1 Սամուել 10։1-27

  • Սավուղը թագավոր է օծվում (1-16)

  • Սամուելը Սավուղին ներկայացնում է ժողովրդին (17-27)

10  Սամուելը վերցրեց յուղի սրվակը, յուղը լցրեց Սավուղի գլխին,+ համբուրեց նրան ու ասաց. «Եհովան օծեց քեզ, որ իր ժողովրդի*+ առաջնորդը լինես:+  Այսօր, երբ այստեղից գնաս, երկու մարդու կհանդիպես Ռաքելի գերեզմանի մոտ՝+ Բենիամինի տարածքում՝ Սելսահում: Նրանք կասեն քեզ. «Այն ավանակները, որոնց գնացել էիր փնտրելու, գտնվել են: Բայց հիմա քո հայրը ավանակների մասին չի էլ մտածում, այլ ձեզ համար է անհանգստանում ու ասում. «Որդիս չվերադարձավ. ի՞նչ անեմ»»:+  Այնտեղից կգնաս ու կհասնես Թաբորի մեծ ծառին, որտեղ կհանդիպես երեք մարդու, որոնք Բեթել+ են գնում՝ ճշմարիտ Աստծուն երկրպագելու: Նրանցից մեկը երեք ուլ տանելիս կլինի, մյուսը՝ երեք հաց, իսկ երրորդը՝ գինու մի մեծ սափոր:  Քո որպիսությունը հարցնելուց հետո նրանք քեզ երկու հաց կտան, որոնք պետք է վերցնես:  Այնուհետև կգնաս ու կհասնես ճշմարիտ Աստծու բլրին, որտեղ փղշտացիների կայազորն է: Երբ քաղաք մտնես, սրբավայրից իջնող մարգարեների մի խմբի կհանդիպես: Նրանք կմարգարեանան,* իսկ նրանց առջևից տավիղ, դափ, սրինգ ու քնար նվագողներ կգնան:  Այդ ժամանակ Եհովայի ոգին կներգործի քեզ վրա.+ դու էլ նրանց հետ կմարգարեանաս* և ուրիշ մարդ կդառնաս:+  Երբ այս բաները* կատարվեն, ձեռքիցդ եկածն արա, որովհետև ճշմարիտ Աստված քեզ հետ է:  Ապա Գաղգաղա+ իջիր: Հետո ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեմ: Յոթ օր սպասիր, մինչև որ գամ: Այդ ժամանակ քեզ կհայտնեմ, թե ինչ պետք է անես»:  Երբ Սավուղը շրջվեց, որ գնա, Աստված սկսեց փոխել նրա սրտի տրամադրվածությունը:* Նույն օրը Սամուելի ասած բոլոր բաները կատարվեցին: 10  Այսպիսով՝ Սավուղն ու սպասավորը* ճանապարհ ընկան ու, երբ հասան բլրին, մարգարեների մի խմբի հանդիպեցին: Այդ պահին Աստծու ոգին ներգործեց Սավուղի վրա,+ և նա նրանց հետ սկսեց մարգարեանալ:*+ 11  Բոլոր նրան ճանաչողները, տեսնելով, որ նա մարգարեների հետ է և նրանց պես է խոսում, ասացին իրար. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն: Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»: 12  Նրանցից մեկն ասաց. «Իսկ մյուս մարգարեների՞ հայրերը ովքեր են»: Եվ այսպես՝ «Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»+ խոսքերը ասացվածք դարձան: 13  Մարգարեի պես խոսելուց հետո Սավուղը բարձրացավ սրբավայր: 14  Որոշ ժամանակ անց նրա հորեղբայրը հարցրեց նրան ու սպասավորին. «Ո՞ւր էիք գնացել»: Սավուղն էլ պատասխանեց. «Ավանակներին փնտրելու,+ բայց երբ չգտանք, գնացինք Սամուելի մոտ»: 15  Հորեղբայրը հարցրեց. «Պատմիր, խնդրում եմ, Սամուելն ի՞նչ ասաց ձեզ»: 16  Սավուղը պատասխանեց. «Նա ասաց, որ ավանակները գտնվել են»: Սակայն նրան չհայտնեց, թե Սամուելն իրեն ինչ է ասել իր՝ թագավոր դառնալու մասին: 17  Սամուելը իսրայելացիներին կանչեց Մասփա՝+ Եհովայի առաջ, 18  և ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես էի, որ ձեզ՝ իսրայելացիներիդ, հանեցի Եգիպտոսից,+ ազատեցի Եգիպտոսի և ձեզ ճնշող բոլոր թագավորությունների ձեռքից: 19  Բայց այսօր դուք մերժեցիք ձեր Աստծուն՝+ ձեր Փրկչին, ով ազատել է ձեզ բոլոր չարիքներից ու նեղություններից, և ասացիք. «Ո՛չ, թագավոր նշանակիր, որ իշխի մեզ վրա»: Այժմ կանգնե՛ք Եհովայի առաջ ձեր ցեղերով ու տոհմերով»»:* 20  Ապա Սամուելն ասաց, որ Իսրայելի բոլոր ցեղերը մեկ առ մեկ մոտենան:+ Ընտրվեց Բենիամինի ցեղը:+ 21  Հետո նա Բենիամինի ցեղին ասաց, որ տոհմ առ տոհմ մոտենա, և ընտրվեց Մատրիի տոհմը: Ի վերջո ընտրվեց Կիսի որդին՝ Սավուղը:+ Բայց երբ գնացին նրան փնտրելու, ոչ մի տեղ չգտան: 22  Ուստի հարցրին Եհովային.+ «Այդ մարդը եկե՞լ է այստեղ»: Եհովան պատասխանեց. «Ահա այնտեղ է՝ բեռների մեջ է թաքնվել»: 23  Նրանք էլ վազելով գնացին ու բերեցին նրան այնտեղից: Երբ Սավուղը կանգնեց ժողովրդի մեջ, հասակով մի գլուխ բարձր էր բոլորից:+ 24  Սամուելն ասաց ժողովրդին. «Տեսնո՞ւմ եք, թե ում է ընտրել Եհովան:+ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»: Եվ ողջ ժողովուրդը սկսեց բղավել. «Կեցցե՛ թագավորը»: 25  Այնուհետև Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի իրավունքները,+ դրանք գրեց մի գրքում ու դրեց Եհովայի առաջ:* Ապա բոլորին ասաց, որ տուն գնան: 26  Սավուղը նույնպես գնաց իր տուն, որը Գաբաայում էր: Նրան ուղեկցեցին ռազմիկներ, որոնց Եհո՛վան մղեց, որ գնան նրա հետ:* 27  Բայց որոշ անպիտան մարդիկ ասացին. «Այս մարդն ինչպե՞ս կարող է փրկել մեզ»:+ Նրանք արհամարհանքով վերաբերվեցին Սավուղին և ոչ մի նվեր չբերեցին:+ Բայց նա ոչինչ չասաց:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ժառանգության»:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Բռց.՝ «նշանները»:
Բռց.՝ «Աստված նրան ուրիշ սիրտ տվեց»:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Բռց.՝ «նրանք»:
Բռց.՝ «հազարավորներով»:
Այսինքն՝ խորանում:
Բռց.՝ «որոնց սրտերին Եհո՛վան դիպավ»: