Փիլիմոն 1։1-25

  • Ողջույնի խոսքեր (1-3)

  • Փիլիմոնի սերն ու հավատը (4-7)

  • Պողոսի խնդրանքը Օնեսիմոսի համար (8-22)

  • Եզրափակիչ խոսքեր (23-25)

 Ես՝ Պողոսս, որ բանտարկված եմ+ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատիս համար, և մեր եղբայր Տիմոթեոսը+ ողջունում ենք քեզ, Փիլիմո՛ն, մեր սիրելի՛ համագործակից:  Ողջունում ենք նաև մեր քրոջը՝ Ապպիային, և Արքիպոսին,+ որը մեզ պես Քրիստոսի զինվոր է, ինչպես նաև քո տանը հավաքվող ժողովին:+  Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:  Իմ աղոթքներում քո մասին հիշատակելիս ես միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն,+  որովհետև շարունակ լսում եմ, թե ինչպիսի հավատ ու սեր ունես Տեր Հիսուսի հանդեպ, և որ բոլոր սրբերի* հանդեպ էլ ես այդպիսի սեր դրսևորում:  Աղոթում եմ, որ այն հավատը, որ բոլորիս պես դու էլ ունես, մղի քեզ գիտակցելու, թե որքան բարիք ենք ստացել Քրիստոսի միջոցով:  Եղբա՛յրս, ես շատ ուրախացա ու քաջալերվեցի՝ լսելով քո ցուցաբերած սիրո մասին, թե ինչպես ես ջերմացրել սրբերի սրտերը:  Ու հենց այդ պատճառով էլ, թեև որպես Քրիստոսի առաքյալ իրավասություն ունեմ պատվիրելու քեզ անել այն, ինչ ճիշտն է,  ես՝ Պողոսս, որ տարիքս առած մարդ եմ և այժմ նաև բանտարկյալ՝ ազատազրկված հանուն Քրիստոս Հիսուսի, գերադասում եմ խնդրանքս ուղղել քեզ՝ հիմնվելով քո սիրո վրա: 10  Խնդրանքս իմ զավակի՝ Օնեսիմոսի+ մասին է, որի համար հոր պես եմ դարձել+ կապանքներիս մեջ եղած ժամանակ: 11  Նախկինում նա անպիտան մարդ էր քեզ համար, մինչդեռ հիմա պիտանի է դարձել և՛ քեզ, և՛ ինձ համար: 12  Եվ հիմա ես հետ եմ ուղարկում նրան, այո՛, սրտիս անչափ թանկ այդ մարդուն: 13  Կուզենայի նրան ինձ մոտ պահել, որ նա քո փոխարեն օգտակար լինի ինձ, մինչ բանտարկված եմ բարի լուրը քարոզելու համար:+ 14  Բայց չուզեցի ինչ-որ բան անել առանց քո համաձայնության: Ես ուզում եմ, որ լավությունը, որի մասին խնդրում եմ, անես ոչ թե հարկադրանքով, այլ հոժար կամքով:+ 15  Թերևս իզուր չեղավ, որ նա որոշ ժամանակով հեռացավ քեզնից, որովհետև հիմա կարող է ընդմիշտ քեզ հետ լինել, 16  սակայն արդեն ոչ թե որպես ծառա,*+ այլ ավելին՝ որպես սիրելի եղբայր:+ Նա շատ սիրելի է ինձ համար և որքա՜ն առավել պետք է քեզ համար սիրելի լինի, քանի որ հիմա ոչ միայն քո ծառան է, այլև քո քրիստոնյա եղբայրը: 17  Ուստի եթե ինձ ընկեր ես համարում, գրկաբաց ընդունիր նրան, ինչպես որ ինձ կընդունեիր: 18  Իսկ եթե նրա պատճառով որևէ կորուստ ես ունեցել, կամ եթե նա քեզ ինչ-որ բան է պարտք, դա ինձ թող: 19  Ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով՝ ե՛ս կհատուցեմ, թեև գիտես, որ դու էլ ինձ ես պարտական քո կյանքով: 20  Այո՛, եղբա՛յրս, հանուն Տիրոջ՝ արա ինձ այդ լավությունը. հանուն Քրիստոսի՝ ջերմացրու սիրտս: 21  Ես վստահ եմ, որ կկատարես խնդրանքս, և գիտեմ, որ նույնիսկ ավելին կանես, դրա համար էլ գրում եմ քեզ: 22  Այս ամենից բացի՝ ինձ համար մնալու տեղ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ ազատ կարձակվեմ ու կգամ ձեզ մոտ:+ 23  Քեզ բարևում է Եպաֆրասը,+ որ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի համար բանտարկված է ինձ հետ: 24  Բարևում են նաև իմ համագործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը,+ Դեմասը+ և Ղուկասը:+ 25  Թող Տեր Հիսուս Քրիստոսը անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ ձեր ցուցաբերած ոգու համար:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «ստրուկ»: