1 Սամուել 30։1-31

  • Ամաղեկացիներն արշավում են Սիկելակի վրա և հրի մատնում այն (1-6)

    • Դավիթը զորանում է Աստծու շնորհիվ (6)

  • Դավիթը հաղթում է ամաղեկացիներին (7-31)

    • Դավիթը վերադարձնում է գերեվարվածներին (18, 19)

    • Ավարի վերաբերյալ Դավթի սահմանած կարգը (23, 24)

30  Երրորդ օրը Դավիթն իր մարդկանց հետ եկավ Սիկելակ:+ Ամաղեկացիները+ մինչ այդ արշավել էին հարավային կողմի* և Սիկելակի վրա: Նրանք հարձակվել էին Սիկելակի վրա, հրի էին մատնել այն  և գերի տարել կանանց+ ու մյուս բոլորին՝ փոքրից մինչև մեծ: Նրանք ոչ մեկին չէին սպանել, այլ բոլորին վերցրել ու գնացել էին:  Երբ Դավիթն ու իր մարդիկ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզված է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերեվարված են:  Դավիթն ու իր մարդիկ սկսեցին բարձրաձայն լաց լինել: Նրանք այնքան լացեցին, մինչև որ էլ լացելու ուժ չունեցան:  Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և Աբիգեան՝ կարմեղոսցի Նաբաղի այրին, նույնպես գերի էին տարվել:+  Դավիթը ծանր դրության մեջ էր. նրա մարդիկ ուզում էին քարկոծել նրան, որովհետև բոլորը խիստ դառնացած էին, որ իրենց տղաներին ու աղջիկներին գերի էին տարել: Բայց նա իր Աստված Եհովայի շնորհիվ զորացավ:+  Դավիթն Աբիաթար+ քահանային՝ Աքիմելեքի որդուն, ասաց. «Եփուդն* այստեղ բեր, խնդրում եմ»:+ Եվ Աբիաթարը եփուդը նրա մոտ տարավ:  Դավիթը հարցրեց Եհովային.+ «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին:* Կհասնե՞մ նրանց»: Աստված պատասխանեց. «Հետապնդիր. դու անպայման կհասնես նրանց և հետ կբերես գերիներին ու գողացվածը»:+  Դավիթն իր 600 մարդկանց+ հետ իսկույն ճանապարհ ընկավ: Երբ նրանք հասան Բեսոր հեղեղատ,* մարդկանց մի մասը այնտեղ մնաց: 10  Դավիթը 400 մարդկանց հետ շարունակեց հետապնդումը, իսկ 200-ը մնացին այնտեղ, որովհետև այնքան էին հոգնել, որ չէին կարող անցնել Բեսոր հեղեղատը:+ 11  Նրանք դաշտում մի եգիպտացու հանդիպեցին, տարան Դավթի մոտ, ուտելիք ու ջուր տվեցին, 12  ինչպես նաև չորացրած թզի բլիթի* մի կտոր և չամիչի երկու բլիթ: Նա կերավ, և նրա ուժը վերականգնվեց,* որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ էլ ջուր էր խմել: 13  Դավիթը հարցրեց նրան. «Դու ո՞ւմ ծառան ես և որտեղի՞ց ես»: Նա էլ պատասխանեց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա, բայց երեք օր առաջ հիվանդացա, և տերս թողեց ինձ ու հեռացավ: 14  Մենք արշավեցինք քերեթցիների+ երկրի հարավ,* Հուդայի տարածք և Քաղեբի+ հարավ,* իսկ Սիկելակը հրի մատնեցինք»: 15  Դավիթը հարցրեց նրան. «Ինձ կտանե՞ս այդ հրոսակախմբի մոտ»: Նա պատասխանեց. «Եթե Աստծով երդվես, որ ինձ չես սպանի ու իմ տիրոջ ձեռքը չես հանձնի, ես կտանեմ քեզ այդ հրոսակախմբի մոտ»: 16  Եվ նա Դավթին տարավ այդ մարդկանց մոտ: Նրանք ցրված էին ողջ տարածքով մեկ. ուտում-խմում և ուրախանում էին այն առիթով, որ փղշտացիների երկրից ու Հուդայի երկրից մեծ ավար էին վերցրել: 17  Դավիթը լուսաբացից մինչև երեկո* կռվեց ամաղեկացիների դեմ և կոտորեց նրանց. ոչ ոք չփրկվեց՝+ բացի 400 հոգուց, որոնք նստեցին ուղտերի վրա ու փախան: 18  Դավիթը հետ բերեց բոլորին և այն ամենը, ինչ ամաղեկացիները տարել էին:+ Նա ազատեց նաև իր երկու կանանց: 19  Ոչինչ և ոչ ոք չէր կորել՝ ո՛չ փոքր, ո՛չ մեծ: Դավիթն ու իր մարդիկ հետ բերեցին տղաներին ու աղջիկներին, ինչպես նաև ունեցվածքը:+ Դավիթը վերադարձրեց ամեն բան, որ ամաղեկացիները տարել էին: 20  Նա նաև վերցրեց ամաղեկացիների բոլոր մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, և իր մարդիկ դրանք քշելով տարան նրանցից հետ վերցրած անասունների առջևից՝ ասելով. «Սա Դավթի ավարն է»: 21  Այնուհետև Դավիթը եկավ այն 200 մարդկանց մոտ, որոնք խիստ հոգնածության պատճառով չէին կարողացել գնալ իր հետ և մնացել էին Բեսոր հեղեղատի+ մոտ: Նրանք Դավթին ու մյուսներին ընդառաջ գնացին: Դավիթը մոտեցավ իր այդ մարդկանց և նրանց որպիսությունը հարցրեց: 22  Սակայն որոշ վատ ու անպետք մարդիկ, որ գնացել էին Դավթի հետ, ասացին. «Քանի որ նրանք մեզ հետ չեկան, մենք նրանց ոչինչ չենք տա մեր փրկած ունեցվածքից: Թող վերցնեն միայն իրենց կանանց ու երեխաներին և գնան»: 23  Բայց Դավիթն ասաց. «Եղբայրնե՛րս, այդպես մի՛ վարվեք, քանի որ Եհովան է մեզ տվել այս ամենը: Նա է պաշտպանել մեզ և մեր ձեռքը մատնել մեզ վրա հարձակված հրոսակախմբին:+ 24  Ինչպե՞ս կարելի է համաձայնվել ձեզ հետ: Բեռների մոտ նստածները նույն չափով բաժին կստանան, ինչ պատերազմի գնացածները:+ Բոլորի բաժինը հավասար կլինի»:+ 25  Այդ օրը Դավիթը սա որպես կարգ և կանոն սահմանեց Իսրայելի համար, և այն մինչ օրս ուժի մեջ է: 26  Երբ Դավիթը վերադարձավ Սիկելակ, ավարի մի մասն ուղարկեց Հուդայի երեցներին՝ իր ընկերներին՝ ասելով. «Սա նվեր* է ձեզ համար՝ Եհովայի թշնամիներից վերցված ավարից»: 27  Նա նվեր ուղարկեց նրանց, ովքեր Բեթելում էին,+ Ռամոթում, որը Նեգևում* է, Հաթիրում,+ 28  Արոերում, Սեփամոթում, Եսթեմովում,+ 29  Ռաքալում, հերամելցիների+ ու կենեցիների+ քաղաքներում, 30  Հորմայում,+ Բորասանում, Աթաքում, 31  Քեբրոնում+ և բոլոր այն վայրերում, որտեղ ինքն ու իր մարդիկ հաճախ էին եղել:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նեգևի»: Այսինքն՝ Հուդայի հարավային կողմի:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այս համարում խոսքը, ամենայն հավանականությամբ, իրար սեղմած և բլիթի տեսք տված չրերի մասին է:
Բռց.՝ «նրա ոգին վերադարձավ իր մոտ»:
Կամ՝ «Նեգև»:
Կամ՝ «Նեգև»:
Բռց.՝ «հաջորդ երեկո»: Ըստ հին հրեական օրացույցի՝ օրը սկսվում էր մայրամուտից հետո:
Բռց.՝ «օրհնություն»:
Կամ՝ «հարավում»: