1 Թագավորներ 10։1-29
10 Սաբայի թագուհին լսեց Սողոմոնի համբավի մասին, որը նա ձեռք էր բերել Եհովայի անվան շնորհիվ,+ և եկավ, որ բարդ հարցերով* ստուգի նրան:+
2 Թագուհին Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով,+ ինչպես նաև ուղտերով, որոնք բեռնավորված էին բալասանի յուղով,+ մեծ քանակությամբ ոսկով ու թանկարժեք քարերով: Գալով Սողոմոնի մոտ՝ նա հարցրեց նրան այն ամենի մասին, ինչ ուզում էր իմանալ:
3 Սողոմոնն էլ պատասխանեց թագուհու բոլոր հարցերին: Չկար մի հարց, որին թագավորը չկարողանար պատասխանել:
4 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ողջ իմաստությունը,+ նրա կառուցած տունը,+
5 նրա սեղանի կերակուրները,+ պալատականների նստելը, ծառաների սեղան սպասարկելն ու նրանց հագուկապը, նրա գինեմատույցներին* և այն ողջակեզները, որ Սողոմոնը կանոնավորաբար մատուցում էր Եհովայի տանը, հիացմունքից ապշեց:*
6 Ուստի ասաց թագավորին. «Այն, ինչ իմ երկրում լսել էի քո ձեռքբերումների* և իմաստության մասին, ճիշտ է:
7 Ես չէի հավատում իմ լսածներին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքով չտեսա: Պարզվում է՝ ինձ կեսն էլ չեն պատմել: Քո իմաստությունն ու հարստությունը շատ ավելին են, քան ես լսել էի:
8 Ի՜նչ երջանիկ է քո ժողովուրդը, և ի՜նչ երջանիկ են քո առաջ կանգնող ծառաները, որ քո իմաստությունն են լսում:+
9 Թող փառաբանվի քո Աստված Եհովան,+ ով հավանել է քեզ և Իսրայելի գահին է նստեցրել: Քանի որ Իսրայելի հանդեպ Եհովայի սերը հավիտենական է, նա քեզ թագավոր է նշանակել, որպեսզի արդարություն և արդարադատություն իրագործես»:
10 Ապա նա թագավորին նվիրեց 120 տաղանդ* ոսկի, մեծ քանակությամբ բալասանի յուղ+ և թանկարժեք քարեր:+ Դրանից հետո այլևս ոչ ոք այնքան շատ բալասանի յուղ չբերեց, որքան Սաբայի թագուհին էր բերել Սողոմոն թագավորին:
11 Քիրամի նավերը, որոնք Օֆիրից ոսկի էին բերում,+ Օֆիրից նաև մեծ թվով սանտալի* գերաններ+ ու թանկարժեք քարեր էին բերում:+
12 Թագավորը սանտալի գերաններից հենարաններ սարքեց Եհովայի տան ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար:+ Սանտալի այդպիսի գերաններ այլևս չբերվեցին, և ոչ ոք մինչ օրս նման գերաններ չի տեսել:
13 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն, ինչ նա ցանկացավ ու խնդրեց՝ չհաշված այն բաները, որ Սողոմոնն իր առատաձեռնությամբ տվեց նրան: Դրանից հետո թագուհին ծառաների հետ վերադարձավ իր երկիր:+
14 Սողոմոնը տարեկան 666 տաղանդ* ոսկի էր ստանում:+
15 Դրան գումարվում էր այն եկամուտը, որ գալիս էր շրջիկ առևտրականներից, վաճառականներից, Արաբիայի բոլոր թագավորներից և երկրի կառավարիչներից:
16 Սողոմոն թագավորը ոսկու համաձուլվածքից պատրաստեց 200 մեծ վահան+ (յուրաքանչյուր վահանի համար 600 սիկղ* ոսկի ծախսվեց)+
17 և 300 փոքր վահան* (յուրաքանչյուր վահանի համար երեք մնաս* ոսկի ծախսվեց): Ապա նա դրանք դրեց Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունում:+
18 Թագավորը նաև փղոսկրե մի մեծ գահ պատրաստեց+ և այն զտված ոսկով պատեց:+
19 Դեպի գահը տանող վեց աստիճաններ կային, իսկ գահն իր վերևում շրջանաձև ամպհովանի ուներ: Նստատեղի երկու կողմերում արմնկակալներ կային, որոնց կողքերին երկու առյուծներ էին կանգնեցված:+
20 Վեց աստիճանների երկու կողմերում ընդհանուր հաշվով 12 առյուծներ կային: Ոչ մի թագավորության մեջ նման գահ երբևէ չէր պատրաստվել:
21 Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկուց էին, և Լիբանանի անտառի տան+ ողջ սպասքը՝ մաքուր ոսկուց: Արծաթից ոչինչ չկար, քանի որ Սողոմոնի օրերում արծաթը արժեք չուներ:+
22 Ծովում թագավորը թարսիսյան նավեր ուներ, որոնք նավարկում էին Քիրամի նավերի հետ: Երեք տարին մեկ թարսիսյան+ նավերը ոսկի, արծաթ, փղոսկր,+ կապիկներ ու սիրամարգեր էին բերում:
23 Սողոմոն թագավորն իր հարստությամբ+ ու իմաստությամբ գերազանցում էր աշխարհի բոլոր թագավորներին:+
24 Ողջ աշխարհի մարդիկ փափագում էին տեսնել Սողոմոնին, որպեսզի լսեին նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում:+
25 Թագավորին այցելող յուրաքանչյուր մարդ նվեր էր բերում՝ արծաթյա և ոսկյա իրեր, հագուստ, զենք, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ, և այդպես՝ ամեն տարի:
26 Սողոմոնի կառքերի ու ձիերի* թիվը գնալով ավելանում էր. նա ձեռք բերեց 1 400 կառք ու 12 000 ձի:*+ Դրանք նա պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում և իր մոտ՝ Երուսաղեմում:+
27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ:+
28 Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականները ձիերի յուրաքանչյուր երամակն առնում էին հաստատված գնով:*+
29 Եգիպտոսից ձեռք բերված յուրաքանչյուր կառքի արժեքը 600 կտոր արծաթ էր, իսկ յուրաքանչյուր ձիունը՝ 150 կտոր արծաթ: Թագավորի վաճառականները դրանք վաճառում էին քետացիներին+ ու Ասորիքի թագավորներին:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հանելուկներով»:
^ Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցողներին:
^ Բռց.՝ «նրա մեջ ոգի չմնաց»:
^ Կամ՝ «խոսքերի»:
^ Մոտ 4,1 տ: Տես հավելված Բ14:
^ Եբր.՝ ալմուգգիմ: Ծառի տեսակ:
^ Մոտ 22,8 տ:
^ Մոտ 6,8 կգ: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «ասպար»: Այն հաճախ կրում էին նետաձիգները:
^ Մոտ 1,7 կգ: Եբր. Գրվածքներում 1 մնասը մոտ 570 գ է: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «ձիավորների»:
^ Կամ՝ «ձիավոր»:
^ Կամ հնարավոր է՝ «բերում էին Եգիպտոսից և Կուեից. թագավորի վաճառականները դրանք գնում էին Կուեից»: «Կուե»-ն թերևս վերաբերում է Կիլիկիային: