1 Սամուել 1։1-28

  • Եղկանան ու նրա կանայք (1-8)

  • Աննան, որը զավակ չուներ, աղոթում է որդի ունենալու մասին (9-18)

  • Ծնվում է Սամուելը: Նրան տալիս են Եհովային (19-28)

1  Եփրեմի+ լեռնային շրջանում՝ Ռամաթայիմ-Սոֆիմում,*+ Եղկանա+ անունով մի մարդ էր ապրում, ով Սուֆի որդի Թովուի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր: Նա եփրեմցի էր:  Եղկանան երկու կին ուներ. մեկի անունը Աննա էր, իսկ մյուսինը՝ Փենանա: Փենանան երեխաներ ուներ, իսկ Աննան երեխա չուներ:  Եղկանան ամեն տարի իր քաղաքից գնում էր Սելով, որ երկրպագեր Զորքերի տեր Եհովային* և նրան զոհ մատուցեր:+ Այնտեղ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը,+ Եհովային ծառայում էին որպես քահանա:+  Մի օր, երբ Եղկանան զոհ մատուցեց, նա իր կնոջը՝ Փենանային, և նրա բոլոր տղաներին ու աղջիկներին դրանից մի քանի բաժին տվեց,+  իսկ Աննային առանձնահատուկ բաժին տվեց, քանի որ նրան շատ-շատ էր սիրում, թեև Եհովան նրան երեխաներ չէր պարգևել:*  Փենանան* անընդհատ ծաղրում էր Աննային, որպեսզի նա ցավ զգար այն պատճառով, որ Եհովան իրեն երեխաներ չէր տվել:  Նա այդպես էր անում նաև, երբ ամեն տարի իրենք գնում էին Եհովայի տուն:+ Փենանան ծաղրում էր Աննային այն աստիճան, որ նա լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում:  Ուստի Աննայի ամուսինը՝ Եղկանան, ասաց նրան. «Ա՛ննա, ինչո՞ւ ես լաց լինում ու ոչինչ չես ուտում: Ինչո՞ւ է սիրտդ տխուր: Մի՞թե ես քեզ համար տասը որդուց առավել չեմ»:  Երբ նրանք Սելովում կերան ու խմեցին, Աննան վեր կացավ գնաց: Այդ ժամանակ Հեղի քահանան Եհովայի տաճարի*+ մուտքի մոտ իր տեղում նստած էր: 10  Աննան խիստ դառնացած էր. նա սկսեց աղոթել Եհովային+ ու աղիողորմ լաց լինել: 11  Նա երդվեց՝ ասելով. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, եթե նայես քո աղախնի տառապանքին ու հիշես ինձ, եթե չմոռանաս քո աղախնին և մի տղա երեխա պարգևես,+ նրան քեզ կտամ, Եհո՛վա, որ իր ողջ կյանքում քեզ ծառայի, և նրա գլխին ածելի չի դիպչի»:+ 12  Մինչ նա երկար աղոթում էր Եհովային, Հեղին հետևում էր նրա շուրթերի շարժմանը: 13  Աննան իր մտքում* էր խոսում. նրա ձայնը չէր լսվում, միայն շուրթերն էին դողդողում: Ուստի Հեղին կարծեց, թե նա հարբած է, 14  և ասաց նրան. «Ի՞նչ ես անում այստեղ հարբած: Գնա՛ սթափվիր»: 15  Աննան պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես գինի կամ ուրիշ ոգելից խմիչք չեմ խմել: Ես խիստ վշտացած եմ* և սիրտս եմ դատարկում Եհովայի առաջ:+ 16  Քո աղախնին անպիտան կին մի՛ համարիր. այս ամբողջ ընթացքում իմ մեծ վշտի ու տառապանքի պատճառով էի այդպես խոսում»: 17  Այդ ժամանակ Հեղին ասաց. «Գնա խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր իրենից»:+ 18  Աննան ասաց. «Թող աղախինդ արժանանա քո բարեհաճությանը»: Հետո գնաց, սկսեց ուտել և այլևս չտրտմեց:* 19  Վաղ առավոտյան Եղկանան և իր ընտանիքի անդամները վեր կացան ու խոնարհվեցին Եհովայի առաջ, ինչից հետո վերադարձան տուն՝ Ռամա:+ Եղկանան հարաբերություն ունեցավ իր կնոջ՝ Աննայի հետ: Եհովան ուշադրություն դարձրեց* Աննային,+ 20  և նա հղիացավ: Ռամա վերադառնալուց հետո մեկ տարի էլ չանցավ, որ նա որդի ծնեց: Աննան երեխայի անունը+ Սամուել* դրեց՝ ասելով. «Եհովայից եմ խնդրել նրան»: 21  Որոշ ժամանակ անց Եղկանան իր ամբողջ ընտանիքով գնաց, որ Եհովային մատուցի տարեկան զոհը+ և երդման համաձայն տրվող իր ընծան: 22  Բայց Աննան չգնաց:+ Նա ասաց իր ամուսնուն. «Հենց որ տղան կաթից կտրվի, նրան կտանեմ Եհովայի տուն,* ու նա ընդմիշտ այնտեղ կմնա»:+ 23  Աննայի ամուսինը՝ Եղկանան, ասաց նրան. «Արա այն, ինչ ճիշտ ես համարում:* Մնա տանը, մինչև որ նրան կաթից կտրես: Թող Եհովան իրականացնի քո ասածը»: Աննան մնաց տանը և կերակրեց իր որդուն, մինչև եկավ նրան կաթից կտրելու ժամանակը: 24  Երբ նա երեխային կաթից կտրեց, նրան տարավ Սելով: Աննան իր հետ վերցրեց երեք տարեկան մի ցուլ, մեկ արդու* ալյուր, գինով լի մի մեծ սափոր+ և տղայի հետ գնաց Եհովայի տուն՝ Սելով:+ 25  Ապա ցուլը մորթեցին և տղային Հեղիի մոտ տարան: 26  Աննան ասաց. «Ներիր ինձ, տե՛ր իմ: Տե՛ր իմ,* ես այն կինն եմ, որը կանգնել էր այստեղ՝ քեզ մոտ, և աղոթում էր Եհովային:+ 27  Ես այս տղայի համար էի աղոթում, ու Եհովան տվեց ինձ այն, ինչ խնդրեցի իրենից:+ 28  Հիմա ես նրան Եհովային եմ փոխ տալիս: Իր ողջ կյանքում նա Եհովային կպատկանի»: Եվ նա* այնտեղ խոնարհվեց Եհովայի առաջ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Արիմաթեմ-Սոֆիմում», «Ռամայում, Սուֆի սերունդներից»:
Կամ՝ «խոնարհվեր Զորքերի տեր Եհովայի առաջ»:
Բռց.՝ «փակել էր նրա արգանդը»:
Կամ՝ «Նրան մրցակից կինը»:
Այսինքն՝ խորանի:
Բռց.՝ «սրտում»:
Կամ՝ «ոգով վշտացած եմ»:
Բռց.՝ «և նրա երեսը այլևս չտրտմեց»:
Բռց.՝ «հիշեց»:
Նշանակում է «Աստծու անունը»:
Բռց.՝ «կտանեմ նրան, որ ներկայանա Եհովայի առաջ»:
Բռց.՝ «ինչ հաճելի է քո աչքերին»:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Երդվում եմ, տե՛ր իմ»:
Ակներևաբար, խոսքը Եղկանայի մասին է: