1 Թագավորներ 3։1-28

  • Սողոմոնն ամուսնանում է փարավոնի դստեր հետ (1-3)

  • Եհովան երազում հայտնվում է Սողոմոնին (4-15)

    • Սողոմոնը իմաստություն է խնդրում (7-9)

  • Սողոմոնը արդար դատավճիռ է կայացնում երկու մայրերի նկատմամբ (16-28)

3  Սողոմոնը բարեկամացավ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի հետ: Նա կնության առավ նրա դստերը+ ու բերեց Դավթի քաղաք:+ Փարավոնի դուստրն այնտեղ ապրեց, մինչև որ Սողոմոնը ավարտեց իր տան,+ Եհովայի տան+ ու Երուսաղեմը շրջապատող պարսպի շինարարությունը:+  Սակայն ժողովուրդը շարունակում էր սրբավայրերում զոհեր մատուցել,+ որովհետև Եհովայի անվան համար դեռևս տուն չէր կառուցվել:+  Սողոմոնը սիրում էր Եհովային և հնազանդվում էր իր հոր՝ Դավթի կանոններին, բայց սրբավայրերում էր զոհեր մատուցում ու դրանք այնտեղ էր այրում:+  Մի անգամ թագավորը զոհ մատուցելու համար գնաց Գաբաոն, որտեղ գլխավոր* սրբավայրն էր:+ Սողոմոնը զոհասեղանի վրա 1 000 ողջակեզ մատուցեց:+  Գաբաոնում Եհովան գիշերով երազում հայտնվեց Սողոմոնին: Աստված ասաց նրան. «Խնդրիր ինձնից, ինչ ուզում ես»:+  Սողոմոնն էլ ասաց. «Դու նվիրվածություն ու մեծ սեր* ես դրսևորել քո ծառա Դավթի՝ իմ հոր հանդեպ, որովհետև նա հավատարմությամբ, արդարությամբ ու մաքուր սրտով է ծառայել քեզ: Եվ դու մինչ օրս շարունակում ես առատորեն հավատարիմ սեր ցուցաբերել նրա հանդեպ. նրան մի որդի ես տվել, որը նստել է նրա գահին:+  Ո՛վ իմ Աստված Եհովա, հիմա դու քո ծառային թագավոր ես դարձրել իմ հոր՝ Դավթի փոխարեն, թեև ես դեռ շատ երիտասարդ* եմ ու անփորձ:*+  Ծառադ իշխում է քո ընտրյալ ժողովրդի+ վրա՝ մի բազմամարդ ժողովրդի, որին հնարավոր չէ հաշվել:  Ուստի հնազանդ սիրտ տուր ծառայիդ՝ քո ժողովրդին դատելու+ և բարին ու չարը տարբերելու համար,+ հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ դատել այս բազմաքանակ* ժողովրդին»: 10  Եհովային դուր եկավ, որ Սողոմոնը հենց այդ բանը խնդրեց:+ 11  Ուստի Աստված ասաց նրան. «Քանի որ դու չխնդրեցիր երկար կյանք,* հարստություն կամ թշնամիներիդ մահը, այլ խնդրեցիր հասկացողություն, որ արդարությամբ դատես,*+ 12  ես կկատարեմ քո խնդրանքը.+ իմաստուն ու հասկացող սիրտ կտամ քեզ,+ որ այնպիսի մարդ լինես, որի նմանը երբեք չի եղել ու չի լինի:+ 13  Քեզ կտամ նաև այն, ինչ չխնդրեցիր՝+ հարստություն ու փառք,+ և կյանքիդ ընթացքում* քեզ պես թագավոր չի լինի:+ 14  Եթե գնաս իմ ճանապարհներով՝ պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես որ քո հայր Դավիթն արեց,+ ես քեզ նաև երկար կյանք կտամ»:*+ 15  Երբ Սողոմոնը զարթնեց, հասկացավ, որ դա երազ էր: Նա գնաց Երուսաղեմ, կանգնեց Եհովայի ուխտի տապանակի առաջ, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց+ և իր բոլոր ծառաների համար խնջույք արեց: 16  Մի անգամ երկու անբարո կանայք եկան ու կանգնեցին թագավորի առաջ: 17  Կանանցից մեկն ասաց. «Տե՛ր իմ, խնդրում եմ, լսիր ինձ: Ես ու այս կինը մի տան մեջ ենք ապրում: Ես որդի ծնեցի. այդ ժամանակ նա տանն էր: 18  Իմ ծննդաբերելուց հետո երրորդ օրը այս կինն էլ որդի ծնեց: Մենք միասին էինք. երկուսիցս բացի՝ տանը ոչ ոք չկար: 19  Գիշերը այս կինը քնած ժամանակ պառկել է իր որդու վրա, և երեխան մահացել է: 20  Կեսգիշերին, երբ քո աղախինը քնած է եղել, նա վեր է կացել, որդուս մոտիցս վերցրել ու իր ծոցն է դրել, իսկ իր մահացած որդուն իմ ծոցն է դրել: 21  Առավոտյան, երբ արթնացա, որ կերակրեմ որդուս, տեսա, որ նա մահացած է: Ուշադիր նայելուց հետո հասկացա, որ դա իմ ծնած որդին չէ»: 22  Բայց մյուս կինն ասաց. «Ո՛չ, ողջը ի՛մ որդին է, քոնը մեռածն է»: Սակայն առաջինն ասում էր. «Ո՛չ, մեռածը քո՛ որդին է, իմը ողջն է»: Եվ այսպես նրանք վիճում էին թագավորի առաջ: 23  Ի վերջո թագավորն ասաց. «Մեկն ասում է՝ «Ողջը ի՛մ որդին է, իսկ մեռածը՝ քո՛», մյուսն ասում է. «Ո՛չ, մեռածը քո՛ որդին է, իսկ ողջը՝ ի՛մ»»: 24  Եվ նա կարգադրեց. «Ինձ մի սո՛ւր տվեք»: Երբ թագավորի համար սուր բերեցին, 25  նա հրամայեց. «Երեխային երկու կե՛ս արեք: Կեսը տվեք մի կնոջը, կեսն էլ՝ մյուս»: 26  Այդ ժամանակ երեխայի մոր սիրտը ճմլվեց, և նա իսկույն սկսեց աղերսել թագավորին. «Խնդրում եմ, տե՛ր իմ, կենդանի մանկանը նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք»: Բայց մյուս կինն ասում էր. «Թող ո՛չ իմը լինի, ո՛չ էլ քոնը: Թող կիսե՛ն նրան»: 27  Այդ ժամանակ թագավորն ասաց. «Երեխային մի՛ սպանեք: Նրան առաջին կնո՛ջը տվեք, քանի որ նա է նրա մայրը»: 28  Բոլոր իսրայելացիները լսեցին թագավորի կայացրած դատավճռի մասին և ակնածանքով* լցվեցին թագավորի հանդեպ,+ քանի որ տեսան, որ Աստված իմաստություն է տվել նրան, որ արդարությամբ դատի:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեծ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «փոքր տղա»:
Բռց.՝ «ես դուրս գալ ու ներս մտնել չգիտեմ»:
Կամ հնարավոր է՝ «բարդ»: Բռց.՝ «ծանր»:
Բռց.՝ «շատ օրեր»:
Կամ՝ «լսես դատական գործերը»:
Բռց.՝ «քո բոլոր օրերում»:
Բռց.՝ «ես կերկարացնեմ քո օրերը»:
Այսինքն՝ խոր հարգանքով: Բռց.՝ «վախով»: