1 Սամուել 14։1-52
14 Մի օր Սավուղի որդին՝ Հովնաթանը,+ իր զենքերը կրող սպասավորին ասաց. «Արի անցնենք մյուս կողմը, որտեղ փղշտացիների կայազորն է»: Բայց այդ մասին նա իր հորը ոչինչ չասաց:
2 Սավուղը կանգ էր առել Գաբաայի+ արվարձանում՝ Մագրոնում՝ նռնենու տակ. նրա հետ մոտ 600 մարդ կար:+
3 (Այդ ժամանակ Աքիան էր եփուդ*+ կրում: Նա Իքաբոդի+ եղբոր՝ Աքիտոբի+ որդին էր, Փենեհեսի+ թոռը և Սելովում+ Եհովային որպես քահանա ծառայած Հեղիի+ ծոռը): Զինվորները չգիտեին, որ Հովնաթանը գնացել է:
4 Այն անցատեղերի միջև, որոնցով Հովնաթանը փորձում էր անցնել ու գնալ փղշտացիների կայազորի մոտ, ատամի տեսք ունեցող երկու ժայռ կար. դրանցից մեկը կոչվում էր Բազես, իսկ մյուսը՝ Սենա:
5 Այդ ժայռերից մեկը, որ սյան նման էր, հյուսիսային կողմում էր՝ Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմում էր՝ Գեբայի+ դիմաց:
6 Հովնաթանն ասաց իր զինակրին. «Արի անցնենք մյուս կողմը, որտեղ այս անթլփատների+ կայազորն է: Գուցե Եհովան գործի հօգուտ մեզ: Չէ՞ որ Եհովայի համար ոչ մի խոչընդոտ չկա. նա կարող է փրկել ինչպես շատերի, այնպես էլ քչերի միջոցով»:+
7 Զինակիրն էլ ասաց նրան. «Արա այն, ինչ ճիշտ ես համարում: Գնա, ուր ուզում ես: Ես քեզ հետ կգամ, ուր էլ որ գնաս»:
8 Այդ ժամանակ Հովնաթանն ասաց. «Մենք կանցնենք այնտեղ՝ նրանց մոտ, և այնպես կանենք, որ տեսնեն մեզ:
9 Եթե նրանք մեզ ասեն՝ «Կանգնե՛ք այդտեղ, մինչև որ գանք ձեզ մոտ», ապա կմնանք մեր տեղում և նրանց մոտ չենք բարձրանա:
10 Իսկ եթե ասեն՝ «Բարձրացե՛ք մեզ մոտ», կբարձրանանք, որովհետև դա նշան կլինի,+ որ Եհովան նրանց մեր ձեռքն է տալու»:
11 Երբ Հովնաթանն ու իր զինակիրը երևացին փղշտացիների կայազորին, փղշտացիներն ասացին. «Տեսե՛ք, եբրայեցիները դուրս են գալիս խորշերից, որտեղ թաքնվել էին»:+
12 Նրանք Հովնաթանին ու նրա զինակրին ասացին. «Հապա բարձրացե՛ք մեզ մոտ, և մենք ձեզ ցո՛ւյց կտանք»:+ Այդ ժամանակ Հովնաթանն ասաց իր զինակրին. «Արի իմ հետևից, որովհետև Եհովան նրանց մատնելու է Իսրայելի ձեռքը»:+
13 Հովնաթանը, իր ձեռքերի ու ոտքերի վրա հենվելով, մագլցեց ժայռը, զինակիրն էլ՝ իր հետևից: Փղշտացիների վրա հարձակվելով՝ Հովնաթանը սկսեց կոտորել նրանց, իսկ ողջ մնացածներին նրա հետևից զինակիրն էր սպանում:
14 Առաջին հարձակման ժամանակ Հովնաթանն ու իր զինակիրը մեկ քառորդ հեկտար տարածքի վրա* մոտավորապես 20 հոգու սպանեցին:
15 Բանակատեղիում գտնվողներն ու ողջ կայազորը վախով լցվեցին, նույնիսկ հարձակվող գնդերը+ սարսափահար եղան: Երկիրը սկսեց ցնցվել, և Աստված խուճապի մեջ գցեց բոլորին:
16 Սավուղի ժամապահները, որոնք Բենիամինի Գաբաայում էին,+ տեսան, որ թշնամու ողջ բանակատեղիում իրարանցում է սկսվել:+
17 Սավուղն ասաց իր մարդկանց. «Հաշվեք ու տեսեք, թե ով է բացակայում»: Եվ երբ հաշվեցին, պարզվեց, որ Հովնաթանն ու իր զինակիրը այնտեղ չեն:
18 Սավուղն ասաց Աքիային.+ «Բեր ճշմարիտ Աստծու տապանակը»: (Այդ ժամանակ* ճշմարիտ Աստծու տապանակը իսրայելացիների մոտ էր):
19 Մինչ Սավուղը քահանայի հետ խոսում էր, փղշտացիների բանակատեղիում սկսված իրարանցումը ավելի ու ավելի էր մեծանում: Սավուղն ասաց քահանային. «Դադարեցրո՛ւ»:*
20 Ապա Սավուղն ու իր բոլոր մարդիկ հավաքվեցին ու գնալով ռազմադաշտ՝ տեսան, որ փղշտացիները սրերով սպանում են իրար. մեծ խառնաշփոթ էր:
21 Այն եբրայեցիները, որոնք մինչ այդ փղշտացիների կողմն էին անցել և նրանց բանակատեղիում էին, միացան Սավուղի և Հովնաթանի հրամանատարության տակ եղող իսրայելացիներին:
22 Եփրեմի լեռնային շրջանում թաքնված+ իսրայելացիները, լսելով, որ փղշտացիները փախուստի են դիմել, նույնպես կռվի դուրս եկան ու սկսեցին նրանց հետապնդել:
23 Իսրայելացիները մինչև Բեթ-Ավեն+ և դրանից էլ այն կողմ հետապնդեցին փղշտացիներին՝ կոտորելով նրանց: Այդ օրը Եհովան փրկեց Իսրայելին:+
24 Իսրայելացիները ուժասպառ էին եղել այդ օրը, քանի որ Սավուղը նրանց երդվել էր տվել՝ ասելով. «Անիծյա՛լ լինի այն մարդը, որը մինչև երեկո՝ նախքան իմ թշնամիներից վրեժ լուծելս, որևէ բան* կուտի»: Ուստի ոչ ոք ոչինչ չէր կերել:+
25 Հետո բոլորը* մտան անտառ. գետնին մեղր կար:
26 Երբ նրանք անտառ մտան, տեսան, որ մեղրը ծորում է, բայց ոչ ոք այն իր բերանը չտարավ, քանի որ վախենում էր խախտել երդումը:
27 Սակայն Հովնաթանը չէր լսել, որ իր հայրը նրանց երդվել էր տվել,+ ուստի մեկնեց իր ձեռքի գավազանը և ծայրը թաթախեց մեղրախորսխի մեջ: Երբ այն կերավ, աչքերը պայծառացան:
28 Այդ ժամանակ մարդկանցից մեկը նրան ասաց. «Հայրդ զինվորներին երդվել է տվել՝ խստորեն ասելով. «Անիծյա՛լ լինի այն մարդը, որն այսօր որևէ բան կուտի»:+ Դրա համար նրանք ուժասպառ են եղել»:
29 Բայց Հովնաթանն ասաց. «Հայրս ծանր վիճակի մեջ է գցել մարդկանց: Տեսեք, թե ինչպես աչքերս պայծառացան, երբ մի փոքր կերա այդ մեղրից:
30 Որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե նրանք այսօր ուզածի չափ ուտեին+ թշնամուց վերցրած ավարից: Այդ դեպքում փղշտացիների կոտորածը ավելի մեծ կլիներ»:
31 Իսրայելացիներն այդ օրը փղշտացիներին կոտորել էին Մաքմասից մինչև Այելոն+ և սաստիկ ուժասպառ էին եղել:
32 Ուստի նրանք ագահորեն հարձակվեցին ավարի վրա, առան ոչխարները, խոշոր եղջերավոր անասուններն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու միսն արյունով կերան:+
33 Սավուղին հայտնեցին. «Մարդիկ մեղք են գործել Եհովայի դեմ, քանի որ միսն արյունով են կերել»:+ Նա ասաց զինվորներին. «Դուք անհավատարմորեն եք վարվել: Շտապ մի մեծ քար գլորեք ինձ մոտ»:
34 Ապա ավելացրեց. «Գնացեք ու մարդկանց ասեք. «Ձեզնից ամեն մեկը թող իր ցուլն ու ոչխարը բերի, մորթի այս քարի վրա և ուտի: Եհովայի դեմ մեղք մի՛ գործեք՝ միսն արյունով մի՛ կերեք»»:+ Ուստի այդ երեկո ամեն մեկն իր ցուլը բերեց ու մորթեց այդ քարի վրա:
35 Սավուղը զոհասեղան կառուցեց Եհովայի համար:+ Դա առաջին զոհասեղանն էր, որ նա կառուցեց Եհովայի համար:
36 Հետո Սավուղն ասաց. «Եկեք գիշերով հետապնդենք ու կողոպտենք փղշտացիներին մինչև լուսաբաց: Նրանցից ոչ մեկին ողջ չենք թողնի»: Զինվորները պատասխանեցին. «Ինչ որ ճիշտ ես համարում, այն էլ արա»: Իսկ քահանան ասաց. «Եկեք հենց այստեղ դիմենք ճշմարիտ Աստծուն»:+
37 Ուստի Սավուղը հարցրեց Աստծուն. «Հետապնդե՞մ փղշտացիներին:+ Նրանց կմատնե՞ս իսրայելացիների ձեռքը»: Բայց այդ օրը Աստված չպատասխանեց նրան:
38 Այդ ժամանակ Սավուղը կանչեց ժողովրդի բոլոր գլխավորներին ու ասաց. «Պարզեք, թե ինչ մեղք է այսօր գործվել:
39 Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով փրկեց Իսրայելին. նույնիսկ եթե պարզվի, որ իմ որդին՝ Հովնաթանն է մեղք գործել, նա պետք է մեռնի»: Սակայն ոչ ոք չպատասխանեց նրան:
40 Սավուղն էլ ասաց բոլոր իսրայելացիներին. «Դուք կանգնեք մի կողմում, իսկ ես ու իմ որդին՝ Հովնաթանը, կկանգնենք մյուս կողմում»: Նրանք ասացին Սավուղին. «Արա այն, ինչ ճիշտ ես համարում»:
41 Սավուղն ասաց Եհովային. «Ո՛վ Իսրայելի Աստված, պատասխանիր թումիմի*+ միջոցով»: Վիճակն* ընկավ Հովնաթանին ու Սավուղին, իսկ մյուսները անմեղ համարվեցին:
42 Սավուղն ասաց. «Վիճակ գցեք+ իմ և որդուս՝ Հովնաթանի միջև»: Վիճակն ընկավ Հովնաթանին:
43 Սավուղը Հովնաթանին հարցրեց. «Ասա ինձ, ի՞նչ ես արել»: Հովնաթանն էլ պատասխանեց. «Ընդամենը մի քիչ մեղր եմ կերել իմ ձեռքի գավազանի ծայրով:+ Բայց պատրաստ եմ մեռնելու»:
44 Սավուղն ասաց. «Թող Աստված խստորեն պատժի ինձ, եթե դու, Հովնաթա՛ն, չմեռնես»:+
45 Բայց զինվորներն ասացին Սավուղին. «Ինչպե՞ս թե Հովնաթանը մեռնի. չէ՞ որ նա է այս մեծ հաղթանակը* բերել Իսրայելին:+ Այդպիսի բան չի՛ կարող լինել: Երդվում ենք Եհովայի գոյությամբ. նրա գլխից մի մազ անգամ չպետք է պակասի, քանի որ այսօր նա Աստծու օգնությամբ գործեց»:+ Այդպես նրանք փրկեցին Հովնաթանին, և նա չմահացավ:
46 Սավուղը դադարեց հետապնդել փղշտացիներին, և նրանք գնացին իրենց երկիր:
47 Սավուղը ամրապնդեց իր թագավորական իշխանությունն Իսրայելում և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների՝ մովաբացիների,+ ամմոնացիների,+ եդոմացիների,+ Զոբայի թագավորների+ և փղշտացիների+ դեմ: Ուր էլ որ նա գնում էր, պարտության էր մատնում թշնամիներին:
48 Նա խիզախորեն կռվեց՝ ջախջախելով ամաղեկացիներին,+ և Իսրայելին ազատեց կողոպտիչների ձեռքից:
49 Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Եսվին և Մելքիսավեն:+ Նա նաև երկու դուստր ուներ: Ավագ դստեր անունը Մերոբ էր,+ իսկ կրտսերինը՝ Մեղքող:+
50 Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր. նա Աքիմաասի դուստրն էր: Սավուղի զորքի հրամանատարը Աբեներն էր,+ որը նրա հորեղբայրն էր. նա Ների որդին էր:
51 Սավուղի հայրը Կիսն էր:+ Աբեների հայրը Ներն էր՝+ Աբիելի որդին:
52 Սավուղի իշխանության ողջ ընթացքում փղշտացիների դեմ կատաղի մարտեր էին ընթանում:+ Երբ Սավուղը տեսնում էր որևէ ուժեղ կամ խիզախ մարդու, զինվորագրում էր նրան:+
Ծանոթագրություններ
^ Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
^ Բռց.՝ «մի լծվարի չափ դաշտում»: Այսինքն՝ այն տարածքում, որը զույգ ցլերը կարող են հերկել մեկ օրվա ընթացքում:
^ Բռց.՝ «Այդ օրը»:
^ Բռց.՝ «Ձեռքդ քաշի՛ր»: Հավանաբար, քահանան Աստծուց առաջնորդություն էր խնդրում:
^ Բռց.՝ «հաց»:
^ Բռց.՝ «ողջ երկիրը»:
^ Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
^ Բռց.՝ «փրկությունը»: