Սաղմոսներ 104։1-35
104 Գովաբանիր Եհովային, ո՛վ իմ անձ:+
Դու անչափ մեծափառ ես, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ:+
Դու վայելչություն ու շքեղություն ես հագած:+
2 Լույսով ես հանդերձավորվել,+Երկինքը վրանի կտորի պես տարածել ես:+
3 Վերնասենյակներիդ հեծանները վերին ջրերի վրա ես հիմնում,+Ամպերը քեզ համար կառք ես դարձնում,+Քամու թևերով սլանում:+
4 Դու քո հրեշտակներին դարձնում ես զորեղ ուժ,*Քո ծառաներին՝ սպառող հուր:+
5 Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա.+
Այն իր տեղից չի խախտվի հավիտյան:+
6 Դու այն ծածկեցիր ջրերով, ասես հագուստով:+
Ջրերը ծածկում էին լեռները:
7 Քո ահեղ ձայնից* նրանք նահանջեցին,+Քո որոտից խուճապահար փախուստի դիմեցին
8 Դեպի այն տեղը, որ դու նրանց հատկացրիր:
Լեռները վեր խոյացան,+Հովիտները ցածրացան:
9 Դու ջրերի համար սահման դրեցիր, որ դրանից չանցնեն+Եվ այլևս երբեք երկիրը չծածկեն:
10 Դու աղբյուրներ ես բխեցնում ու դեպի ձորերը ուղղում,Լեռների արանքով ջրեր են հոսում:
11 Դրանցից խմում են բոլոր վայրի կենդանիները,Իրենց ծարավն են հագեցնում վայրի էշերը:
12 Դրանց մոտ են թառում երկնքի թռչունները,Տերևախիտ ճյուղերի միջից լսվում է նրանց դայլայլը:
13 Քո վերնասենյակներից դու ջրում ես լեռները,+Քո գործերի պտուղներից հագենում է երկիրը:+
14 Դու խոտ ես աճեցնում կենդանիների համարԵվ բուսականություն՝ մարդկանց համար,+Որ հողից նրանց կերակուր տաս
15 Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը,+Յուղ, որ մարդու դեմքին փայլ է տալիս,Հաց, որ մարդուն ուժ է տալիս:+
16 Առատորեն ջրվում են Եհովայի ծառերը,Նրա տնկած Լիբանանի մայրիները,
17 Որոնց վրա թռչուններն իրենց բույնն են հյուսում:
Գիհու վրա է արագիլը իր տունը շինում:+
18 Բարձր սարերը լեռնայծերի+ բնակավայրն են,Ապառաժները ժայռային դամանների* ապաստանն են:+
19 Դու ստեղծեցիր լուսինը՝ ժամանակները սահմանազատելու համար,Արեգակը լավ գիտի, թե երբ պետք է մայր մտնի:+
20 Դու խավար ես բերում, և գալիս է գիշերը,+Երբ թափառում են անտառի բոլոր գազանները:
21 Առյուծները մռնչալով որս են փնտրում,+Աստծուց իրենց ուտելիքն են խնդրում:+
22 Երբ արևը ծագում է,Նրանք իրենց որջերն են վերադառնումԵվ այնտեղ հանգիստ են առնում:
23 Իսկ մարդը իր գործին է գնումՈւ մինչև երեկո աշխատում:
24 Ո՛վ Եհովա, այնքա՜ն շատ են քո գործերը,+Իմաստությամբ ես արարել այդ ամենը,+Քո ստեղծած բաներով է լցված երկիրը:
25 Ահա ծփում է ծովը՝ լայնարձակ, անհուն:
Այն մեծ ու փոքր անթիվ էակներով է լեցուն:+
26 Այնտեղ նավերն են լողումԵվ լևիաթանը,*+ որին ստեղծել ես, որ խաղա ջրերում:
27 Բոլոր կենդանի արարածները նայում են քո ձեռքին,Որ իրենց կերակուր տաս ճիշտ ժամանակին:+
28 Նրանք կերակրվում են քո տվածով,+Երբ բացում ես ձեռքդ, հագենում են բարիքներով:+
29 Երբ նրանցից երես ես դարձնում, նրանք խուճապի են մատնվում:
Երբ նրանցից վերցնում ես կյանքի շունչը,* մեռնում են ու դեպի հողը հետ դառնում:+
30 Սուրբ ոգիդ ուղարկում ես, և ամեն բան ստեղծվում է,+Դու երկրի վրա նոր կյանք ես արարում:*
31 Եհովայի փառքը կմնա հավիտյան,Իր գործերով կուրախանա Եհովան:+
32 Նա նայում է երկրին, և այն դղրդում է,Դիպչում է լեռներին, և դրանցից ծուխ է ելնում:+
33 Իմ ողջ կյանքում Եհովային կգովերգեմ,*+Քանի դեռ կամ, իմ Աստծուն երգով կփառաբանեմ:+
34 Թող իմ մտքերը հաճելի լինեն նրան,*Ես Եհովայով կուրախանամ:
35 Մեղսագործները կվերանան երկրի երեսից,Անօրեններն այլևս չեն լինի:+
Ո՛վ իմ անձ, գովաբանիր Եհովային:
Գովաբանե՛ք Յահին:*
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ոգիներ»:
^ Կամ՝ «Քո սաստումից»:
^ Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
^ Կամ՝ «ոգին»:
^ Բռց.՝ «Դու նորոգում ես երկրի երեսը»:
^ Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
^ Կամ հնարավոր է՝ «Թող նրա մասին իմ խորհրդածությունը հաճելի լինի»:
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: