1 Սամուել 15։1-35

  • Սավուղը անհնազանդություն է դրսևորում՝ խնայելով Ագագին (1-9)

  • Սամուելը նախատում է Սավուղին (10-23)

    • «Հնազանդությունը, անշուշտ, զոհից լավ է» (22)

  • Սավուղը որպես թագավոր մերժվում է (24-29)

  • Սամուելը սպանում է Ագագին (30-35)

15  Դրանից հետո Սամուելն ասաց Սավուղին. «Եհովան ինձ ուղարկել էր, որ քեզ թագավոր օծեմ, և դու իշխես իր ժողովրդի՝ Իսրայելի վրա:+ Այժմ լսիր, թե Եհովան ինչ է ասում:+  Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես հաշիվ եմ պահանջելու ամաղեկացիներից այն բանի համար, որ կռվեցին իսրայելացիների դեմ, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից:+  Հիմա գնա՛, հարվածի՛ր ամաղեկացիներին,+ կործանի՛ր նրանց+ և իրենց ողջ ունեցվածքը: Չխնայե՛ս նրանց: Սպանի՛ր+ տղամարդկանց ու կանանց, երեխաներին ու կաթնակեր մանուկներին, ցլերին ու ոչխարներին, ուղտերին ու էշերին»»:+  Ուստի Սավուղը զորք հավաքեց և Տելայիմում հաշվեց այն. Հուդայի ցեղից 10 000 հետևակ կար, իսկ մյուս ցեղերից՝ 200 000:+  Սավուղը շարժվեց դեպի Ամաղեկի քաղաք և հասնելով այնտեղ՝ գետահովտի* մոտ դարան մտավ:  Հետո նա կենեցիներին+ ասաց. «Դո՛ւրս եկեք, առանձնացե՛ք ամաղեկացիներից, որ նրանց հետ ձեզ էլ չկործանեմ,+ քանի որ դուք բարությամբ* վարվեցիք իսրայելացիների հետ,+ երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից»: Եվ կենեցիները առանձնացան ամաղեկացիներից:  Դրանից հետո Սավուղը կոտորեց ամաղեկացիներին+ Եվիլայից+ մինչև Սուր,+ որը սահմանակից է Եգիպտոսին:  Նա Ամաղեկի Ագագ+ թագավորին ողջ բռնեց, իսկ մնացած բոլորին սրի քաշեց:+  Սավուղն ու իր մարդիկ խնայեցին Ագագին, ինչպես նաև ամենալավ և ճարպոտ մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, արու ոչխարներին և բոլոր լավ բաները:+ Նրանք չցանկացան դրանք վերացնել: Իսկ այն, ինչ անարժեք ու անպետք էր, ոչնչացրին: 10  Եհովան ասաց Սամուելին. 11  «Ես ափսոսում եմ,* որ Սավուղին թագավոր եմ դարձրել, քանի որ նա երես է թեքել ինձնից և չի կատարել իմ խոսքերը»:+ Սամուելը շատ վշտացավ և ամբողջ գիշեր Եհովային աղերսագին աղոթեց:+ 12  Վաղ առավոտյան նա վեր կացավ ու գնաց, որ հանդիպի Սավուղին: Նրան տեղեկացրին. «Սավուղը գնացել է Կարմեղոս+ և այնտեղ իր համար հուշարձան է կանգնեցրել,+ այնուհետև իջել է Գաղգաղա»: 13  Երբ Սամուելն ի վերջո եկավ Սավուղի մոտ, Սավուղն ասաց նրան. «Թող Եհովան օրհնի քեզ: Ես կատարեցի Եհովայի խոսքը»: 14  Բայց Սամուելը հարցրեց. «Այդ դեպքում այս ի՞նչ ոչխարների ու ցլերի բառաչ է հասնում ականջներիս»:+ 15  Սավուղն էլ պատասխանեց. «Դրանք ամաղեկացիներից են վերցվել. իմ մարդիկ խնայեցին մանր ու խոշոր եղջերավոր անասուններից ամենալավերին՝ քո Աստված Եհովային զոհ մատուցելու համար: Իսկ մնացածը ոչնչացրինք»: 16  Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Բավակա՛ն է: Այժմ լսի՛ր, թե Եհովան ինչ հայտնեց ինձ անցած գիշեր»:+ Նա էլ ասաց. «Խոսիր»: 17  Սամուելն ասաց. «Մի՞թե քեզ աննշան մարդ չէիր համարում,+ երբ Իսրայելի ցեղերի գլուխը դարձար, ու երբ Եհովան քեզ Իսրայելի թագավոր օծեց:+ 18  Բայց հետո, երբ Եհովան քեզ հանձնարարություն տվեց՝ ասելով՝ «Գնա՛ և ոչնչացրո՛ւ այդ մեղսագործ ամաղեկացիներին,+ կռվի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջինջ անես նրանց»,+ 19  ինչո՞ւ չհնազանդվեցիր Եհովային, այլ ագահորեն հարձակվեցիր ավարի վրա+ և արեցիր այն, ինչը չար է Եհովայի աչքին»: 20  Սակայն Սավուղը պատասխանեց Սամուելին. «Բայց ես հնազանդվեցի Եհովային և կատարեցի Եհովայի տված հանձնարարությունը՝ ոչնչացրի ամաղեկացիներին. ես Ամաղեկի թագավոր Ագագին գերի եմ վերցրել:+ 21  Սակայն իմ մարդիկ ավարից ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ վերցրին՝ կործանման ենթակա անասուններից ամենաընտիրներին, որ Գաղգաղայում քո Աստված Եհովային զոհաբերեն»:+ 22  Սամուելն էլ պատասխանեց. «Մի՞թե Եհովային ողջակեզներն ու զոհերը ավելի հաճելի են, քան Եհովային հնազանդվելը:+ Հնազանդությունը, անշուշտ, զոհից լավ է,+ և ականջ դնելը՝ ոչխարների ճարպից:+ 23  Չէ՞ որ ըմբոստանալը+ նույնն է, ինչ գուշակություն անելը,+ որը մեղք է, և հանդգնությամբ վարվելը նույնն է, ինչ մոգությամբ զբաղվելը և կուռքեր պաշտելը:* Քանի որ դու մերժել ես Եհովայի խոսքը,+ նա էլ քեզ է մերժել որպես թագավորի»:+ 24  Այդ ժամանակ Սավուղն ասաց Սամուելին. «Ես մեղք եմ գործել՝ անտեսել եմ Եհովայի պատվերն ու քո խոսքերը: Ես դա արեցի, քանի որ վախեցա մարդկանցից ու լսեցի նրանց: 25  Եվ հիմա խնդրում եմ, ներիր իմ մեղքը և վերադարձիր ինձ հետ, որպեսզի ես խոնարհվեմ Եհովայի առաջ»:+ 26  Բայց Սամուելը պատասխանեց. «Ես չեմ վերադառնա քեզ հետ, քանի որ դու մերժել ես Եհովայի խոսքը, ու Եհովան էլ քեզ է մերժել որպես Իսրայելի թագավորի»:+ 27  Երբ Սամուելը շրջվեց, որ գնա, Սավուղը բռնեց նրա անթև վերնահագուստի փեշից, բայց այն պատռվեց: 28  Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Այսօր Եհովան քեզնից վերցրեց* Իսրայելի վրա քո ունեցած թագավորական իշխանությունը և այն տալու է մեկին, ով քեզնից լավն է:+ 29  Իսրայելի Գերազանցությունը+ սուտ դուրս չի գա+ և չի մտափոխվի,* քանի որ Նա մարդ չէ, որ մտափոխ լինի»:*+ 30  Սավուղն ասաց. «Ես մեղք եմ գործել: Բայց, խնդրում եմ, պատվիր ինձ իմ ժողովրդի երեցների և Իսրայելի առաջ: Վերադարձիր ինձ հետ, որ ես խոնարհվեմ քո Աստված Եհովայի առաջ»:+ 31  Ուստի Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը խոնարհվեց Եհովայի առաջ: 32  Հետո Սամուելն ասաց. «Ամաղեկի թագավոր Ագագին ինձ մո՛տ բերեք»: Ագագը դժկամությամբ* գնաց նրա մոտ, սակայն մտածեց. «Մահվան սպառնալիք* հաստատ այլևս չկա»: 33  Բայց Սամուելն ասաց. «Քո սուրը շատ կանանց անզավակ է թողել, հիմա էլ քո մայրը անզավակ կլինի»: Այդ խոսքերն ասելով՝ նա Ագագին կտոր-կտոր արեց Գաղգաղայում՝ Եհովայի առաջ:+ 34  Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա: 35  Սամուելն իր կենդանության օրոք* այլևս չտեսավ Սավուղին, քանի որ սուգ էր անում նրա համար:+ Եհովան ափսոսաց, որ Սավուղին Իսրայելի թագավոր է դարձրել:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ցավ եմ ապրում»:
Բռց.՝ «թերափները»: Այսինքն՝ ընտանեկան աստվածները, կուռքերը:
Բռց.՝ «պատռեց»:
Կամ՝ «չի ափսոսա»:
Կամ՝ «ափսոսա»:
Կամ հնարավոր է՝ «վստահությամբ»:
Բռց.՝ «դառնություն»:
Բռց.՝ «մինչև իր մահվան օրը»: