1 Սամուել 22։1-23

  • Դավիթը փախչում է Ոդողոմի քարայր և Մասփա (1-5)

  • Սավուղը սպանել է տալիս Նոբի քահանաներին (6-19)

  • Աբիաթարը փախչում է (20-23)

22  Դավիթը հեռացավ այնտեղից+ ու փախավ Ոդողոմի քարայրը:+ Երբ նրա եղբայրներն ու հոր ամբողջ տունը լսեցին այդ մասին, գնացին նրա մոտ:  Բոլոր նրանք, ովքեր նեղություններ էին կրում, ովքեր պարտքեր ունեին, և ովքեր դառնացած էին, հավաքվեցին Դավթի մոտ, և նա նրանց առաջնորդը դարձավ: Մոտ 400 մարդ հավաքվեց:  Այնտեղից Դավիթը գնաց Մասփա, որը Մովաբում է, և Մովաբի+ թագավորին ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր, որ հայրս ու մայրս ձեզ մոտ մնան, մինչև իմանամ, թե Աստված ինչ է որոշել ինձ համար»:  Ապա նրանց Մովաբի թագավորի մոտ թողեց, և նրանք թագավորի մոտ մնացին այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը թաքնված էր ապաստարանում:+  Որոշ ժամանակ անց Գադ+ մարգարեն ասաց Դավթին. «Մի՛ մնա ապաստարանում: Գնա՛ Հուդայի երկիր»:+ Եվ Դավիթը հեռացավ այդտեղից ու գնաց Հարեթի անտառ:  Սավուղն իմացավ, թե Դավիթն ու նրա մարդիկ որտեղ են: Այդ ժամանակ նա, նիզակը ձեռքին, նստած էր Գաբաայում՝+ կարմրանի* տակ՝ բարձր տեղում, իսկ նրա բոլոր ծառաները կանգնած էին իր շուրջը:  Սավուղն ասաց իր ծառաներին. «Լսե՛ք, ո՛վ Բենիամինյաններ: Ի՞նչ է, կարծում եք՝ Հեսսեի որդին+ է՞լ է բոլորիդ արտեր ու խաղողի այգիներ տալու կամ հազարապետներ ու հարյուրապետներ նշանակելու:+  Բոլորդ դավադիրներ եք: Ձեզնից ոչ ոք տեղյակ չպահեց ինձ, որ իմ որդին ուխտ է կապել Հեսսեի որդու հետ:+ Ոչ մեկդ ցավակից չէ ինձ ու չի ասում, որ իմ իսկ որդին ծառայիս հրահրել է դավ նյութել իմ դեմ, ինչը որ հիմա ակնհայտ է»:  Այդ ժամանակ եդոմացի Դովեկը,+ որն այնտեղ կանգնած ծառաների գլխավորն էր, ասաց.+ «Ես տեսա Հեսսեի որդուն Նոբում. նա եկել էր Աքիտոբի որդու՝ Աքիմելեքի մոտ:+ 10  Աքիմելեքն էլ Եհովայից առաջնորդություն խնդրեց նրա համար, նաև մթերք և նույնիսկ փղշտացի Գողիաթի սուրը տվեց նրան»:+ 11  Թագավորն իսկույն կանչել տվեց Աքիմելեք քահանային՝ Աքիտոբի որդուն, ու նրա հոր տան բոլոր քահանաներին, որոնք Նոբում էին: Եվ բոլորը եկան թագավորի մոտ: 12  Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»: Նա էլ պատասխանեց. «Այո՛, տե՛ր իմ»: 13  Սավուղը հարցրեց. «Դու և Հեսսեի որդին ինչո՞ւ եք դավ նյութել իմ դեմ: Դու նրան հաց ու սուր ես տվել, նրա համար առաջնորդություն ես խնդրել Աստծուց, այնինչ նա իմ դեմ է դուրս եկել և դավադրություն է ծրագրել, ինչը որ հիմա ակնհայտ է»: 14  Աքիմելեքն էլ պատասխանեց թագավորին. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա, որ Դավթի նման վստահարժան* է:+ Նա թագավորի փեսան է,+ թիկնապահներիդ պետը և քո տան մեջ պատիվ ունի:+ 15  Մի՞թե դա առաջին անգամն էր, որ նրա համար առաջնորդություն խնդրեցի Աստծուց:+ Անհնա՛ր է, որ ես քո դեմ դավ նյութեմ: Թող թագավորը իր ծառային և իմ հոր ամբողջ ընտանիքին չմեղադրի, քանի որ քո ծառան այս ամենի մասին ոչինչ չի իմացել»:+ 16  Բայց թագավորն ասաց. «Աքիմելե՛ք, դու պետք է մեռնես,+ դու և քո հոր ամբողջ տունը»:+ 17  Եվ իր շուրջը կանգնած թիկնապահներին* կարգադրեց. «Սպանե՛ք Եհովայի քահանաներին, որովհետև նրանք Դավթի կողմն են անցել: Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չտեղեկացրին»: Սակայն թագավորի մարդիկ չուզեցին ձեռք բարձրացնել Եհովայի քահանաների վրա ու սպանել նրանց: 18  Այդ ժամանակ թագավորն ասաց Դովեկին.+ «Դո՛ւ սպանիր քահանաներին»: Եդոմացի+ Դովեկը անմիջապես հարձակվեց նրանց վրա և այդ օրը կտավե եփուդ* կրող 85 քահանա սպանեց:+ 19  Նա նաև հարձակվեց քահանաների Նոբ+ քաղաքի վրա և սրի քաշեց բնակիչներին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, ինչպես նաև ցուլ, ավանակ ու ոչխար: 20  Սակայն Աքիտոբի որդու՝ Աքիմելեքի որդիներից մեկը, որի անունը Աբիաթար+ էր, փախավ ու գնաց միացավ Դավթին: 21  Աբիաթարն ասաց նրան. «Սավուղը սպանել է Եհովայի քահանաներին»: 22  Դավիթն էլ ասաց Աբիաթարին. «Այն օրը, երբ եդոմացի Դովեկին տեսա այնտեղ,+ հասկացա, որ նա անպայման կհայտնի Սավուղին: Ես եմ պատասխանատու քո հոր տան յուրաքանչյուր մարդու* մահվան համար: 23  Մնա ինձ մոտ: Մի՛ վախեցիր, որովհետև նա, ով ուզում է խլել քո կյանքը, ի՛մ կյանքն է ուզում խլել: Դու իմ պաշտպանության տակ ես»:+

Ծանոթագրություններ

Ծառի տեսակ:
Կամ՝ «հավատարիմ»:
Բռց.՝ «վազողներին»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Կամ՝ «հոգու»: