Մարկոս 8։1-38

  • Հիսուսը կերակրում է 4 000 մարդու (1-9)

  • Հիսուսից նշան են խնդրում (10-13)

  • Փարիսեցիների և Հերովդեսի թթխմորը (14-21)

  • Բեթսայիդայի մոտակայքում բուժում է մի կույր մարդու (22-26)

  • Պետրոսն ասում է, որ Հիսուսը Քրիստոսն է (27-30)

  • Հիսուսը խոսում է իր մոտալուտ մահվան մասին (31-33)

  • Ինչ է պահանջվում Հիսուսի ճշմարիտ հետևորդը լինելու համար (34-38)

8  Այդ օրերին կրկին շատ ժողովուրդ հավաքվեց Հիսուսի մոտ: Նրանք ուտելու ոչինչ չունեին, ուստի Հիսուսը կանչեց իր աշակերտներին ու ասաց.  «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն:+  Եթե նրանց թողնեմ, որ սոված գնան իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն: Նրանցից ոմանք հեռվից են եկել»:  Աշակերտները պատասխանեցին. «Այս ամայի վայրում մարդ որտեղի՞ց կարող է այդքան հաց գտնել, որ այս ժողովուրդն ուտի ու կշտանա»:  Հիսուսը հարցրեց. «Քանի՞ հաց ունեք»: Նրանք պատասխանեցին. «Յոթ»:+  Ապա Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ նստեն գետնին, վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց Աստծուն, հացերը մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, որ բաշխեն նստածներին: Աշակերտները դրանք փոխանցեցին ժողովրդին:+  Նրանք մի քանի փոքր ձկներ էլ ունեին: Հիսուսը դրանց համար էլ շնորհակալություն հայտնեց Աստծուն և ասաց, որ բաժանեն մարդկանց:  Ժողովուրդը կերավ կշտացավ: Հետո հավաքեցին ավելացած կտորները, և յոթ մեծ զամբյուղ լցվեց:+  Ընդ որում՝ այնտեղ մոտ 4 000 տղամարդ կար: Այնուհետև Հիսուսը ճանապարհեց ժողովրդին: 10  Դրանից անմիջապես հետո նա աշակերտների հետ նավակ նստեց ու գնաց Դալմանութայի կողմերը:+ 11  Ապա փարիսեցիները եկան ու սկսեցին վիճաբանել նրա հետ և փորձելու համար ուզում էին, որ երկնային նշան ցույց տա:+ 12  Հիսուսն էլ խորը հառաչեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում:+ Հաստատ ասում եմ. այս սերնդին ոչ մի նշան էլ ցույց չի տրվի»:+ 13  Եվ թողեց հեռացավ նրանց մոտից ու նորից մտնելով նավակը՝ դիմացի ափը գնաց: 14  Սակայն աշակերտները մոռացան իրենց հետ հաց վերցնել և նավակում, բացի մեկ հացից, ուտելու ուրիշ բան չունեին:+ 15  Հիսուսը ուղիղ զգուշացում տվեց նրանց. «Զգո՛ն եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների ու Հերովդեսի թթխմորից»:+ 16  Եվ աշակերտների միջև թեժ քննարկում սկսվեց հաց չունենալու հետ կապված: 17  Նկատելով դա՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես բուռն քննարկում հաց չունենալու հարցը: Ձեզ համար դեռ հստակ չէ՞, թե ինչ եմ ուզում ասել, դեռ չե՞ք հասկանում: Մի՞թե ձեր միտքը դեռ չի ընկալում, 18  «աչքեր ունենալով հանդերձ՝ չե՞ք տեսնում, ականջներ ունենալով հանդերձ՝ չե՞ք լսում»: Մի՞թե չեք հիշում. 19  երբ 5 000 տղամարդու համար այն հինգ հացերը+ մասերի բաժանեցի, ավելացած կտորներով քանի՞ զամբյուղ լցվեց»: Նրանք պատասխանեցին. «Տասներկու»:+ 20  «Իսկ երբ այն 4 000 տղամարդու համար յոթ հացերը մասերի բաժանեցի, ավելացած կտորներով քանի՞ մեծ զամբյուղ լցվեց»: Նրանք պատասխանեցին. «Յոթ»:+ 21  Հիսուսն էլ ասաց. «Եվ այսքանից հետո դեռ չե՞ք հասկանում»: 22  Նրանք ափ իջան Բեթսայիդայում: Հիսուսի մոտ մի կույր մարդու բերեցին և աղաչեցին, որ դիպչի նրան:+ 23  Նա բռնեց կույր մարդու ձեռքից և գյուղից դուրս տարավ: Ապա իր թուքը քսեց նրա աչքերին,+ ձեռքերը դրեց վրան ու հարցրեց. «Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես»: 24  Մարդը, իր դիմացը նայելով, ասաց. «Կարծես թե մարդկանց եմ տեսնում, որովհետև տեսածներս ասես ծառեր լինեն, բայց քայլում են»: 25  Հիսուսը կրկին ձեռքերը դրեց այդ մարդու աչքերին, և նա սկսեց պարզ տեսնել: Նրա տեսողությունը վերականգնվեց, և նա արդեն ամեն ինչ հստակ էր տեսնում: 26  Հիսուսը նրան տուն ճանապարհեց՝ ասելով. «Բայց այս գյուղ չմտնես»: 27  Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը: Ճանապարհին աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում, ո՞վ եմ ես»:+ 28  Նրանք պատասխանեցին. «Ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես,+ ոմանք էլ ասում են՝ Եղիան,+ ուրիշներն էլ՝ մարգարեներից մեկը»: 29  Հիսուսը հարցրեց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես»:+ 30  Ապա Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն, թե ով է ինքը:+ 31  Նաև սկսեց բացատրել,* որ մարդու Որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի+ ու երրորդ օրը* հարություն առնի:+ 32  Նա բացահայտ խոսում էր այդ ամենի մասին: Ուստի Պետրոսը նրան մի կողմ տարավ ու կշտամբեց:+ 33  Նա էլ շրջվեց և հայացքն ուղղելով իր աշակերտներին՝ խիստ տոնով ասաց Պետրոսին. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛: Դու Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց»:+ 34  Հետո Հիսուսն իր մոտ կանչեց ժողովրդին ու իր աշակերտներին և ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը* և շարունակ ինձ հետևի:+ 35  Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ և հանուն բարի լուրի, կվերագտնի այն:+ 36  Ի՞նչ օգուտ, որ մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+ 37  Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի:+ 38  Ով որ այս անհավատարիմ* ու մեղավոր սերնդի մեջ ամաչի ասել, որ իմ աշակերտն է և հավատում է իմ խոսքերին, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է,+ երբ գա իր Հոր փառքով իր սուրբ հրեշտակների հետ»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ուսուցանել»:
Բռց.՝ «դպիրների»:
Բռց.՝ «երեք օր հետո»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «շնացող»: