1 Թագավորներ 9։1-28

  • Եհովան կրկին երևում է Սողոմոնին (1-9)

  • Սողոմոնի նվերը՝ Քիրամ թագավորին (10-14)

  • Սողոմոնի շինարարական նախագծերը (15-28)

9  Երբ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան ու թագավորի պալատի շինարարությունը+ և այն ամենը, ինչ ուզում էր կառուցել,+  Եհովան երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես որ երևացել էր նրան Գաբաոնում:+  Եհովան ասաց. «Լսեցի իմ առջև արած քո աղոթքն ու աղաչանքը, որով իմ բարեհաճությունը խնդրեցիր: Ես սրբագործեցի* քո կառուցած այս տունը, և իմ անունն առհավետ այնտեղ կլինի:*+ Իմ աչքերն ու իմ սիրտը միշտ այնտեղ կլինեն:+  Եվ եթե դու քո հայր Դավթի նման անարատ սրտով+ և ուղղամտությամբ+ քայլես իմ առաջ՝+ կատարելով այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ,+ եթե հնազանդվես իմ կանոններին ու կարգադրություններին,+  ես էլ քո թագավորական գահը Իսրայելի վրա հավիտենապես կհաստատեմ, ինչպես որ խոստացել եմ քո հորը՝ Դավթին՝ ասելով. «Քո սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին»:+  Բայց եթե դուք և ձեր որդիները դադարեք ինձ երկրպագելուց, չպահեք իմ տված պատվիրաններն ու կանոնները, գնաք ծառայեք ուրիշ աստվածների ու նրանց առաջ խոնարհվեք,+  ես կվերացնեմ ձեզ՝ իսրայելացիներիդ, այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ,+ ու կմերժեմ+ այս տունը, որ սրբագործել* եմ իմ անվան համար, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մեջ արհամարհանքի* ու ծաղրի առարկա կդառնա,+  իսկ այս տունը՝ ավերակների կույտ:+ Ամեն անցնող զարմանքով կնայի, կսուլի ու կհարցնի. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս երկրի ու այս տան հետ»:+  Եվ նրան կպատասխանեն. «Նրանք թողեցին իրենց Աստված Եհովային, ով իրենց նախահայրերին դուրս էր բերել Եգիպտոսից, և ուրիշ աստվածների ընտրեցին, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Եհովան այս աղետը բերեց նրանց վրա»»:+ 10  Սողոմոնը այդ երկու տները՝ Եհովայի տունը և թագավորի պալատը, կառուցեց 20 տարվա ընթացքում:+ 11  (Տյուրոսի Քիրամ+ թագավորը Սողոմոնին տվել էր մայրու և գիհու գերաններ, ինչպես նաև այնքան ոսկի, որքան նա ցանկացել էր):+ Իսկ Սողոմոն թագավորը Քիրամին 20 քաղաք տվեց Գալիլեայում: 12  Քիրամը Տյուրոսից գնաց, որ տեսնի Սողոմոնի տված քաղաքները, բայց դրանք դուր չեկան նրան: 13  Նա ասաց. «Եղբա՛յրս, այս ի՞նչ քաղաքներ ես ինձ տվել»: Այդ պատճառով էլ դրանք մինչև այսօր կոչվում են Քաբոլ երկիր:* 14  Քիրամը թագավորին 120 տաղանդ* ոսկի ուղարկեց:+ 15  Սողոմոն թագավորը հավաքագրեց հարկադիր աշխատանք կատարողների,+ որ կառուցեն Եհովայի տունը,+ իր պալատը, Թումբը,*+ Երուսաղեմի պարիսպը, Հասորը,+ Մեգիդոն+ և Գազերը:+ 16  (Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, նվաճել էր Գազերը և հրի էր մատնել այն, իսկ քաղաքում ապրող քանանացիներին+ սպանել էր: Նա այն որպես օժիտ տվեց իր դստերը՝+ Սողոմոնի կնոջը): 17  Սողոմոնը վերակառուցեց* Գազերը, Ստորին Բեթ-Օրոնը,+ 18  Բաալեթը,+ Թամարը, որը անապատում է՝ իր երկրում, 19  որպես պահեստավայր ծառայող բոլոր քաղաքները, որոնք իրեն էին պատկանում, կառքերի և հեծյալների համար նախատեսված քաղաքները:+ Նա կառուցեց նաև այն ամենը, ինչ ցանկացել էր կառուցել Երուսաղեմում, Լիբանանում և իր տիրապետության տակ գտնվող ամբողջ երկրում: 20  Սողոմոնը ամորհացիների, քետացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ ողջ մնացած սերունդներին, որոնք Իսրայելի ժողովրդից չէին,+ 21  այսինքն՝ նրանց, ովքեր այդ երկրում էին ապրում, և ում իսրայելացիները չէին կարողացել բնաջնջել, հարկադիր ստրկական աշխատանքի դրեց. մինչ օրս դա այդպես է:+ 22  Բայց Սողոմոնը իսրայելացիներից ոչ մեկին ստրուկ չդարձրեց.+ նրանք իր ռազմիկներն էին, իր ծառաները, իշխաններն ու զորավարները, ինչպես նաև իր կառապանների ու ձիավորների վերակացուները: 23  Սողոմոնն ուներ 550 գլխավոր փոխկառավարիչներ, որոնք ղեկավարում էին իր հրամանով կատարվող աշխատանքները և վերահսկում աշխատողների գործը:+ 24  Փարավոնի դուստրը+ Դավթի քաղաքից+ տեղափոխվեց իր տուն, որը Սողոմոնը կառուցել էր նրա համար: Այդ ժամանակ Սողոմոնը կառուցեց նաև Թումբը:*+ 25  Տարին երեք անգամ+ Սողոմոնը ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Եհովայի համար կառուցած զոհասեղանի վրա,+ և զոհերի ծուխը վեր էր բարձրանում զոհասեղանի վրա, որը Եհովայի առջև էր: Այսպիսով՝ նա ավարտեց տան շինարարությունը:+ 26  Սողոմոն թագավորը նաև նավեր կառուցեց Եսիոն-Գաբերում,+ որ Ելաթի մոտ է՝ Եդոմի երկրում՝ Կարմիր ծովի ափին:+ 27  Քիրամը ուղարկում էր իր ծառաներին՝ փորձառու նավաստիների,+ որ այդ նավերով Սողոմոնի ծառաների հետ նավարկեին: 28  Նրանք գնում էին Օֆիր+ ու այնտեղից 420 տաղանդ* ոսկի էին բերում Սողոմոն թագավորին:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «իմ անունը ընդմիշտ այնտեղ դնելով»:
Բռց.՝ «առակ»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ հնարավոր է՝ «Անպետք երկիր»:
Մոտ 4,1 տ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Կամ՝ «ամրացրեց»:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Մոտ 14,4 տ: