Փիլիպպեցիներ 2։1-30
2 Եթե Քրիստոսի հետ միավորված լինելով՝ կարող եք քաջալերել միմյանց, սիրուց մղված՝ մխիթարել, միմյանց հետ հոգևոր ընկերակցություն վայելել, իրար հանդեպ ջերմ սեր ու կարեկցանք դրսևորել,
2 ուրեմն այդպես էլ արեք, որպեսզի իմ ուրախությունը լիարժեք լինի. միևնույն մտքի եղեք, փոխադարձ սեր ունեցեք, եղեք լիովին միաբան ու համերաշխ:+
3 Մի՛ եղեք կռվասեր*+ ու ինքնահավան,+ այլ խոնարհամիտ եղեք և ուրիշներին ձեզանից բարձր համարեք:+
4 Մի՛ մտածեք միայն ձեր մասին,+ մտածեք նաև ուրիշների մասին:+
5 Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին Քրիստոս Հիսուսն ուներ.+
6 թեև նա նման էր Աստծուն,*+ բայց երբևիցե նրա մտքով անգամ չանցավ փորձել հավասար լինել նրան:+
7 Ընդհակառակը, նա զրկեց իրեն ամեն ինչից, դարձավ ծառայի նման մեկը,+ դարձավ մարդ:*+
8 Դեռ ավելին՝ մարդ դառնալուց հետո էլ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ ընդհուպ մինչև մահ,+ այն էլ մահ՝ տանջանքի սյան* վրա:+
9 Եվ հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան+ և սիրով տվեց այնպիսի հեղինակություն,* որը վեր է մյուս բոլորի հեղինակությունից:+
10 Աստված արեց դա, որպեսզի Հիսուսի հեղինակության առաջ ծնկի գան բոլորը՝ երկնքում լինողները, երկրի վրա լինողները և գետնի տակ լինողները,+
11 և որպեսզի ամեն ոք* հանրորեն ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է,+ և այդպիսով Աստված՝ Հայրը, փառավորվի:
12 Ուստի, սիրելինե՛րս, ինչպես որ միշտ եք հնազանդվել՝ թե՛ իմ ներկայության ժամանակ, թե՛ առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, շարունակեք այդպես անել և ահուդողով ամեն ջանք գործադրեք, որ փրկության հասնեք:
13 Չէ՞ որ Աստված է ձեզ եռանդով լցնում՝ տալով գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ, քանի որ դա հաճելի է նրան:
14 Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտնջալու+ և վիճելու,+
15 որ լինեք Աստծու անմեղադրելի ու աննենգ զավակները+ և անարատ մնաք՝ ապրելով այս խոտորված ու ապականված սերնդի մեջ:+ Նրանց մեջ դուք ասես լուսատուներ լինեք, որ շողում եք այս աշխարհում:+
16 Պինդ բռնեք Աստծու կենսատու խոսքերը,+ և այդ դեպքում, երբ գա Քրիստոսի օրը, ես ուրախանալու պատճառ կունենամ՝ իմանալով, որ իզուր չեմ վազել կամ եռանդագին ջանք թափել:
17 Ես երջանիկ եմ և ուրախանում եմ բոլորիդ հետ, նույնիսկ եթե ինքս ինձ որպես ըմպելիքի ընծա+ ամբողջությամբ տալիս եմ՝ թիկունք կանգնելով այն զոհաբերությանն+ ու սուրբ ծառայությանը,* որ դուք անում եք հավատից մղված:
18 Ուրեմն դուք էլ երջանիկ եղեք և ինձ հետ ուրախացեք:
19 Հուսով եմ, որ Տեր Հիսուսի կամքով շուտով կկարողանամ ձեզ մոտ ուղարկել Տիմոթեոսին,+ որ նրանից ձեր մասին տեղեկություն ստանալով՝ քաջալերվեմ:
20 Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով: Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս:
21 Մնացած բոլորը իրենց անձնական շահն են հետապնդում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը:
22 Մինչդեռ նա, ինչպես գիտեք, փաստել է, որ այդպիսին չէ. ինչպես երեխան+ հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ տքնաջան ծառայել է բարի լուրի տարածման գործում:
23 Դրա համար էլ նրան եմ ուզում ուղարկել ձեզ մոտ, հենց որ ինձ հետ կապված ինչ-որ բան պարզվի:
24 Թեև վստահ եմ, որ Տիրոջ կամքով ես ինքս շուտով կկարողանամ գալ ձեզ մոտ:+
25 Իսկ հիմա հարկ եմ համարում հետ ուղարկել ձեզ մոտ Եպաֆրոդիտոսին՝ իմ եղբորը, համագործակցին, որն ինձ պես Քրիստոսի զինվոր է, և որին դուք ուղարկել էիք հոգ տանելու ինձ:*+
26 Նա շատ է ուզում տեսնել բոլորիդ և խիստ ընկճված է, որովհետև իր հիվանդության մասին լուրը հասել էր ձեզ:
27 Եվ իսկապես, նա ծանր հիվանդացել էր ու քիչ էր մնում՝ մահանար, բայց Աստված գթասիրտ գտնվեց նրա հանդեպ և ոչ միայն նրա, այլև իմ հանդեպ, որպեսզի իմ ցավերին ևս մեկը չավելանա:
28 Ուստի նրան հնարավորինս շուտ ձեզ մոտ եմ ուղարկում, որ կրկին տեսնեք նրան և ուրախանաք, ու որ ես էլ այդքան չանհանգստանամ:
29 Մեծ ուրախությամբ ընդունեք նրան, ինչպես որ միշտ եք ընդունում Տիրոջը ծառայողներին, և այդպիսի մարդկանց թանկ համարեք:+
30 Չէ՞ որ Քրիստոսի* գործն անելու համար նա հասավ մահվան դուռը և իր կյանքը* վտանգի ենթարկեց, որ ձեր այստեղ չլինելու բացը լրացնի ու ձեր փոխարեն օգնի ինձ:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ոչինչ մի՛ արեք մրցակցությունից կամ փառասիրությունից դրդված»:
^ Այսինքն՝ ոգեղեն էակ էր, ինչպես որ Աստված:
^ Բռց.՝ «դարձավ մարդկանց նման»:
^ Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
^ Բռց.՝ «անուն»:
^ Բռց.՝ «ամեն լեզու»:
^ Կամ՝ «մարդկանց օգուտ բերող ծառայությանը»:
^ Կամ՝ «ծառայելու իմ կարիքներին»:
^ Կամ հնարավոր է՝ «Տիրոջ»:
^ Կամ՝ «հոգին»: