Նեեմիա 5։1-19

  • Նեեմիան վերջ է դնում ազգակիցների շահագործմանը (1-13)

  • Նեեմիայի անշահախնդրությունը (14-19)

5  Սակայն ժողովուրդը՝ տղամարդիկ ու իրենց կանայք, բողոքի մեծ աղաղակ բարձրացրին իրենց հրեա եղբայրների դեմ:+  Ոմանք ասում էին. «Մենք շատվոր ենք՝ շատ որդիներ ու աղջիկներ ունենք. մեզ հացահատիկ է պետք, որ ուտելու բան ունենանք ու չմեռնենք»:  Ուրիշներն էլ ասում էին. «Մեր արտերը, խաղողի այգիներն ու տները գրավ ենք դնում, որ հացահատիկ ձեռք բերենք սովից փրկվելու համար»:  Կային մարդիկ էլ, որ ասում էին. «Մեր արտերն ու խաղողի այգիները տվել ենք, որ պարտքով փող վերցնենք ու թագավորի տուրքը վճարենք:+  Մենք նույն միսն ու արյունն ենք, ինչ մեր եղբայրները, մեր երեխաներն էլ նրանց երեխաներից ոչնչով պակաս չեն, մինչդեռ մենք ստիպված ենք մեր տղաներին ու աղջիկներին ստրկության հանձնել, և մեր աղջիկներից մի քանիսն արդեն ստրկության մեջ են:+ Իսկ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ մեր արտերն ու խաղողի այգիները ուրիշների ձեռքին են»:  Մարդկանց բողոքի աղաղակն ու խոսքերը լսելով՝ ես մեծ զայրույթով լցվեցի:  Խնդիրը ծանրութեթև անելուց հետո իշխանավորներին ու փոխկառավարիչներին նախատեցի՝ ասելով. «Դուք բոլորդ տոկոս եք վերցնում ձեր իսկ եղբայրներից»:*+ Ապա մեծ ժողով արեցի այդ հարցը լուծելու համար:  Ես ասացի. «Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որ հետ գնենք մեր հրեա եղբայրներին, որոնք ծախվել էին ուրիշ ազգերի: Եվ հիմա դո՞ւք եք վաճառում ձեր իսկ եղբայրներին,+ որ մենք ձեզնից հետ գնենք նրանց»: Նրանք ոչինչ չկարողացան պատասխանել:  Ես շարունակեցի. «Դուք լավ բան չեք անում: Չէ՞ որ պետք է ամեն ինչում աստվածավախությամբ* վարվեք,+ որ մյուս ազգերը՝ մեր թշնամիները, չկարողանան վատաբանել մեզ: 10  Ես, եղբայրներս ու օգնականներս* առանց տոկոսի ենք պարտքով փող ու հացահատիկ տալիս մեր հրեա եղբայրներին: Խնդրում եմ, եկեք վերջ տանք տոկոսով պարտք տալուն:+ 11  Խնդրում եմ, հենց այսօր վերադարձրեք նրանց արտերը,+ խաղողի ու ձիթենու այգիները և տները, ինչպես նաև փողի, հացահատիկի, գինու և յուղի մեկ հարյուրերորդ մասը,* որը նրանցից որպես տոկոս եք գանձել»: 12  Նրանք էլ ասացին. «Մենք այդ ամենը նրանց կվերադարձնենք և ոչինչ չենք պահանջի նրանցից: Ճիշտ քո ասածով կանենք»: Ուստի ես կանչեցի քահանաներին ու նրանց առաջ այդ մարդկանց երդվել տվեցի, որ կպահեն իրենց խոստումը: 13  Ես նաև թափ տվեցի հագուստիս գրպանն* ու ասացի. «Թող ճշմարիտ Աստված նույն ձևով թափ տա այս խոստումը չպահող յուրաքանչյուր մարդու՝ զրկելով նրան տնից և ունեցվածքից: Թող այդ մարդն այդպես թափ տրվի ու դատարկաձեռն մնա»: Ի պատասխան՝ ամբողջ ժողովն ասաց՝ «Ամե՛ն»,* և սկսեց գովաբանել Եհովային: Ժողովուրդը պահեց իր խոստումը: 14  Բացի այդ՝ այն օրվանից, երբ Արտաքսերքսես* թագավորն+ ինձ Հուդայի երկրում կառավարիչ+ նշանակեց, ես ու եղբայրներս 12 տարի շարունակ, այսինքն՝ թագավորի իշխանության 20-րդ տարուց+ մինչև 32-րդ տարին,+ ժողովրդից չվերցրինք կառավարչին հասանելիք ուտելիքի բաժինը:+ 15  Իսկ ինձնից առաջ եղած կառավարիչները բեռ էին դարձել ժողովրդի համար և նրանցից օրական 40 սիկղ* արծաթ էին վերցնում հացի ու գինու համար: Նրանց օգնականներն էլ էին հարստահարում ժողովրդին: Իսկ ես այդպես չէի վարվում,+ քանի որ աստվածավախ եմ:+ 16  Ավելին՝ ես մասնակցում էի պարսպի շինարարությանը, և իմ բոլոր օգնականներն էլ էին աշխատում այնտեղ. մենք մի արտ անգամ ձեռք չբերեցինք՝+ օգտվելով որևէ մեկի ծանր վիճակից: 17  Իմ սեղանից 150 մարդ էր օգտվում՝ փոխկառավարիչներ և այլ հրեաներ՝ չհաշված շրջակա ազգերից մեզ այցելող տարբեր մարդիկ: 18  Իմ պատվերով* ամեն օր պատրաստվում էր մեկ ցուլ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, իսկ տասը օրը մեկ առատությամբ ամեն տեսակ գինի էր մատուցվում: Չնայած դրան՝ ժողովրդից չէի պահանջում կառավարչին հասանելիք ուտելիքի բաժինը, քանի որ նրանց բեռն արդեն իսկ ծանր էր: 19  Ո՜վ իմ Աստված, հիշիր այս ժողովրդի համար իմ բոլոր արածները և օրհնիր ինձ:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «վաշխառություն եք անում ձեր իսկ եղբայրների նկատմամբ»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «սպասավորներս»:
Կամ՝ «մեկ տոկոսը», որ վճարվում էր ամեն ամիս:
Կամ՝ «Թող այդպես լինի»:
Կամ՝ «ծալքը», որը գտնվում էր կրծքամասում և հին ժամանակներում ծառայում էր որպես գրպան:
Արտաքսերքսես I:
Մոտ 456 գ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Իմ հաշվին»:
Կամ՝ «հօգուտ այս ժողովրդի իմ բոլոր արածների համար հիշիր ինձ ի բարին»: