1 Սամուել 3։1-21

  • Սամուելը մարգարե է ընտրվում (1-21)

3  Այդ ընթացքում փոքրիկ Սամուելը Հեղի քահանայի մոտ ծառայում էր Եհովային:+ Այդ օրերին հազվադեպ էր լինում, որ Եհովան իր խոսքը հայտներ ժողովրդին, տեսիլքներ+ էլ գրեթե չէին լինում:  Մի օր Հեղին պառկած էր իր սենյակում: Նրա աչքերը տկարացել էին, և նա լավ չէր տեսնում:+  Աստծու ճրագակալի+ կրակը դեռ չէր հանգել: Սամուելը պառկած էր Եհովայի տաճարում,*+ որտեղ Աստծու տապանակն էր:  Եհովան ձայն տվեց նրան: Սամուելն էլ պատասխանեց. «Լսում եմ, տե՛ր իմ»:  Նա վազեց Հեղիի մոտ ու ասաց. «Կանչե՞լ ես ինձ, տե՛ր իմ. այստեղ եմ»: Բայց Հեղին ասաց. «Չեմ կանչել, գնա պառկիր»: Սամուելն էլ գնաց ու պառկեց:  Եհովան նորից ձայն տվեց. «Սամուե՛լ»: Տղան վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու հարցրեց. «Կանչե՞լ ես ինձ, տե՛ր իմ. այստեղ եմ»: Բայց նա ասաց. «Չեմ կանչել, որդի՛ս, գնա պառկիր»:  (Սամուելը դեռևս լավ չէր ճանաչում Եհովային, ու Եհովան իր խոսքը դեռ չէր հայտնել նրան):+  Եհովան երրորդ անգամ ձայն տվեց. «Սամուե՛լ»: Նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Այստեղ եմ, տե՛ր իմ. կանչե՞լ ես ինձ»: Այդ ժամանակ Հեղին հասկացավ, որ Եհովան է ձայն տալիս տղային:  Ուստի Սամուելին ասաց. «Գնա պառկիր, և եթե նա նորից ձայն տա քեզ, կասես. «Քո ծառան լսում է, Եհո՛վա. խոսիր»»: Սամուելը գնաց ու պառկեց: 10  Եհովան նախորդ անգամների պես ձայն տվեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»: Տղան պատասխանեց. «Քո ծառան լսում է, խոսիր»: 11  Եհովան ասաց Սամուելին. «Ահա ես Իսրայելում այնպիսի բան եմ անելու, որ ով լսի, կցնցվի:*+ 12  Այդ օրը կկատարեմ Հեղիի և նրա ընտանիքի* մասին իմ ասած բոլոր խոսքերը՝ սկզբից մինչև վերջ:+ 13  Ասա նրան, որ ես ընդմիշտ պատժելու եմ նրա տունը այս հանցանքի համար. նա գիտի,+ որ իր որդիները անարգում են* Աստծուն,+ բայց չի սաստում նրանց:+ 14  Այդ պատճառով ես երդվել եմ Հեղիի ընտանիքին, որ ո՛չ զոհերը և ո՛չ էլ ընծաները նրա տան հանցանքը երբեք չեն քավի»:+ 15  Սամուելը մինչև առավոտ քնեց, իսկ հետո վեր կացավ ու բացեց Եհովայի տան դռները: Նա վախեցավ տեսիլքի մասին պատմել Հեղիին: 16  Բայց Հեղին կանչեց Սամուելին. «Սամուե՛լ, որդի՛ս»: «Այո՛, տե՛ր իմ»,– պատասխանեց նա: 17  Հեղին հարցրեց. «Նա ի՞նչ ասաց քեզ: Խնդրում եմ, մի՛ թաքցրու ինձնից: Թող Աստված խստորեն պատժի քեզ,* եթե նրա ասած խոսքերից մի բառ անգամ թաքցնես ինձնից»: 18  Ուստի Սամուելը ամեն ինչ պատմեց նրան, ոչինչ չթաքցրեց: Հեղին ասաց. «Դա Եհովայի կամքն է: Թող նա անի այն, ինչ ճիշտ է համարում»: 19  Սամուելը մեծանում էր, և Եհովան նրա հետ էր.+ նա թույլ չէր տալիս, որ նրա* ասած խոսքերից մեկն անգամ գետին ընկնի: 20  Ողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, իմացավ, որ Եհովան Սամուելին ընտրել է որպես իր մարգարե: 21  Եհովան շարունակեց տեսիլքների միջոցով հայտնվել Սելովում: Այնտեղ Եհովան իրեն ճանաչեցրեց Սամուելին՝ հայտնելով իր՝ Եհովայի խոսքը:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ խորանում:
Բռց.՝ «նրա ականջները կզնգան»:
Բռց.՝ «տան»:
Բռց.՝ «անիծում են»:
Բռց.՝ «Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի քեզ»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:
Կամ՝ «իր»: