1 Կորնթացիներ 9։1-27

  • Որպես առաքյալ՝ Պողոսի լավ օրինակը (1-27)

    • «Կալ անող ցլի բերանին դնչկալ չդնեք» (9)

    • «Վա՜յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը» (16)

    • «Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա» (19-23)

    • Կյանքի մրցավազքին մասնակցողները ինքնատիրապետում են դրսևորում (24-27)

9  Մի՞թե ես ազատ չեմ անելու իմ ուզածը: Ի՞նչ է, ես առաքյալ չե՞մ: Մի՞թե չեմ տեսել Հիսուսին՝ մեր Տիրոջը:+ Կամ մի՞թե դուք իմ աշխատանքի պտուղը չեք Տիրոջ գործում:  Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, ձեզ համար հաստատ որ առաքյալ եմ: Չէ՞ որ դուք Տիրոջ առաքյալ լինելս հաստատող կնիքն եք:  Քննադատողներիս հետևյալը կասեմ ի պաշտպանություն ինձ.  չէ՞ որ մենք իրավունք ունենք ուտելու և խմելու բան ստանալ ուրիշներից:  Չէ՞ որ իրավունք ունենք ամուսնանալու և մեզ հետ վերցնելու մեր քրիստոնյա կանանց,+ ինչպես որ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրներն+ ու Կեփասը:*+  Թե՞ միայն ես ու Բառնաբասն ենք,+ որ չաշխատելու իրավունք չունենք և պարտավոր ենք մեր ապրուստը վաստակել:  Ո՞ր զինվորն է իր հաշվին ծառայում: Ո՞ր մի մարդն է խաղողի այգի տնկում, բայց դրա պտղից չի ուտում:+ Կամ ո՞ր մեկն է, որ հոտը հովվում է, բայց չի օգտվում դրա տված կաթից:  Իմ ասածը մարդու տեսակետ չէ: Չէ՞ որ Օրենքն էլ է նույն բանն ասում:  Մովսեսի օրենքում գրված է. «Կալ անող ցլի բերանին դնչկալ չդնեք»:+ Մի՞թե Աստված միայն ցլերի համար է հոգ տանում: 10  Թե՞ իրականում մեզ համար է ասում: Ըստ էության՝ դա մեզ համար էր գրվել, որովհետև հերկողը բերքից օգտվելու հույսով է հերկում, և կալսողը* դրանից բաժին ունենալու հույսով է կալսում: 11  Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ ենք ցանել, մի՞թե մեծ բան է, եթե ձեզնից նյութական բաներ հնձենք:+ 12  Եթե մյուսները ձեզնից օգնություն ստանալու իրավունք ունեն, չէ՞ որ առավել ևս մենք ունենք: Այդուհանդերձ, մենք չենք օգտվում այդ իրավունքից,+ այլ ամեն հանգամանքի դիմանում ենք, որ ոչ մի խոչընդոտ չստեղծենք Քրիստոսի մասին բարի լուրի տարածման համար:+ 13  Չգիտե՞ք, որ սուրբ պարտականություններ կատարող մարդիկ տաճարից են ստանում իրենց սնունդը, և զոհասեղանի մոտ կանոնավորաբար սպասավորություն անողները դրա վրա զոհաբերվածից իրենց բաժինն են ունենում:+ 14  Նմանապես Տերը պատվիրել է, որ բարի լուրը հռչակողները այդ լուրի քարոզչությամբ էլ ապրուստ ունենան:+ 15  Բայց ես նմանատիպ ոչ մի բանից չեմ օգտվել:+ Եվ այս ամենը չեմ գրում նրա համար, որ ինձ այդպիսի օգնություն տրվի, քանի որ հպարտ եմ, որ առանց ուրիշին ծախսի տակ գցելու եմ քարոզում, և կգերադասեի մեռնել, քան զրկվել այսպես պարծենալով խոսելու իրավունքից:+ 16  Բայց այն, որ հռչակում եմ բարի լուրը, ինձ համար պարծենալու պատճառ չէ, քանի որ ինձ վրա պարտավորություն է դրված: Եվ վա՜յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը:+ 17  Եթե ես հոժար կամքով եմ դա անում, վարձատրություն ունեմ, բայց եթե իմ կամքին հակառակ էլ անեմ, միևնույն է, դա ինձ վստահված պատասխանատվություն* է, որ պետք է կատարեմ:+ 18  Իսկ ո՞րն է իմ վարձատրությունը. այն, որ բարի լուրը հռչակելիս կարողանում եմ դա անել ձրի և չեմ չարաշահում իմ իրավասությունը, որ ունեմ որպես բարի լուրի քարոզիչ: 19  Թեև ես ոչ մի մարդու ոչինչ պարտական չեմ, սակայն բոլորի ծառան դարձա, որպեսզի կարողանամ հնարավորինս շատ մարդկանց օգնել:* 20  Հրեաների համար եղա ինչպես հրեա, որ հրեաներին օգնեմ:+ Օրենքի տակ լինողների համար եղա ինչպես Օրենքի տակ լինող մարդ, որ Օրենքի տակ լինողներին օգնեմ, թեև ինքս Օրենքի տակ չեմ:+ 21  Նրանց համար, ովքեր չեն ապրում Օրենքի համաձայն, եղա ինչպես օրենք չունեցող մարդ, որ Օրենք չունեցողներին օգնեմ, թեև Աստծու աչքին ես առանց օրենքի չեմ, այլ Քրիստոսի օրենքի տակ եմ:+ 22  Թույլերի* համար եղա ինչպես թույլ մեկը, որ թույլերին օգնեմ:+ Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա, որ ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ: 23  Բայց ինչ էլ որ անում եմ, բարի լուրը ուրիշներին քարոզելու համար եմ անում:+ 24  Դուք գիտեք, որ մրցավազքում բոլոր մասնակիցներն էլ վազում են, բայց մրցանակը միայն մեկն է ստանում: Այնպես վազեք, որ ստանաք այն:+ 25  Մրցումներին մասնակցողները* ամեն ինչում ինքնատիրապետում են դրսևորում: Միայն թե նրանք դա անում են թառամող պսակ ստանալու համար,+ մինչդեռ մենք՝ անթառամ պսակ ստանալու համար:+ 26  Ուստի վազելիս ես աննպատակ չեմ վազում+ և բռնցքահարելիս հարվածներս այնպես եմ ուղղում, որ օդի մեջ հարվածող չլինեմ: 27  Ես ճնշում եմ* իմ մարմինը+ և ստիպում, որ ծառայի պես ինձ ենթարկվի, որպեսզի չլինի թե ես, որ ուրիշներին քարոզում եմ, ինքս ինչ-որ պատճառով Աստծու բարեհաճությունից զրկվեմ:*

Ծանոթագրություններ

Հայտնի է նաև որպես Պետրոս:
«Կալսել» նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Կամ՝ «տնտեսվարի գործ»:
Բռց.՝ «շահել»:
Սա ներառում է նաև ոչ հասուն խիղճ ունեցողներին:
Կամ՝ «Մարզիկները»:
Կամ՝ «պատժի եմ ենթարկում», «խստորեն դաստիարակում եմ»: Բռց.՝ «հարվածում եմ»:
Կամ՝ «որակազրկվեմ»: