, մի մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ:+ 22  Այդտեղ եկավ ժողովարանի պետերից մեկը, որի անունը Հայրոս էր: Հիսուսին տեսնելով՝ նրա ոտքերն ընկավ+ 23  և սկսեց աղերսել. «Աղջիկս մահամերձ է: Խնդրում եմ, արի ու ձեռքերդ նրա վրա դիր,+ որ ապաքինվի ու ապրի»: 24  Եվ Հիսուսը գնաց նրա հետ: Մարդկանց մի մեծ բազմություն գնում էր նրա հետևից և ամեն կողմից սեղմում նրան: 25  Մի կին կար, որը 12 տարի արյունահոսությամբ+ էր տառապում:+ 26  Նա զանազան բուժումներ էր ստացել տարբեր բժիշկներից և այդ պատճառով շատ էր տանջվել, ծախսել էր իր բոլոր միջոցները, բայց նրա վիճակը չէր բարելավվել, հակառակը՝ ավելի էր վատացել: 27  Այդ կինը լսել էր Հիսուսի մասին, ուստի եկավ, ամբոխի մեջ հետևից մոտեցավ նրան ու դիպավ նրա վերնահագուստին:+ 28  Նա ասում էր. «Թեկուզ նրա վերնահագուստին էլ դիպչեմ, կլավանամ»:+ 29  Եվ հենց այդ պահին արյունահոսությունը դադարեց, ու նա զգաց, որ բուժվեց իր հիվանդությունից: 30  Հիսուսն անմիջապես զգաց, որ իրենից ուժ դուրս եկավ,+ և հետ շրջվելով՝ հարցրեց. «Ո՞վ դիպավ իմ վերնահագուստին»:+ 31  Նրա աշակերտներն ասացին. «Տեսնում ես՝ ամբոխը ամեն կողմից սեղմում է քեզ: Էլ ինչո՞ւ ես հարցնում. «Ո՞վ դիպավ ինձ»»: 32  Սակայն նա շուրջն էր նայում, որ տեսնի՝ ով էր դիպչողը: 33  Կինը, ով զգացել էր, որ բուժվել է, վախից դողալով՝ մոտեցավ Հիսուսին և ծնկի գալով նրա առաջ՝ պատմեց ողջ ճշմարտությունը: 34  Նա էլ ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ: Գնա խաղաղությամբ,+ և թող այդ ծանր հիվանդությունն այլևս չտանջի քեզ»:+ 35  Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովարանի պետի մոտ մարդիկ եկան նրա տնից ու ասացին. «Աղջիկդ մահացել է: Էլ կարիք չկա նեղություն տալ Ուսուցչին»:+ 36  Լսելով, թե նրանք ինչ ասացին՝ Հիսուսը ժողովարանի պետին ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»:+ 37  Եվ իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին՝ գնաց: Ուրիշ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ:+ 38  Երբ հասան ժողովարանի պետի տուն, այնտեղ իրարանցում էր. մարդիկ լացուկոծ էին անում ու բարձր ձայնով ողբում:+ 39  Հիսուսը ներս մտավ ու ասաց. «Այս ի՞նչ իրարանցում է: Ինչո՞ւ եք լացում: Երեխան չի մահացել, նա քնած է»:+ 40  Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: Բայց բոլորին դուրս հանելուց հետո նա իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը և հետը եկած աշակերտներին ու մտավ այնտեղ, որտեղ պառկած էր երեխան: 41  Բռնելով նրա ձեռքը՝ Հիսուսն ասաց՝ «Տալիթա՛, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կս, ասում եմ քեզ՝ վե՛ր կաց»:+ 42  Հենց այդ պահին աղջիկը (նա 12 տարեկան էր) վեր կացավ ու սկսեց քայլել: Նրա ծնողները ուրախությունից գլուխները կորցրել էին: 43  Հիսուսը նրանց խստիվ* պատվիրեց ոչ ոքի չպատմել այդ մասին+ և ասաց, որ աղջկան ուտելու բան տան:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «տանջի»:
Բռց.՝ «Անմաքուր»:
Սա տասը քաղաքներից բաղկացած շրջան էր:
Կամ՝ «մի քանի անգամ»: