1 Կորնթացիներ 12։1-31

  • Ոգու միջոցով տրված պարգևները (1-11)

  • Մեկ մարմին, շատ անդամներ (12-31)

12  Եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին,+ ուզում եմ, որ դրանց վերաբերյալ ամեն ինչ լավ հասկանաք:  Երբ դեռ քրիստոնյա չէիք, թույլ էիք տալիս, որ ձեզ վրա ազդեցություն բանեցնեն, և ներքաշվում էիք համր կուռքերի պաշտամունքի մեջ:+  Բայց հիմա ասեմ ձեզ, որ Աստծու ոգու ազդեցությամբ խոսող ոչ մի մարդ չի ասի՝ «Հիսուսն անիծվա՛ծ է»: Եվ միայն սուրբ ոգու ազդեցությամբ խոսող մարդը կարող է ասել՝ «Հիսուսը Տե՛ր է»:+  Ոգու միջոցով տրված պարգևները զանազան են, բայց ոգին մեկն է,+  ծառայությունները զանազան են,+ բայց բոլորն էլ մեկ Տիրոջ են մատուցվում,  արվող գործերը զանազան են, բայց բոլորին զորացնողը մեկն է՝ Աստված:+  Յուրաքանչյուրի արածի մեջ էլ հստակ երևում է ոգու աջակցությունը, որն Աստված տալիս է հանուն բոլորի բարօրության:+  Մեկին ոգու միջոցով տրվում է իմաստությամբ խոսելու կարողություն,* մյուսին այդ նույն ոգով՝ անհայտ բաներ իմանալու կարողություն,*  մեկ ուրիշին այդ նույն ոգով տրվում է հավատ,*+ մյուսին էլ՝ բուժելու պարգևներ+ հենց այդ ոգով, 10  մեկին տրվում է զորավոր գործեր անելու կարողություն,+ մեկ ուրիշին՝ մարգարեանալու պարգև, մեկին՝ ունակություն հասկանալու, թե ինչ աղբյուրից են ներշնչմամբ հաղորդված խոսքերը,+ մյուսին՝ տարբեր լեզուներով խոսելու պարգև,+ և մեկ ուրիշին էլ՝ թարգմանելու կարողություն:+ 11  Այս ամենը տրվում է միևնույն ոգով, ամեն մեկին՝ այն պարգևը, որն Աստված է կամենում: 12  Ինչպես որ մեկ մարմինը ունի շատ անդամներ, և այդ բոլոր անդամները թեև շատ են, բայց մեկ մարմին են կազմում,+ այնպես էլ Քրիստոսի մարմինն է: 13  Մենք բոլորս՝ հրեա թե հույն, ծառա թե ազատ, մեկ ոգով մկրտվեցինք՝ կազմելով մեկ մարմին, և մեզ բոլորիս մեկ ոգի տրվեց:* 14  Այսպիսով՝ մարմինը կազմված է ոչ թե մեկ, այլ շատ անդամներից:+ 15  Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ես ձեռք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», դա չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ: 16  Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ ես աչք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», դա չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ: 17  Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, ինչո՞վ էր լսելու: Եթե այն ամբողջությամբ ականջ լիներ, ինչո՞վ էր հոտ առնելու: 18  Սակայն Աստված անդամներից յուրաքանչյուրին տեղադրել է մարմնի մեջ, ինչպես որ կամեցել է: 19  Եթե բոլորը միևնույն անդամը լինեին, մի՞թե մարմինը մարմին կլիներ: 20  Այո՛, կան տարբեր անդամներ, բայց մարմինը մեկն է: 21  Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Դու ինձ պետք չես», և գլուխը չի կարող ոտքերին ասել՝ «Դուք ինձ պետք չեք»: 22  Ընդհակառակը, մարմնի անկարևոր թվացող անդամները իրականում անհրաժեշտ են, 23  և մարմնի այն մասերը, որոնք այնքան էլ պատվաբեր չենք համարում, ավելի մեծ ուշադրությամբ ենք շրջապատում,+ այնպես որ մեր մարմնի աչքի չընկնող* մասերը ավելի հոգատար վերաբերմունքի են արժանանում, 24  մինչդեռ մեր վայելուչ մասերը այդպիսի հոգածության կարիք չունեն: Աստված մարմինն այնպես կազմեց, որ առավել պատիվ տրվի այն մասերին, որոնք ավելի քիչ պատվի են արժանանում, 25  որպեսզի բաժանություն չլինի մարմնի մեջ, այլ որ դրա անդամները հոգատարություն դրսևորեն միմյանց նկատմամբ:+ 26  Եթե մեկ անդամը ցավ է զգում, մյուս բոլոր անդամներն էլ են ցավ զգում նրա հետ,+ կամ եթե մեկ անդամին պատիվ է տրվում, մյուս բոլոր անդամներն էլ են ուրախանում նրա հետ:+ 27  Այսպիսով՝ դուք միասին Քրիստոսի մարմինն եք կազմում,+ և յուրաքանչյուրդ, առանձին վերցրած, դրա անդամն եք:+ 28  Աստված տարբեր անդամների իրենց տեղն է հատկացրել ժողովում. առաջինը՝ առաքյալներին,+ երկրորդը՝ մարգարեներին,+ երրորդը՝ ուսուցանողներին,+ հետո՝ զորավոր գործեր անողներին,+ ապա՝ բուժելու պարգև ունեցողներին,+ օգնություն ցույց տվողներին, առաջնորդելու կարողություն ունեցողներին,+ տարբեր լեզուներով խոսողներին:+ 29  Մի՞թե բոլորը առաքյալներ են: Մի՞թե բոլորը մարգարեներ են: Մի՞թե բոլորը ուսուցանողներ են: Մի՞թե բոլորը զորավոր գործեր են անում: 30  Մի՞թե բոլորը բուժելու պարգևներ ունեն: Մի՞թե բոլորը լեզուներով են խոսում:+ Մի՞թե բոլորը թարգմանողներ են:+ 31  Ջանադրաբար ձգտեք ավելի մեծ պարգևների:+ Բայց հիմա ես ձեզ ցույց կտամ այդ ամենին գերազանցող մի բան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իմաստության խոսք»:
Բռց.՝ «իմացության խոսք»: Ըստ ամենայնի, խոսքը հրաշքով տրված իմացության մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը հրաշքով տրված անսասան համոզվածության մասին է, որն օգնում էր մեծ խոչընդոտներ հաղթահարել:
Բռց.՝ «խմել տրվեց»:
Կամ՝ «անվայելուչ»: