1 Թագավորներ 13։1-34

  • Մարգարեական խոսք՝ ուղղված Բեթելում գտնվող զոհասեղանին (1-10)

    • Զոհասեղանը ճեղքվում է (5)

  • Աստծու մարդը անհնազանդություն է դրսևորում (11-34)

13  Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ,+ որ զոհեր մատուցի՝ այրելով դրանք:* Այդ ժամանակ Եհովայի հրահանգով Հուդայից Աստծու մի մարդ+ եկավ Բեթել:  Եհովայի պատվիրածի համաձայն՝ նա դիմեց զոհասեղանին՝ ասելով. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, Եհովան ասում է. «Դավթի սերնդից Հովսիա+ անունով մի որդի կծնվի: Նա քեզ վրա կզոհաբերի սրբավայրերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհեր են մատուցում, և մարդկանց ոսկորներ կայրի քեզ վրա»»:+  Այդ օրը Աստծու մարդը մի նախանշանի մասին հայտնեց՝ ասելով. «Սա է այն նախանշանը, որի մասին Եհովան ասել է. «Զոհասեղանը կճեղքվի, և դրա վրայի մոխիրը* կթափվի»»:  Երբ Հերոբովամ թագավորը լսեց ճշմարիտ Աստծու մարդու խոսքերը, որոնք նա ուղղել էր Բեթելում գտնվող զոհասեղանին, ձեռքը զոհասեղանից հեռացնելով՝ մեկնեց նրա կողմն ու ասաց. «Բռնե՛ք նրան»:+ Եվ հենց այդ պահին թագավորի ձեռքը, որ նա մեկնել էր, կռկվեց,* ու նա չկարողացավ այն հետ քաշել:+  Զոհասեղանը ճեղքվեց, և դրա վրայի մոխիրը թափվեց՝ համաձայն այն նախանշանի, որի մասին ճշմարիտ Աստծու մարդը հայտնել էր Եհովայի հրահանգով:  Թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Խնդրում եմ, աղաչիր քո Աստված Եհովային, որ բարեհաճ լինի իմ հանդեպ,* և աղոթիր ինձ համար, որ ձեռքս բուժվի»:+ Ճշմարիտ Աստծու մարդը աղաչեց Եհովային, և թագավորի ձեռքը բուժվեց ու առաջվա պես դարձավ:  Այդ ժամանակ թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Արի իմ տուն գնանք. հաց կուտես, և ես քեզ նվեր կտամ»:  Սակայն ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Նույնիսկ եթե քո տան կեսն էլ ինձ տաս, չեմ գա քեզ հետ, ոչ էլ այս վայրում հաց կուտեմ ու ջուր կխմեմ,  որովհետև Եհովան ինձ պատվիրել է. «Հաց չուտես ու ջուր չխմես և քո գնացած ճանապարհով հետ չդառնաս»»: 10  Ուստի նա ուրիշ ճանապարհով գնաց ու հետ չդարձավ այն ճանապարհով, որով եկել էր Բեթել: 11  Բեթելում մի ծեր մարգարե էր ապրում: Նրա որդիները եկան տուն և պատմեցին այն ամենը, ինչ ճշմարիտ Աստծու մարդն այդ օրը արել էր Բեթելում, ու հայտնեցին այն խոսքերը, որ նա ասել էր թագավորին: Երբ նրանք այդ բոլորը պատմեցին իրենց հորը, 12  հայրը հարցրեց. «Նա ո՞ր ճանապարհով գնաց»: Որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած ճշմարիտ Աստծու մարդը: 13  Նա ասաց իր որդիներին. «Թամբե՛ք էշս»: Նրանք էլ թամբեցին էշը, և նա հեծավ այն ու գնաց: 14  Մարգարեն գնաց ճշմարիտ Աստծու մարդու հետևից և նրան գտնելով մի մեծ ծառի տակ նստած՝ հարցրեց. «Դո՞ւ ես ճշմարիտ Աստծու մարդը, որ Հուդայից է եկել»:+ Նա էլ պատասխանեց. «Ես եմ»: 15  Մարգարեն ասաց. «Ինձ հետ իմ տուն արի և հաց կեր»: 16  Բայց ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Չեմ կարող ընդունել քո հրավերը ու գալ քեզ հետ, ոչ էլ կարող եմ այս վայրում քեզ հետ հաց ուտել կամ ջուր խմել, 17  որովհետև Եհովան պատվիրել է ինձ. «Հաց չուտես ու ջուր չխմես այնտեղ և քո գնացած ճանապարհով հետ չդառնաս»»: 18  Ծեր մարգարեն ասաց. «Ես էլ քեզ նման մարգարե եմ: Մի հրեշտակ ինձ հայտնեց Եհովայի այս հրահանգը. «Նրան հետ դարձրու և քեզ հետ քո տուն տար, որ հաց ուտի և ջուր խմի»»: (Բայց նա խաբեց նրան): 19  Ուստի ճշմարիտ Աստծու մարդը հետ դարձավ մարգարեի հետ, որ նրա տանը հաց ուտի և ջուր խմի: 20  Երբ նրանք նստած էին սեղանի շուրջ, Եհովան իր խոսքն ասաց այն մարգարեին, որը Հուդայից եկած ճշմարիտ Աստծու մարդուն հետ էր դարձրել, 21  և մարգարեն, դիմելով նրան, բարձրաձայն ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ հակառակվեցիր Եհովայի կարգադրությանը և չպահեցիր այն պատվերը, որ քո Աստված Եհովան տվել էր քեզ, 22  այլ հետ դարձար, որ հաց ուտես և ջուր խմես այն վայրում, որի մասին քեզ ասվել էր՝ «Հաց չուտես ու ջուր չխմես այնտեղ», քո դիակը չի թաղվի նախահայրերիդ գերեզմանում»»:+ 23  Այն բանից հետո, երբ ճշմարիտ Աստծու մարդը հաց կերավ և ջուր խմեց, ծեր մարգարեն էշը թամբեց նրա համար,* 24  և նա գնաց: Ճանապարհին նրա դեմ մի առյուծ դուրս եկավ ու սպանեց նրան:+ Նրա դիակը ընկած էր ճանապարհին, իսկ էշն ու առյուծը կանգնած էին նրա կողքին: 25  Անցորդները տեսան ճանապարհին ընկած դիակը և առյուծին՝ կողքին կանգնած: Նրանք գնացին ու իրենց տեսածի մասին պատմեցին այն քաղաքում, որտեղ ապրում էր ծեր մարգարեն: 26  Երբ մարգարեն, որը ճանապարհից հետ էր դարձրել նրան, լսեց այդ մասին, անմիջապես ասաց. «Դա ճշմարիտ Աստծու մարդն է, որը հակառակվեց Եհովայի պատվերին:+ Եհովան էլ առյուծ ուղարկեց, որ նրան պատառոտի ու սպանի՝ համաձայն այն խոսքի, որ Եհովան ասել էր նրան»:+ 27  Ապա իր որդիներին ասաց. «Թամբե՛ք էշս»: Եվ նրանք թամբեցին այն: 28  Հետո նա գնաց ու գտավ դիակը՝ ճանապարհին ընկած. էշն ու առյուծը կանգնած էին դրա կողքին: Առյուծը չէր կերել նրա մարմինը, ոչ էլ էշին էր պատառոտել: 29  Ծեր մարգարեն վերցրեց ճշմարիտ Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա ու հետ բերեց իր քաղաք, որ սուգ անի ու թաղի նրան: 30  Նա դիակը դրեց իր գերեզմանում, և նրա համար ողբացին՝ ասելով. «Վա՜յ, եղբա՜յր իմ»: 31  Նրան թաղելուց հետո մարգարեն իր որդիներին ասաց. «Երբ մահանամ, ինձ թաղեք այն գերեզմանում, որտեղ ճշմարիտ Աստծու մարդն է թաղված: Իմ ոսկորները նրա ոսկորների կողքին դրեք:+ 32  Եհովայի խոսքը, որը նա հայտնեց Բեթելի զոհասեղանի և Սամարիայի քաղաքներում բարձունքների վրա գտնվող պաշտամունքի բոլոր տների մասին,+ անպայման կատարվելու է»:+ 33  Նույնիսկ այս դեպքից հետո Հերոբովամը հետ չդարձավ իր սխալ ճանապարհից, այլ շարունակեց ժողովրդի միջից քահանաներ նշանակել, որ ծառայեն սրբավայրերում:+ Նա ամեն ցանկացողի քահանա էր նշանակում* ու ասում. «Թող նա էլ լինի բարձունքների քահանաներից մեկը»:+ 34  Հերոբովամի տան գործած այս մեղքը+ պատճառ եղավ, որ այն կործանվի ու բնաջինջ լինի երկրի երեսից:+

Ծանոթագրություններ

Բնագրում սա կարող է վերաբերել նաև խունկ ծխեցնելուն:
Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
Կամ՝ «կաթվածահար եղավ»:
Բռց.՝ «փափկացրու քո Աստված Եհովայի երեսը»:
Բռց.՝ «այն մարգարեի համար, որին նա հետ էր դարձրել»:
Բռց.՝ «ձեռքը լցնում էր»: