Օսեե 14։1-9

  • Եհովայի մոտ վերադառնալու կոչ (1-3)

    • Շուրթերի գովաբանությունը կմատուցեն Եհովային (2)

  • Եհովան կբուժի Իսրայելի անհավատարմությունը (4-9)

14  Ո՛վ Իսրայել, վերադարձի՛ր քո Աստված Եհովայի մոտ.+ Դու սայթաքել ես քո սխալի պատճառով:   Վերադարձի՛ր Եհովայի մոտ և ասա՛. «Ներիր մեր մեղքերը,+ ընդունիր մեզնից այն, ինչը բարի է,Եվ մենք մեր շուրթերի գովաբանությունը կմատուցենք քեզ,+Ինչպես մատղաշ ցլեր կմատուցեինք:*   Ասորեստանը չի կարող փրկել մեզ:+ Մենք մեր հույսը ձիերի վրա չենք դնի+Եվ այլևս մեր ձեռքի գործին չենք ասի՝ «Ո՜վ մեր Աստված»,Որովհետև դու ես, որ գթասիրտ ես որբի* հանդեպ»:+   Աստված ասում է. «Իսրայելի անհավատարմությունը ես կբուժեմ,+Ի սրտե* կսիրեմ նրան,+Որովհետև այլևս բարկացած չեմ նրա վրա:+   Ես ասես ցող կլինեմ Իսրայելի համար,Եվ նա շուշանի պես կծաղկի,Լիբանանի ծառերի պես արմատներ կգցի:   Նրա շիվերը կտարածվեն,Նա ձիթենու պես շքեղ կլինիԵվ Լիբանանի ծառերի պես՝ անուշահոտ:   Իմ ժողովուրդը դարձյալ իմ հովանու տակ կբնակվի: Նա առատ հացահատիկ կաճեցնի Ու կբարգավաճի փթթուն վազի պես:+ Եվ իմ համբավը* կտարածվի, ինչպես Լիբանանի գինու հռչակը:   Եփրեմը կասի. «Էլ ի՞նչ գործ ունեմ կուռքերի հետ»:+ Ես էլ բարեհաճորեն կպատասխանեմ նրան և աչքս նրա վրա կպահեմ:+ Ես կլինեմ ասես փարթամ գիհի,Ասես մի ծառ, որը պտուղ կտա նրան»:   Ո՞վ է իմաստուն. թող հասկանա այս բաները: Ո՞վ է խոհեմ. թող ըմբռնի դրանք: Եհովայի ճանապարհներն ուղիղ են.+ Դրանցով կքայլեն արդարները,Իսկ օրինազանցները կսայթաքեն:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եվ մենք մեր շուրթերի մատղաշ ցլերը կմատուցենք»:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «Հոժարակամորեն»:
Բռց.՝ «հիշատակը»: