1 Կորնթացիներ 6։1-20

  • Դատական գործեր հավատակիցների միջև (1-8)

  • Ինչպիսի գործեր անողները չեն ժառանգելու Աստծու թագավորությունը (9-11)

  • Ձեր մարմինները Աստծուն փառք բերելու համար ծառայեցրեք (12-20)

    • «Փախե՛ք անբարոյականությունից» (18)

6  Երբ մեկդ մյուսիդ դեմ բողոք եք ունենում,+ ինչպե՞ս է մտքներովդ անցնում դատարան դիմել ու կանգնել անհավատների առաջ՝ փոխանակ գնալու սրբերի* մոտ:  Չգիտե՞ք, որ սրբերն են դատելու աշխարհը:+ Եվ եթե աշխարհն եք դատելու, մի՞թե ընդունակ չեք չնչին հարցերը լուծելու:  Կամ չգիտե՞ք, որ հրեշտակների ենք դատելու:+ Ուրեմն մի՞թե չենք կարող լուծել առօրյա խնդիրները:  Եվ եթե այդպիսի խնդիրներ կան, որ լուծման կարիք ունեն,+ ինչո՞ւ եք ձեզ համար դատավորներ ընտրում նրանց, ում ժողովը այդ հարցում համապատասխան չի համարում:  Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում: Ի՞նչ է, ձեր մեջ գոնե մեկ իմաստուն մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ վարել:  Բանը հասել է նրան, որ եղբայրը եղբորը դատարան է տանում, և անհավատներն են դատում նրանց:  Իրականում դուք արդեն իսկ պարտություն եք կրել, եթե մեկդ մյուսիդ դատի եք տալիս: Մի՞թե ավելի լավ չէր լինի, որ ինքներդ վնաս կրեիք+ կամ խաբված դուրս գայիք:  Մինչդեռ դուք եք վնաս պատճառում ու խաբում ձեր իսկ եղբորը:  Ի՞նչ է, չգիտե՞ք, որ արատավոր բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու:+ Չխաբվե՛ք: Ո՛չ անբարոյական մարդիկ,*+ ո՛չ կռապաշտները,+ ո՛չ կողակցին դավաճանողները,+ ո՛չ համասեռամոլները,*+ 10  ո՛չ գողերը, ո՛չ ագահները,+ ո՛չ հարբեցողները,+ ո՛չ չարախոսները,* ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու:+ 11  Ձեզնից ոմանք հենց այդպիսին էին, բայց Աստված ձեզ մաքրեց,+ սրբագործեց+ և արդար հայտարարեց+ իր ոգով ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: 12  Ամեն ինչ թույլատրելի* է ինձ, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է:+ Ամեն ինչ թույլատրելի է ինձ, բայց ես որևէ բանի գերին չեմ դառնա:* 13  Ուտելիքը ստամոքսի համար է, և ստամոքսը՝ ուտելիքի, սակայն Աստված երկուսին էլ վերջ կդնի:+ Մարմինը ոչ թե անբարոյականության* համար է, այլ Տիրոջ,+ Տերն էլ՝ մարմնի: 14  Ինչպես որ Աստված իր զորությամբ+ հարություն տվեց Տիրոջը,+ այնպես էլ մեզ հարություն կտա:+ 15  Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի մարմնի անդամներն են:+ Ուրեմն ճիշտ կլինի՞ Քրիստոսի մարմնի անդամները վերցնել ու միաձուլել մարմնավաճառին: Իհա՛րկե ոչ: 16  Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ով մարմնավաճառի է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև Աստված ասում է. «Երկուսը մեկ մարմին կլինեն»:+ 17  Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ մտքի* է լինում:+ 18  Փախե՛ք անբարոյականությունից:*+ Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնին չի առնչվում, բայց նա, ով անբարոյականություն է անում, իր իսկ մարմնին է վնաս հասցնում:*+ 19  Ի՞նչ է, չգիտե՞ք, որ դուք բոլորդ կազմում եք մի մարմին՝ այն տաճարը,+ որտեղ բնակվում է սուրբ ոգին, որ ստացել եք Աստծուց:+ Դուք չեք պատկանում ինքներդ ձեզ,+ 20  քանի որ ձեզ համար գին է վճարվել:+ Ուստի ձեր մարմինները+ Աստծուն փառք բերելու համար ծառայեցրեք:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բնագրում օգտագործված է երկու տարբեր բառ: Մեկը վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր թույլ են տալիս, որ իրենց հանդեպ համասեռամոլական գործողություններ անեն, իսկ մյուսը՝ այդպիսի գործողություններ անողներին:
Կամ՝ «վիրավորական խոսքեր ասողները»:
Կամ՝ «ես թույլ չեմ տա, որ որևէ բան ինձ իր իշխանության տակ պահի»:
Բռց.՝ «օրինավոր»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «մեկ ոգի»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բռց.՝ «իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում»: