1 Թագավորներ 4։1-34

  • Սողոմոնին ծառայող պաշտոնյաները (1-19)

  • Սողոմոնի իշխանության ներքո երկիրը բարգավաճում է (20-28)

    • Ապահովություն՝ խաղողի վազի և թզենու տակ (25)

  • Սողոմոնի իմաստությունն ու առակները (29-34)

4  Սողոմոն թագավորը իշխում էր ամբողջ Իսրայելի վրա:+  Նրա բարձրաստիճան պաշտոնյաներն* էին Ազարիան՝ Սադոկի+ որդին, որը քահանա* էր,  Ելիքորեփն ու Աքիան՝ Սիսայի որդիները, որոնք քարտուղարներ էին,+ Հովսափատը՝+ Աքիլուդի որդին, որը տարեգիրն էր,  Բանեան՝+ Հովիադայի որդին, որը զորքի հրամանատարն էր, Սադոկն ու Աբիաթարը,+ որոնք քահանաներ էին,  Ազարիան՝ Նաթանի+ որդին, որը փոխկառավարիչների վերակացուն էր, Զաբուդը՝ Նաթանի որդին, որը քահանա էր և թագավորի ընկերն էր,+  Աքիսարը, որը պալատի վերակացուն էր, և Ադոնիրամը՝+ Աբդայի որդին, որը հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն էր:+  Սողոմոնը ամբողջ Իսրայելում 12 փոխկառավարիչ ուներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտելիք էր մատակարարում թագավորին ու արքունիքին:+  Այդ փոխկառավարիչներն էին Հուրի որդին՝ նշանակված Եփրեմի լեռնային շրջանում,  Դակարի որդին՝ Մաքասում, Սալաբիմում,+ Բեթսամյուսում ու Ելոն-Բեթանանում, 10  Եսեդի որդին՝ Արաբոթում (նրա վերահսկողության տակ էին Սոքովն ու Օֆերի ամբողջ շրջանը), 11  Աբինադաբի որդին՝ Դորի ողջ բարձրավանդակում (Սողոմոնի դուստրը՝ Տաֆաթը, դարձավ նրա կինը), 12  Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մեգիդոյում+ և ամբողջ Բեթ-Սեանում,+ որը Սարթանի կողքին է՝ Հեզրայելից ներքև, Բեթ-Սեանից մինչև Աբել-Մաուլա և Հեկմամի+ շրջանը, 13  Գաբերի որդին՝ Ռամոթ-Գաղաադում+ (նրա վերահսկողության տակ էին Մանասեի որդու՝ Հայիրի+ վրանաշեն ավանները, որոնք Գաղաադում են.+ նա վերահսկում էր նաև Բասանում+ գտնվող Արգոբի շրջանը՝+ պարսպապատ 60 մեծ քաղաքներ՝ պղնձե նիգերով* կողպվող դարպասներով), 14  Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմում,+ 15  Աքիմաասը՝ Նեփթաղիմում (նա կնության առավ Սողոմոնի դուստր Բասեմաթին), 16  Քուսի որդի Բաանան՝ Ասերում ու Բաալոթում, 17  Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում, 18  Էլայի որդի Սեմեին՝+ Բենիամինում,+ 19  Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադում՝+ ամորհացիների Սեհոն+ թագավորի և Բասանի Օգ+ թագավորի երկրում: Երկրի այս բոլոր փոխկառավարիչներին վերահսկում էր մեկ այլ փոխկառավարիչ: 20  Հուդայի և Իսրայելի ժողովուրդը ծովեզերքի ավազահատիկների չափ մեծաթիվ էր.+ նրանք ուտում, խմում և ուրախանում էին:+ 21  Սողոմոնը իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատից*+ մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը: Դրանք տուրք էին վճարում* Սողոմոնին և ծառայում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում:+ 22  Յուրաքանչյուր օրվա համար Սողոմոնին մատակարարվում էր 30 քոռ* մանր աղացած* և 60 քոռ* սովորական ալյուր, 23  ախոռում կերակրված 10 խոշոր եղջերավոր անասուն, արոտավայրում արածած 20 խոշոր եղջերավոր անասուն, 100 ոչխար՝ չհաշված եղջերուները, այծեղջերուները, այծյամները և գիրացված կկուները: 24  Սողոմոնը իշխում էր Եփրատի*+ այս կողմում* գտնվող ողջ տարածքի վրա՝ Թափսայից մինչև Գազա:+ Նրան էին ենթարկվում գետի այս կողմում իշխող բոլոր թագավորները: Նա շրջակա բոլոր ազգերի հետ խաղաղ հարաբերություններ ուներ:+ 25  Սողոմոնի թագավորության ընթացքում Հուդայի և Իսրայելի բնակիչները Դանից մինչև Բերսաբեե ապահով էին ապրում. ամեն մեկը նստում էր իր խաղողի վազի և իր թզենու տակ: 26  Սողոմոնը 4 000* ախոռ ուներ, որոնք նախատեսված էին իր կառքերին լծվող ձիերի համար, ինչպես նաև 12 000 ձի:*+ 27  Փոխկառավարիչներից յուրաքանչյուրն իր ամսին ուտելիք էր մատակարարում Սողոմոն թագավորին ու բոլոր նրանց, ովքեր հաց էին ուտում նրա սեղանից, և հոգ էր տանում, որ ոչ մի բանի պակասություն չլինի:+ 28  Նաև կառքերին լծվող ձիերի և մյուս ձիերի համար նրանք գարի ու հարդ* էին տանում այնտեղ, որտեղ կարիք կար. ամեն մեկը տանում էր իրեն հանձնարարվածի չափով: 29  Աստված Սողոմոնին հասկացող սիրտ* և ծովեզերքի ավազահատիկների չափ շատ իմաստություն ու խորաթափանցություն տվեց:+ 30  Սողոմոնի իմաստությունը գերազանցում էր բոլոր արևելցիների ու եգիպտացիների ողջ իմաստությունը:+ 31  Նա մյուս բոլոր մարդկանցից ավելի իմաստուն էր: Ավելի իմաստուն էր, քան Մավուլի որդիները՝ Եզրահյան Եթանը,+ Եմանը,+ Քալքոլը+ և Դարդան: Նրա համբավը տարածվեց շրջակա բոլոր ազգերի մեջ:+ 32  Սողոմոնը 3 000 առակ+ և 1 005 երգ հորինեց:+ 33  Նա խոսեց բույսերի* մասին՝ սկսած Լիբանանի մայրուց մինչև պատի վրա աճող զոպան,*+ խոսեց կենդանիների,+ թռչունների,*+ զեռունների*+ ու ձկների մասին: 34  Բոլոր ազգերից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստությունը, այդ թվում՝ երկրի բոլոր թագավորները, որոնք լսել էին նրա իմաստության մասին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «իշխանները»:
Ըստ ամենայնի, նա քահանայապետն էր:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «նվերներ էին բերում»:
Բռց.՝ «Գետից»:
Մոտ 6 600 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «բարձրորակ»:
Մոտ 13 200 լ:
Բռց.՝ «Գետի»:
Այսինքն՝ արևմտյան կողմում:
Այս թիվը հանդիպում է որոշ ձեռագրերում և զուգահեռ արձանագրությունում: Այլ ձեռագրերում գրված է 40 000:
Կամ՝ «ձիավոր»:
Հացահատիկի մանրած ցողունները, որ մնում էին կալսելուց հետո և ծառայում էին որպես անասնակեր:
Բռց.՝ «սրտի լայնություն»:
Եբր. բառը հավանաբար վերաբերում է սողուններին, միջատներին և այլ փոքր կենդանի արարածների:
Կամ՝ «թռչող արարածների»:
Բառարանում տես «Զոպա»:
Կամ՝ «ծառերի»: