Օսեե 1։1-11

  • Օսեեի կինը և նրա ծնած երեխաները (1-9)

    • Հեզրայել (4), Լորուհամա (6) և Լոամմի (9)

  • Վերականգնման և միավորման հույս (10, 11)

1  Սա է Եհովայի խոսքը, որ նա Բեերիի որդի Օսեեի* միջոցով հաղորդեց Հուդայի թագավորներ+ Օզիայի,+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝+ Հովասի+ որդու օրերում:  Երբ Եհովան սկսեց իր խոսքը հաղորդել Օսեեի միջոցով, Եհովան նրան ասաց. «Գնա՛, ամուսնացի՛ր մի կնոջ հետ, որը կսկսի անբարոյականություն* անել և դրա հետևանքով երեխաներ կունենա, որովհետև այս երկրի ժողովուրդը, անբարոյականություն անելով,* լիովին հեռացել է Եհովայից»:+  Օսեեն գնաց ու ամուսնացավ Գոմերի՝ Դաբելայիմի աղջկա հետ: Նա հղիացավ և որդի ծնեց նրա համար:  Եհովան ասաց Օսեեին. «Նրա անունը Հեզրայել* դիր, որովհետև կարճ ժամանակ հետո ես Հեուի+ արքայատոհմին* պատասխանատվության կկանչեմ Հեզրայելի արյունահեղությունների համար և վերջ կդնեմ Իսրայելի տան թագավորական իշխանությանը:+  Այդ օրը Հեզրայելի հովտում* կկոտրեմ Իսրայելի աղեղը»:  Գոմերը կրկին հղիացավ ու մի աղջիկ ունեցավ: Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լորուհամա* դիր, որովհետև այլևս գթություն ցույց չեմ տա+ Իսրայելի տան հանդեպ և անպայման կվռնդեմ նրանց:+  Բայց Հուդայի տան հանդեպ գթասիրտ կլինեմ+ և կփրկեմ նրանց. ես՝ նրանց Աստված Եհովաս,+ կփրկեմ ոչ թե աղեղով, սրով, պատերազմով, ձիերով ու ձիավորներով, այլ իմ զորությամբ»:+  Երբ Գոմերը կաթից կտրեց Լորուհամային, նորից հղիացավ ու մի որդի ունեցավ:  Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լոամմի* դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես ձեր Աստվածը չեմ: 10  Սակայն հետո իսրայելացիների* թիվը ծովի ավազի չափ կլինի, որը հնարավոր չէ չափել կամ հաշվել,+ և որտեղ նրանց ասվեց՝ «Դուք իմ ժողովուրդը չեք»,+ այնտեղ նրանց կասվի՝ «Դուք կենդանի Աստծու որդիներն եք»:+ 11  Հուդայի ժողովուրդը և Իսրայելի ժողովուրդը կմիավորվեն,+ իրենց համար մի առաջնորդ կընտրեն և դուրս կգան այն երկրից:* Դա մեծ օր կլինի Հեզրայելի համար»:+

Ծանոթագրություններ

Կրճատ ձևն է «Օսեիա» անվան, որը նշանակում է «Յահի կողմից փրկված», «Յահը փրկել է»:
«Օսեե» գրքի ողջ համատեքստում այս բառը կարող է թարգմանվել նաև «մարմնավաճառություն», «անառակություն՝ ամեն պատահածի հետ»:
Սա կարող է վերաբերել նաև հոգևոր պոռնկությանը:
Բռց.՝ «տունը»:
Նշանակում է «Աստված սերմ կցանի»:
Կամ՝ «հարթավայրում»:
Նշանակում է «նա, ում չեն գթացել»:
Նշանակում է «իմ ժողովուրդը չէ»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Ըստ ամենայնի, խոսքը այն երկրի մասին է, որտեղ նրանք գերի էին տարվելու: