1 Սամուել 16։1-23

  • Սամուելը Դավթին թագավոր է օծում (1-13)

    • «Ես՝ Եհովաս, սիրտն եմ տեսնում» (7)

  • Աստծու ոգին հեռանում է Սավուղից (14-17)

  • Դավիթը դառնում է Սավուղի քնարահարը (18-23)

16  Որոշ ժամանակ անց Եհովան ասաց Սամուելին. «Մինչև ե՞րբ ես սուգ անելու Սավուղի համար.+ չէ՞ որ ես մերժել եմ նրան որպես Իսրայելի թագավորի:+ Եղջյուրդ յուղով լցրու և գնա:+ Ես քեզ բեթլեհեմցի Հեսսեի+ մոտ եմ ուղարկում, որովհետև նրա որդիներից մեկին թագավոր եմ ընտրել»:+  Բայց Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ: Եթե Սավուղը լսի այդ մասին, ինձ կսպանի»:+ Եհովան պատասխանեց. «Քեզ հետ մի երինջ* վերցրու և ասա. «Եկել եմ, որ Եհովային զոհ մատուցեմ»:  Հեսսեին հրավիրիր զոհաբերությանը, և ես քեզ կասեմ՝ ինչ անես: Ում որ ցույց տամ, նրան կօծես ինձ համար»:+  Սամուելն արեց այն, ինչ Եհովան ասաց: Երբ նա եկավ Բեթլեհեմ,+ քաղաքի երեցները, վախից դողալով, դիմավորեցին նրան: «Խաղաղությա՞մբ ես եկել»,– հարցրին նրանք:  Նա պատասխանեց. «Խաղաղությամբ: Եհովային զոհ մատուցելու համար եմ եկել: Մաքրագործվեք* և եկեք ինձ հետ զոհաբերության»: Այնուհետև Սամուելը մաքրագործեց Հեսսեին ու նրա որդիներին և նրանց հրավիրեց զոհաբերությանը:  Երբ նրանք եկան, նա, Եղիաբին+ տեսնելով, մտածեց. «Անկասկած, սա է Եհովայի օծյալը»:  Բայց Եհովան ասաց Սամուելին. «Նրա տեսքին և բարձր հասակին մի՛ նայիր,+ որովհետև ես նրա՛ն չեմ ընտրել: Աստված մարդու պես չի նայում. մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ ես՝ Եհովաս, սիրտն եմ տեսնում»:+  Ապա Հեսսեն կանչեց Աբինադաբին+ և նրան ներկայացրեց Սամուելին, բայց Սամուելն ասաց. «Եհովան նրան էլ չի ընտրել»:  Հաջորդը Սամմային+ ներկայացրեց, բայց Սամուելն ասաց. «Ոչ էլ այս մեկին է Եհովան ընտրել»: 10  Այսպիսով՝ Հեսսեն իր որդիներից յոթին ներկայացրեց Սամուելին: Սակայն Սամուելը Հեսսեին ասաց. «Եհովան նրանցից ոչ մեկին չի ընտրել»: 11  Այդ ժամանակ Սամուելը հարցրեց Հեսսեին. «Այսքա՞նն են որդիներդ»: Հեսսեն էլ պատասխանեց. «Ամենակրտսերն+ է մնացել, բայց նա ոչխարներին է արածեցնում»:+ Սամուելն ասաց Հեսսեին. «Նրա հետևից մարդ ուղարկիր, որովհետև մինչև նա չգա, սեղան չենք նստի»: 12  Հեսսեն էլ մարդ ուղարկեց ու նրան բերել տվեց: Նա կարմրաթուշ պատանի էր՝ գեղեցիկ աչքերով ու վայելչակազմ:+ Եհովան ասաց Սամուելին. «Վեր կաց օծիր տղային, որովհետև նա է ընտրյալը»:+ 13  Սամուելը վերցրեց յուղով լի եղջյուրը+ և նրա եղբայրների ներկայությամբ օծեց նրան: Այդ օրվանից Եհովայի ոգին սկսեց ներգործել Դավթի վրա:+ Հետո Սամուելը գնաց Ռամա:+ 14  Եհովայի ոգին հեռացել էր Սավուղից,+ և Եհովայից մի վատ ոգի* ահաբեկում էր նրան:*+ 15  Ուստի Սավուղի ծառաները նրան ասացին. «Դու տեսնում ես, որ Աստծուց մի վատ ոգի ահաբեկում է քեզ: 16  Խնդրում ենք, թող մեր տերը պատվիրի իր ծառաներին, որ հմուտ քնարահար փնտրեն:+ Եվ երբ Աստծուց վատ ոգի գա քեզ վրա, նա կնվագի, և դու լավ կզգաս»: 17  Սավուղն էլ իր ծառաներին ասաց. «Լավ նվագող մի մարդ գտեք ինձ համար և ինձ մոտ բերեք»: 18  Այդ ժամանակ սպասավորներից մեկն ասաց. «Ես տեսել եմ, որ բեթլեհեմցի Հեսսեի որդիներից մեկը հմտորեն նվագում է: Նա խիզախ և ուժեղ ռազմիկ է՝+ ճարտասան, գեղեցկատես,+ ու Եհովան նրա հետ է»:+ 19  Ուստի Սավուղը պատգամաբերներ ուղարկեց Հեսսեի մոտ, որ ասեն. «Ինձ մոտ ուղարկիր քո որդուն՝ Դավթին, որը հովիվ է»:+ 20  Հեսսեն իր որդուն՝ Դավթին, Սավուղի մոտ ուղարկեց՝ էշի վրա դնելով հաց, մի տիկ գինի և ուլ, որ դրանք տա Սավուղին: 21  Այսպիսով՝ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու սկսեց ծառայել նրան:+ Սավուղը շատ սիրեց Դավթին, և նա դարձավ նրա զինակիրը: 22  Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ, որ ասի. «Խնդրում եմ, թող Դավիթն ինձ մոտ մնա և ծառայի ինձ, քանի որ հավանել եմ նրան»: 23  Ամեն անգամ, երբ Աստծուց վատ ոգի էր գալիս Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարը և նվագում: Սավուղը հանգստանում էր ու իրեն լավ էր զգում. վատ ոգին հեռանում էր նրանից:+

Ծանոթագրություններ

Խոսքը դեռ չծնած կովի մասին է:
Բռց.՝ «Սրբագործվեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Խոսքը վատ մտավիճակի մասին է:
Այսինքն՝ Եհովան թույլ էր տվել, որ վատ մտքերը տանջեն Սավուղին: