1 Պետրոս 1։1-25
1 Ես՝ Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի առաքյալս,+ գրում եմ ժամանակավոր բնակիչներիդ, որ ցրված եք Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում,+ Ասիայում* և Բութանիայում:
2 Աստված՝ Հայրը, ձեզ ընտրել է իր կանխագիտությամբ+ և սրբագործել* ոգով,+ որպեսզի հնազանդ լինեք նրան և մաքրվեք* Հիսուս Քրիստոսի արյունով:+
Թող Աստված ձեր հանդեպ ավելի շատ անզուգական բարություն դրսևորի և թող ավելի շատ խաղաղություն տա:
3 Փա՜ռք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը, որովհետև նրա մեծ գթասրտությամբ մենք կրկին ծնվեցինք,+ որպեսզի Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ+ կենդանի հույս ունենանք՝+
4 անապականելի, անպիղծ և մնայուն ժառանգություն ստանալու հույս:+ Երկնքում այն պահված է ձեզ համար:+
5 Քանի որ դուք հավատ ունեք, Աստված իր զորությամբ պահպանում է ձեզ փրկության համար, որը հայտնի է դառնալու վերջին ժամանակում:
6 Դրա համար էլ դուք անչափ ուրախանում եք, թեպետև կարճ ժամանակով ստիպված եք լինում տառապել զանազան փորձությունների պատճառով,+
7 որպեսզի ձեր փորձված հավատի շնորհիվ,+ որն ավելի մեծ արժեք ունի, քան ոսկին (որը թեև ստուգված է կրակով, բայց կարող է ոչնչացվել), գովաբանության, փառքի ու պատվի արժանանաք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ:+
8 Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք: Թեև հիմա էլ նրան չեք տեսնում, սակայն հավատում եք և աննկարագրելի ու փառավոր ուրախություն եք ապրում՝
9 գնալով դեպի ձեր հավատի վերջնագիծը՝ դեպի փրկություն:+
10 Մարգարեները, որոնք մարգարեանում էին անզուգական բարության մասին, որը ցուցաբերվելու էր ձեր հանդեպ, ջանադրաբար քննում ու խորությամբ ուսումնասիրում էին այն ամենը, ինչը վերաբերում էր հենց այդ փրկությանը:+
11 Նրանք ձգտում էին հասկանալ, թե երբ և ինչ հանգամանքներում էր Քրիստոսի առնչությամբ կատարվելու այն, ինչ իրենց նախապես ասում էր իրենց մեջ գտնվող ոգին,+ երբ հայտնում էր այն մասին, որ Քրիստոսը տառապելու էր,+ իսկ հետո՝ փառավորվելու:
12 Աստված այդ մարգարեներին հայտնեց, որ նրանք ոչ թե իրենց էին ծառայում, այլ ձեզ, երբ գրում էին այն, ինչի մասին դուք իմացաք նրանցից, ովքեր երկնքից ուղարկված սուրբ ոգով հայտնեցին ձեզ բարի լուրը:+ Հենց այս բաներն են հրեշտակները փափագում հասկանալ:
13 Մտովի պատրաստվեք գործի անցնելու,*+ միշտ ողջամիտ եղեք,+ ձեր հույսը դրեք անզուգական բարության վրա, որը ցուցաբերվելու է ձեր հանդեպ Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ:
14 Լինելով հնազանդ զավակներ՝ այլևս թույլ մի՛ տվեք, որ այն ցանկությունները, որոնք ունեիք այն ժամանակ, երբ չէիք ճանաչում Աստծուն, կառավարեն* ձեզ:
15 Ձեզ կանչած Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում,+
16 որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»:+
17 Եթե դուք խնդրանքներով դիմում* եք Հորը, ով յուրաքանչյուրին անկողմնակալությամբ դատում է+ ըստ իր գործերի, ապա այս աշխարհում ապրելով որպես ժամանակավոր բնակիչներ՝ գործերով փաստեք, որ աստվածավախ* եք:+
18 Չէ՞ որ դուք գիտեք, որ ձեր նախահայրերից ժառանգած* անիմաստ ապրելակերպից ազատվեցիք*+ ոչ թե ապականվող բաներով՝ արծաթով կամ ոսկով,
19 այլ Քրիստոսի թանկագին արյունով,+ որը նման է մի անարատ ու անբիծ գառան արյան:+
20 Ճիշտ է, նա ընտրված էր* դեռևս աշխարհի սկզբնավորումից* առաջ,+ բայց ժամանակների վերջում հայտնվեց հանուն ձեզ:+
21 Շնորհիվ նրա դուք հավատում եք Աստծուն,+ ով հարություն տվեց նրան+ և փառք շնորհեց,+ որպեսզի ձեր հույսն ու հավատը Աստված լինի:
22 Ճշմարտությանը հնազանդվելով՝ դուք մաքրագործվել եք, այդ պատճառով անկեղծորեն սիրում եք իրար+ ինչպես եղբայրների:* Եվ հիմա սրտա՛նց ու ջերմորե՛ն սիրեք իրար,+
23 որովհետև դուք կենդանի և հավերժական Աստծու խոսքի միջոցով կրկին ծնվեցիք+ ոչ թե ապականվող, այլ չապականվող սերմից,*+
24 ինչպես որ գրված է. «Բոլոր մարդիկ* խոտի պես են, և նրանց ողջ փառքը՝ դաշտի ծաղկի պես. խոտը չորանում է, ծաղիկն՝ ընկնում,
25 բայց Եհովայի* խոսքը մնում է հավիտյան»:+ Եվ այդ «խոսքը» այն բարի լուրն է, որը քարոզվեց ձեզ:+
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «ցողված լինեք»:
^ Բռց.՝ «Գոտևորեք ձեր մտքի ազդրերը»:
^ Կամ՝ «ձևավորեն»:
^ Բռց.՝ «կանչում»:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»:
^ Կամ՝ «որ ավանդաբար ձեզ փոխանցված»:
^ Բռց.՝ «փրկագնվեցիք»:
^ Կամ՝ «նրա մասին նախապես հայտնի էր»:
^ Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:
^ Կամ՝ «ձեռք եք բերել կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն»:
^ Այսինքն՝ վերարտադրվելու և պտուղ տալու հատկություն ունեցող սերմից:
^ Բռց.՝ «Ամեն մարմին»:
^ Տես հավելված Ա5: