Նեեմիա 6։1-19

  • Վերակառուցման դեմ հակառակությունը շարունակվում է (1-14)

  • Պարիսպը վերակառուցվում է 52 օրում (15-19)

6  Երբ Սանաբաղատին, Տուբիային,+ արաբացի+ Գեսամին ու մեր մյուս թշնամիներին տեղեկացրին, որ պարիսպը վերականգնել ենք,*+ և որ բաց տեղ չի մնացել (թեև այդ պահի դրությամբ մուտքերի դռները դեռ չէին տեղադրվել),+  Սանաբաղատն ու Գեսամն իսկույն մարդ ուղարկեցին ինձ մոտ և այս խոսքերը հաղորդեցին. «Եկ ժամ պայմանավորվենք ու հանդիպենք Օնո+ հարթավայրի գյուղերից մեկում»: Սակայն նրանք մտադրվել էին վնաս հասցնել ինձ:  Ես պատգամաբերներ ուղարկեցի, որ նրանց հաղորդեն իմ այս խոսքերը. «Ես կարևոր* գործով եմ զբաղված, չեմ կարող գալ: Եթե թողնեմ գամ, գործը կկանգնի»:  Նրանք չորս անգամ նույն հարցով մարդ ուղարկեցին ինձ մոտ, բայց ամեն անգամ նույն պատասխանը տվեցի:  Սանաբաղատը նույն հարցով հինգերորդ անգամ իր սպասավորին ուղարկեց ինձ մոտ, հետն էլ՝ մի բաց նամակ:  Դրա մեջ հետևյալն էր գրված. «Շրջակա ազգերի մեջ լուրեր են պտտվում, և Գեսամն+ էլ է ասում, որ դու և մյուս հրեաները մտադիր եք ապստամբել:+ Հենց դրա համար էլ կառուցում եք պարիսպը: Ըստ այդ լուրերի՝ դու պատրաստվում ես նրանց թագավորը դառնալ:  Նաև մարգարեներ ես նշանակել, որ ամբողջ Երուսաղեմում քո մասին հայտարարեն. «Հուդայում արդեն թագավոր կա»: Այդ ամենը կհասնի թագավորի ականջին: Ուստի արի, որ խորհրդակցենք և լուծում տանք այդ հարցին»:  Սակայն ես նրան այսպիսի պատասխան ուղարկեցի. «Քո ասածներից ոչ մեկը ճիշտ չէ: Դու ինքդ ես հորինել դրանք»:  Այդ բոլոր մարդիկ փորձում էին վախեցնել մեզ՝ մտածելով, որ թևաթափ կլինենք և գործը ավարտին չենք հասցնի:+ Բայց դու, ո՜վ Աստված, զորացրու ձեռքերս:+ 10  Դալայիայի որդի Սեմայիան՝ Մետաբելի թոռը, փակվել էր իր տանը: Ես գնացի նրա մոտ, և նա ասաց. «Արի պայմանավորվենք ու հանդիպենք ճշմարիտ Աստծու տանը՝ տաճարում, և փակենք տաճարի դռները, քանի որ գալու են՝ քեզ սպանեն: Գիշերով են գալու»: 11  Բայց ես ասացի. «Ես՝ կառավարիչ մարդ, ինչպե՞ս կարող եմ փախչել: Բացի այդ՝ ես ո՞վ եմ, որ մտնեմ տաճար. չէ՞ որ դրա համար մահապատժի կենթարկվեմ:+ Ես չե՛մ մտնի այնտեղ»: 12  Հետո հասկացա, որ Աստված չէր ուղարկել այդ մարգարեին, այլ Տուբիան ու Սանաբաղատն+ էին վարձել նրան, որ խաբի ինձ. 13  վարձել էին, որ վախեցնի ինձ ու մեղքի դրդի, որ ինձ հեղինակազրկելու հիմքեր ունենան և վարկաբեկեն: 14  Ո՜վ իմ Աստված, հիշիր Տուբիայի+ ու Սանաբաղատի բոլոր արարքները և մարգարեուհի Նովադիայի ու մյուս մարգարեների արածները, ովքեր անընդհատ փորձում էին վախեցնել ինձ: 15  Եվ այսպես՝ իլուլ* ամսի 25-ին պարսպի շինարարությունն ավարտվեց. այն տևեց 52 օր: 16  Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին այդ մասին, և մեր շրջակա բոլոր ազգերի մարդիկ տեսան դա, ամոթով մնացին.*+ նրանք հասկացան, որ այդ գործը մեր Աստծու օգնությամբ արվեց: 17  Այդ ողջ ընթացքում Հուդայի իշխանավորները+ անընդհատ նամակագրության մեջ էին Տուբիայի հետ: 18  Հուդայում շատերը նրան հավատարմության երդում էին տվել, որովհետև նա Արահի որդի+ Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հովհանանը ամուսնացած էր Բարաքիայի որդի Մեսուլամի+ աղջկա հետ: 19  Ինձ մոտ նրա մասին միշտ լավ բաներ էին ասում, իմ ասածներն էլ նրան էին հայտնում: Իսկ Տուբիան նամակներ էր ուղարկում, որ վախեցներ ինձ:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վերականգնել եմ»:
Կամ՝ «մեծ»:
Բռց.՝ «իրենք իրենց աչքից շատ ընկան»: